Ադրբեջանի գործողությունները շատ են խոչընդոտում խաղաղության գործընթացին. Խանդանյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, Ադրբեջանի նախագահի կողմից արվող քաղաքական հայտարարությունները շատ են խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի գործընթացին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցում:
Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե խաղաղության գործընթացը փակուղում է՝ հիշեցնելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Հայաստանն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է արձագանքի:
«Իհարկե, Ադրբեջանի վարքն ու գործողությունները շատ խոչընդոտում են գործընթացին: Խոսքը թե Լաչինի միջանցքի, թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին է: Ադրբեջանի նախագահի կողմից արվող քաղաքական հայտարարությունները ևս խոչընդոտում են»,-ասաց Խանդանյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի գործընթացի առաջխաղացմանը:
Նա նշեց նաև, որ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը մեկնարկել է Վաշինգոտոնում, բայց Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է յուրաքանչյուր հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Կարևոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այդ պայմանագրի կենսունակությունը:
«Եվ մենք մեր ուղենիշներից չենք շեղվում, շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»,-ասաց պատգամավորը: