Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հաագայի դատարանի որոշումը միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորությունները. Էդմոն Մարուքյան

Հաագայի դատարանի որոշումը միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ 
ճանաչեց եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորությունները. Էդմոն 
Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը նշել է, որ Հաագայի դատարանն այդ որոշմամբ ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։

«Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել են և պետք է շարունակեն գործել հետևյալ կառուցակարգերը՝

  1. Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն.

Այս մասով՝ Ադրբեջանն անդադար փորձում է հերքել ԼՂ միավորի գոյությունը, իսկ Ադրբեջանի նախագահը միջազգային բոլոր գործընկերներից պահանջում և խնդրում է, որ այլևս չօգտագործեն "Լեռնային Ղարաբաղ" ձևակերպումը։

  1. Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը.

Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանը բազմաթիվ փորձեր է արել այդ իրողությունը վերացնելու ուղղությամբ։

  1. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ.

Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանի նախաձեռնած բազմաթիվ սադրանքներ ուղղակի հարված են հասցրել ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությանը։

  1. Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև Լաչինի միջանցքով գործող անխափան կապի՝ Ադրբեջանի երաշխավորությամբ և ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողությամբ ապահովման պարտավորությունը.

Այս մասով, արդեն շուրջ երկու ամիս Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կրկին փորձելով քանդել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված՝ Լաչինի միջանցքի ճարտարապետությունը։

  1. Ռազմագերիների, պատանդների և անազատության մեջ պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում․

Հայկական կողմն այս մասով իր պարտավորությունները պատշաճ կատարել է, իսկ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձանց պահել գերության մեջ։

  1. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում.

30-ամյա շրջափակումը վերացնելուն միտված՝ Հայաստանի բոլոր ընդառաջ քայլերը մինչ օրս պատշաճ արձագանքի չեն արժանացել, և Հայաստանն այժմ էլ շարունակում է մնալ անօրինական շրջափակման մեջ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարուքյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am