1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և 
ցեղասպանական քաղաքականություն. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու քայլին արձագանքել են միջազգային տարբեր կառույցներ, սակայն ժամանակն է, որ խոսքերից անցում լինի գործին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Դա շատ կարևոր է, այլապես ստեղծված իրավիճակում կանգնած ենք էթնիկ զտման առջև, մարդկանց կյանքներն ուղիղ վտանգի տակ են: Շրջափակումից մեկ ամիս անց կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ և հետևողականորեն իրականացվող  համակարգային խախտումների հետ, ինչը այլ լեզվով կամ միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ: Այո, սա հանցագործություն է, և փաստերն առավել քան խոսուն են: Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն»,- ասել է Ստեփանյանը:

Անդրադառնալով մարդու իրավունքների համատարած խախտումներին՝ Արցախի ՄԻՊ-ը  առաջնահերթ ներկայացրել է կյանքին  անմիջականորեն առնչվող իրավունքների խախտումները. «Սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը հստակ ամրագրում է յուրաքանչյուր  մարդու և իր ընտանիքի պատշաճ սնվելու և բավարար  կենսամակարդակի իրավունքը, ինչը նշանակում է ֆիզիկական և տնտեսական հասանելիություն ունենալ սննդամթերքին և դրա մատակարարումներին, բժշկական սպասարկմանը, պլանային վիրահատություններին, որոնք նման պայմաններում չեն կարող իրականցվել պատշաճ կերպով: 120 000 մարդ մեկ ամիս շարունակ ուղիղ զրկված է այս իրավունքներից: Եվ ինչպե՞ս այլ ձև կոչենք սա, եթե ոչ հանցագործություն»,- ասել է Ստեփանյանը:

Նա ընդգծել է, որ  նույն միջազգային իրավունքը՝ Հռոմի ստատուտը, հստակ արձանագրում է, որ մարդկանց սովամահության մղելը համարվում է պատերազմական հանցագործություն:

Անդրադառնալով ազատ տեղաշարժի իրավունքին՝ պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է, որ այն նույնպես  ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

«Այնտեղ հստակ արձանագրված է, որ մարդը տեղից-տեղ փոխադրվելու իրավունք ունի: Ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը ստանձնել է պատասխանատվություն և պարտավորություն ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի անվտանգ տեղաշարժը և արդեն մեկ ամիս շարունակ Ադրբեջանը ուղիղ կերպով չի կատարում իր պարտականությունները»,- ասել է նա:

Խոսելով  բաժանված ընտանիքներից,  որոնց մի մասը գտնվում է Արցախում, իսկ մի մասը Հայաստանում՝ Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ յուրաքանչյուր անձ ունի ընտանեկան կյանքի իրավունք,  և այս պարագայում տեսնում են,  որ այս իրավունքը ևս ուղիղ սպառնալիքի տակ է:

Անդրադառնալով խոցելի խմբերին՝ երեխաներ իրավունքներին, նա  նշել է, որ 30 000 երեխա այսօր Արցախում զրկված է Երեխաների իրավունքների կոնվեցիայով սահմանված անվտանգ և ապահով միջավայրի, առողջ սննդի, բարձրորակ առողջապահության իրավունքից: «Եվ միջազգային արձագանքը այս հարցում պետք է շատ հստակ լինի, այլապես մենք  իրապես կանգնած ենք շատ մեծ հումանիտար ճգնաժամի և աղետի առջև»,- եզրափակեց Գեղամ ստեփանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]