1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հունական հեռուստաընկերությանում բարձրաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը

Հունաստանում ՀՀ դեսպանը հունական հեռուստաընկերությանում բարձրաձայնել է 
ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խիստ անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելը՝ այնտեղ իրավիճակի գնահատական տալու համար:

Այս մասին դեսպանն ասել է Սալոնիկի հանրային TV100 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև:

-Շատ ուրախ եմ կրկին հյուրընկալելու Հունաստաում ՀՀ դեսպան պարոն Մկրտչյանին։ Շնորհակալություն, պարոն դեսպան, մեզ հետ այստեղ լինելու համար:

-Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար:

-Պարոն դեսպան, մոտավորապես մեկ ամիս առաջ մի խումբ ադրբեջանցիներ փակեցին Լաչինիի միջանցքը՝ միակ գործող ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և ընհանրապես՝ ամբողջ աշխարհի հետ։ Այս ակտիվիստներին ավելի ուշ միացան ադրբեջանցի զինվորականները։ Որո՞նք են վերջին զարգացումները, և ինչպիսի՞ն է ներկա իրավիճակը։

-Իրավացի եք, արդեն 36 օր է, ինչ Լաչինի միջանցքը, Լաչինի ճանապարհը փակել են այդ մարդիկ, ովքեր իրենց «էկոակտիվիստ» են անվանում, բայց իրականում ոչ ոք, այդ թվում՝ իրենք, չեն հավատում իրենց էկոակտիվիստներ լինելուն։ Այսպիսով, ըստ էության, 120 000 հայեր պատանդ են պահվում այս շրջափակման մեջ, որն իրականում վերածվում է հումանիտար աղետի: Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ամեն օր տեղափոխվում էր մոտ 400 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որն այս պահին դադարել է։ Կարող են անցնել միայն և բացառապես ռուս խաղաղապահների բեռնատարներն ու մեքենաները կամ Միջազգային Կարմիր խաչը, ինչն, իհարկե, այսպես կոչված ակտիվիստները տեսանկարահանում են և ասում, թե իբր ճանապարհը փակված չէ։ Բայց ճանապարհը փակ է, կա շրջափակում, և բոլորը, միջազգային հանրությունը դա ընդունել է որպես այդպիսին: Իհարկե, այս իրավիճակի մասին բարձր հայտարարություններ են հնչել արևմուտքից, բնականաբար արևմտյան երկրների մեծ մասն արձագանքել է, և իրավիճակը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, բայց մինչ այժմ, դա, ցավոք, իրականում օգուտ չի տվել: Ադրբեջանը մինչ օրս անտեսում է այդ բոլոր կոչերը, և երկու օր առաջ Ադրբեջանի նախագահն ասաց, որ այդ գործունեությունը շարունակվելու է՝ նաև անուղղակիորեն ընդունելով, որ այս ամբողջ շոուն կազմակերպում է Ադրբեջանի կառավարությունը։ Պարզապես իրավիճակի ողբերգությունն ու պարադոքսն այնպիսին է, որ էկոակտիվիզմի անվան տակ, որն ինքնին դրական երևույթ է, կազմակերպվում է պաշարում, որի նպատակը էթնիկ զտումն է: Ուստի լավ բանի անվան տակ սարսափելի արարք է կատարվում հենց հիմա, ինչը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի, ինչպես մենք ասում ենք, ամբողջական էթնիկ զտման, որն իհարկե անընդունելի է։ Իսկ այսօր վերջին զարգացումների մասին Ձեր հարցի վերաբերյալ ասեմ, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շտապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ վերահսկելու Դատարանի կողմից դեկտեմբերին Լաչինի միջանցքի վերաբերալ կիրառած միջանկյալ միջոցի կատարումը Ադրբեջանի կողմից, որն իհարկե շատ կարևոր է։ Այսօր՝ ընդամենը մի քանի ժամ առաջ, ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ-ում էր, որտեղ ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում, և նրա կարևոր կետերից մեկն այն էր, որ ժամանակն է գործելու հենց հիմա, քանի որ իրավիճակը իսկապես ծանրանում է ամեն օր և սա անընդունելի է, մենք չենք կարող կողքի կանգնել ու թողնել, որ ժողովուրդը սովամահ լինի։

