1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական․ վարչապետը՝ Լաչինի միջանցքի խնդրի լուծման ճանապարհի մասին

Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական․ վարչապետը՝ Լաչինի 
միջանցքի խնդրի լուծման ճանապարհի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

Լրագրողի հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վարչապետը պատկերացնում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված հարցի լուծումը, ի՞նչ ճանապարհով և ի՞նչ է Կառավարությունը անում այդ ուղղությամբ։ Լրագրողը նաև վարչապետին խնդրեց անդրադառնալ ռուսական հարթակներում տարածված տեղեկությանը, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, այն է՝ եթե մինչև հունվարի 10-ը չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։

Վարչապետը նախ ասաց, որ չի կարծում, թե գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։

«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու բան չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»,- նշեց վարչապետը։

Վարչապետը անհրաժեշտ է համարում ավելի խորը և ընդհանրական հասկանալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստը։

«Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակն ունի։ Սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի։ Սա պետք է հաշվի առնենք։ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են և, կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ուշադրության հրավիրեց այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վրա։

«Եթե ուշադրություն եք դարձրել, եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Եվ, կարծում ենք, որ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ և այս գործընթացում և ընդհանրապես որևէ գործընթացում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում՝ միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումները և մոտեցումները և հարցին մոտենում ենք այս տրամաբանությամբ»,- ավելացրեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին աննախադեպ ծավալի՝ ավելի քան 170 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերել։

« Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին։ Գիտեք, որ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված է աշխատանքային խումբ։ Գիտեք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում է հարցը բարձրացվել և այն շարունակում է մնալ ՄԱԿ ԱԽ-ի օրակարգում։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերաբերյալ ևս դիրքորոշումներ արտահայտել եմ տվյալ իրավիճակում։ Պետք է ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ, այո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]