Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից, վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից, վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստն՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ նախարարն այս մասին ասել է՝ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին:

Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայնության։

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։

Խորհրդարանականների հարցերին պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծել, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։

Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։

Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստիացնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում