Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Նոր գիրք»-3/23. Աթվուդ, Վեռն, Գրաչովա

«Նոր գիրք»-3/23.  Աթվուդ, Վեռն, Գրաչովա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գիրք՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն
Մարգարեթ Աթվուդ,  «Պենելոպեական»
margaret.jpg (265 KB)

Մարգարեթ Աթվուդի  «Պենելոպեական» վիպակը (2005), որ թարգմանվել է մոտ երեսուն լեզվով,  անտիկ գրականության կոթողներից մեկի՝ «Ոդիսական»-ի իգական տարբերակն է, ասել է թե՝ հոմերոսյան վիպերգի անսպասելի վերակերպումը Ոդիսևսի հետ ամուսնանալուց հետո քսան տարի հեռուները մեկնած կողակցի վերադարձին սպասող Պենելոպեի տեսանկյունից: Ինչն անէական է ու երկրորդական «Ոդիսական»-ում, կարևորվել է և առաջին պլան մղվել «Պենելոպեական»-ում, մանավանդ տասներկու աղախինների  մահապատիժը, որոնք դատապարտվում են Ոդիսևսի բացակայության ընթացքում նրա կնոջ ձեռքին հետամուտ փեսացուների հետ կենակցելու համար: Աղախինների խումբն այստեղ հանդես է գալիս հին հունական ողբերգությանը բնորոշ պարերգակների դերում: «Պենելոպեականը» պոստմոդեռնիստական գործ է տրագիկոմիկական շնչով և արձակի ու չափածոյի համադրմամբ: Աթվուդն իրեն հատուկ փայլով վերաձևել է, բոլորովին այլ շեշտադրումներով ու նորովի ներկայացրել «Ոդիսական»-ի վաղեմի պատմությունը: Թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն
 Ժյուլ Վեռն, «Աշխարհի շուրջը 80 օրում»
80orum.jpg (145 KB)

«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը դասական արկածային գրականության լավագույն վեպերից է: Ժյուլ Վեռնը ոգեշնչվում է ամսագրերից մեկում լույս տեսած հոդվածից, որում ապացուցվում էր, որ ցանկացած ճանապարհորդ, օգտագործելով ժամանակակից փոխադրամիջոցները, հեշտությամբ կարող է շրջել աշխարհով մեկ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1872 թվականին:

Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը, բացի դրանից՝ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից: Ֆրանսերենից թարգմանեց Անուշ Նիկողոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
 Մարգարիտա Գրաչովա, «Երջանիկ՝ առանց ձեռքերի»
erjanik.png (3.40 MB)

Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչյովը կնոջն ու երկու երեխաների մորը տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը։

Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Ինչո՞ւ ամուսինն այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց։ Ինչպե՞ս է հիմա ապրում Ռիտան, կկարողանա՞ մոռանալ իր հետ կատարված մղձավանջը։ Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար։ Այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության և նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը գրված է սրտով։ Թարգմանիչ՝ Անուշ Մուրադյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am