Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». Քրիստին՝ առաջատար. թարգմանական. հունվար, 2023

«Երևանյան բեսթսելեր». Քրիստին՝ առաջատար. թարգմանական. հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունվարի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը երկրորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Երրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Միջագետքում» վեպը չորրորդ տեղում է։ «Սպանություն Միջագետքում» վեպը Ագաթա Քրիստիի՝ դետեկտիվ ժանրի հերթական գլուխգործոցն է: Առաջին անգամ հրատարակվել է 1936թ. Մեծ Բրիտանիայում, նույն տարում՝ ավելի ուշ, Միացյալ Նահանգներում: Վեպն Ագաթա Քրիստին նվիրել է Իրաքի և Սիրիայի իր հնագետ ընկերներին: Իրադարձությունները պտտվում են Իրաքում հնագետների արշավախմբի ղեկավարի կնոջ՝ Լուիզ Լեյդների շուրջը: Վերջինս ժամանակ առ ժամանակ մահվան սպառնալիքներով լի անանուն նամակներ է ստանում: Ի վերջո, ամուսինը գտնում է նրան իր սենյակում՝ սպանված: Հերթական անգամ սպանության առեղծվածի հանգուցալուծումը հանձն է առնում բոլորին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն, որ տարօրինակ պատահականությամբ հայտնվում է Իրաքում: Առաջին սպանությանը, սակայն, հաջորդում է երկրորդը՝ մարդասպանի մասին կարևոր տեղեկություններ հայթայթած վկայի սպանությունը: Եվ Էրքյուլ Պուարոն, գործի դնելով իր փոքրիկ գորշ բջիջները, առանց որևէ փաստի առկայության կարողանում է բացահայտել սպանության առեղծվածը՝ ապավինելով իր հարուստ փորձին ու մարդկային հոգեբանության մասին գիտելիքներին: Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։

Հինգերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր»-ը։ Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։ Թարգմանությունը՝ Արփինե Վարդանյանի։

Ագաթա Քրիստիի «Կապույտ գնացքի առեղծվածը» վեցերորդ տեղում է։ Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Թարգմանությունը՝       Գոհար Մադոյանի։

Յոթերորդ տեղում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ութերորդ տեղում է։ Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է: Վեպն առաջին անգամ հրատարկվել է 1938 թ. Մեծ Բրիտանիայում: Իսկ հետագայում ԱՄՆ-ում հրատարակվել է նաև «Սուրբ Ծննդի մարդասպան» և «Տոն մարդասպանի համար» վերնագրերով: Այս անգամ Էրքյուլ Պուարոն կանգնում է ընտանեկան ողբերգության հանգուցալուծման խնդրի առջև: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին «Գորստոն Հոլ» առանձնատանը՝ սեփական սենյակում փակված, ընտանիքի անդամները հայտնաբերում են միլիոնատեր Սիմեոն Լիի մարմինը՝ ամբողջովին արյան մեջ: Սպանության վարկածն անհերքելի է, սակայն առեղծվածի կծիկը քանդելն այնքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ սպանության զոհին գրեթե բոլորը ատում էին: Իսկական ժամանակն է գորշ բջիջները գործի դնելու: Թարգմանությունը՝Տաթևիկ Թումանյանի։

Իններորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Տասներորդ տեղում է Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը»։ «Ոզնու նրբագեղությունը» վեպը ընթերցողի առջև բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։ Վեպի առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող տասներկուամյա աղջնակն ու տան դռնապանուհին։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության և նրանց զրույցների և մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարևոր բազում հարցերի մեջ։ Թարգմանությունը ֆրանսերենից` Լուսինե Մուսախանյանի։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...» 

Էդիթ Պրինտ 94
2 +4

Ագաթա Քրիստի

«Սպանություն գոլֆի դաշտում»

Էդիթ Պրինտ 71
3 +1

Ագաթա Քրիստի

«Մահ Նեղոսի վրա»  

Էդիթ Պրինտ 60
4 նոր Agatha_Murder_in_Mesopotamia_Armenian-550x550.jpg (32 KB)

Ագաթա Քրիստի

«Սպանություն Միջագետքում»   

Էդիթ Պրինտ 57
5 +2

Ագաթա Քրիստի

«Անվերջանալի գիշեր» 

Էդիթ Պրինտ 47
6 +4

Ագաթա Քրիստի

«Կապույտ գնացքի առեղծվածը»

Էդիթ Պրինտ 44
7 -6

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»  

Բուկինիստ 43
8 նոր Agatha_Christie_Poirots_Christmas_Armenian-550x550.jpg (32 KB)

Ագաթա Քրիստի

«Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» 

Էդիթ Պրինտ 43
9 -4

Ալեքս Մայքլիդիս

«Լռակյաց հիվանդը» 

Newmag 41
10 նոր 322222905_622206966374851_5785313404810368726_n.jpg (844 KB)

Մյուրիել Բարբերի

«Ոզնու նրբագեղությունը»

Զանգակ

31

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am