Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, որի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։  «Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային  ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։

Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող  եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:

Նշենք, որ սիրիահայությանը նախորդ  օժանդակության ծրագիրն իրականացվել էր 2020 թվականին, երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Սիրիայում էլ ավելի բարդացավ   առողջապահական և սոցիալ–տնտեսական իրավիճակը: Հիմնադրամը 70 հազար ԱՄՆ դոլար տրամադրեց  Սիրիայում գործող  մի շարք հայկական կրթօջախների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող սիրիահայությանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է սիրիահայության կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1500 խոշոր ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am