-Կարո՞ղ եք ասել, որ սա ամենավատ կետն է, որ երբևէ եղել են հայ-ադրբեջանական հարաբերությունները:

-Ավելի վատ կետեր են եղել ցավոք սրտի նախկինում տեղի ունեցած պատերազմները, որոնք արդյունք էին Ադրբեջանի նման գործելաոճի: Բայց սա, իհարկե, հանգեցնում է հարաբերությունների ևս մեկ ցածր մակարդակի, և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի վերջին արձագանքն իրականում այն էր, որ սա բավականին հետ է մղում խաղաղ գործընթացը, մեծ հարված է բանակցություններին և կառուցողական երկխոսությանը։ Թեև պետք է ասեմ, որ բանակցությունների այլ ուղղություններով էլ առաջընթաց չկա, և ընդամենը մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, Ադրբեջանը հարձակվեց բուն ՀՀ տարածքի վրա և օկուպացրեց Հայաստանի հարավային տարածքի 150 հեկտարը, որն իհարկե ևս մեկ ահռելի խնդիր է մեր հարաբերություններում։

-Ի՞նչ է պետք անել հիմա, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ավելի լավ հարաբերություններ հաստատեն, նկատի ունեմ իրատեսական հիմքի վրա։

-Ի հավելումն այն արձագանքներին, որ մենք ունեցել ենք տարբեր կառավարություններից, այդ թվում նաև Հունաստանի կառավարությունից, որը կոչ է արել անվերապահորեն բացել ճանապարհը և աշխարհի այլ կառավարություններ և կազմակերպություններ, բացի այս ամենից, մենք պետք է հասկանանք՝ որո՞նք են հետագա քայլերը։ Այսպիսով, Հայաստանը դիմել է, և շատ անհրաժեշտ է ունենալ ՄԱԿ-ի կամ միջազգային դիտորդական առաքելություն Լաչինում և Ղարաբաղում՝ այնտեղ իրավիճակի գնահատական տալու համար: Ադրբեջանը մինչ այժմ դիմադրում է այս հարցում նման գործունեությանը և միջազգային ներգրավվածությանը։ Բայց մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է բացատրի Ադրբեջանին, որ այս պահվածքը չի հանդուրժվելու։ Նման վարքագծի համար Ադրբեջանը չպետք է պարգևատրվի և պատժի որոշակի մեխանիզմներ պետք է սահմանվեն, քանի որ 2020 թվականի պատերազմի ժամանակ, պատերազմից հետո և 2022 թվականի սեպտեմբերյան վերջին էսկալացիայի ժամանակ մի շարք ռազմական հանցագործություններ են կատարվել, և բառացիորեն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Իսկ այս կարգի արարքներին համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցրել է ներկա իրավիճակի, որը նույնպես կարող է վերածվել աղետի, քանի դեռ Ադրբեջանը չհասկանա, որ պատասխանատվության է ենթարկվելու, որ նման դեպքերում կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Այսպիսով, Հայաստանը խնդրել է ավելի շատ միջազգային ներգրավվածություն՝ ԵՄ-ից առաքելություններ ուղարկելով Հայաստանի հարավ, ԵԱՀԿ առաքելություն Հարավային Հայաստան և միջազգային դիտորդական առաքելություն Ղարաբաղում՝ Լաչին: Ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Ղարաբաղում և հարակից տարածքներում, բայց մինչ այժմ վերջին երկու հարցերում՝ միջազգային մոնիտորինգային առաքելության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի, հաջողություն չենք ունեցել, քանի որ, ցավոք, բախվել ենք Ադրբեջանի դիմադրությանը:

-Պարոն դեսպան, շատ շնորհակալ եմ այս քննարկման համար։

-Շատ շնորհակալություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]