Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այդ փոքրահասակ, զորեղ ու բարի հայազգի բյուզանդական կայսրը

Այդ փոքրահասակ, զորեղ ու բարի հայազգի բյուզանդական կայսրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նա փոքրահասակ էր, բայց լայն կրծքով եւ թիկունքով. հսկայական ուժ էր թաքնված նրա մեջ, ձեռքերը ճարտար էին՝ օժտված անդիմադրելի զորությամբ. նրա հերոսական ոգին անվախ էր, անպարտելի եւ աչքի էր ընկնում զարմանալի քաջությամբ՝ այդքան փոքր մարմնի համեմատ։ Նա միայնակ անվախ հարձակվում էր մի ողջ ջոկատի վրա եւ, սպանելով շատ [թշնամիների], թռչնի արագությամբ ողջ ու առողջ վերադառնում էր իր բանակը»։

Լեւ Դիակոն

Շիկահեր ու կապտաչյա, հայազգի բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկին մանրամասն նկարագրում է նրա ժամանակակից, բյուզանդական գրող ու պատմաբան Լեւ Դիակոնը։ Հովհաննես Չմշկիկ կայսրը ոչ միայն քաջարի ասպետ էր, այլեւ մարդասեր, բարի ու առատաձեռն անձնավորություն, ով չէր զլանում օգնության ձեռք մեկնել կարիքավորներին, լինել նրանց հանդեպ սիրալիր ու հանդուրժող եւ հուսախաբ չանել իրեն դիմած յուրաքանչյուր անձի։ Նա արքունական ողջ գանձարանը կտրամադրեր աղքատներին, եթե պարակիմոմեն Վասիլին չզսպեր բարեգործություն անելու նրա անհագ ցանկությունը։

Բյուզանդական զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (969-976), Կուրկուասների հայկական ազնվական ընտանիքից սերած Հովհաննես Չմշկիկի մասին կենսագրական տվյալներ է հաղորդում նաեւ հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին, իսկ Վիքիպեդիայի հանրագիտարանում Չմշկիկի մասին տեղեկություններ կան աշխարհի 53 լեզուներով։ Հովհաննես Չմշկիկը ծնվել է մոտ 925 թ.՝ Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում (Արեւմտյան Հայաստան), որի անվանումը կապված է հիշյալ կայսեր անվան հետ, իսկ ավելի վաղ այն հայտնի էր Հերապոլիս՝ «սուրբ քաղաք» անվանմամբ։

Հովհաննեսը 949 թ. մասնակցեց Կարինի գրավմանը, եւ քեռին՝ Նիկիփորոս 2-րդ Փոկաս կայսրը, նշանակեց նրան արեւելյան զորքերի սպարապետ. խոշոր ճակատամարտում նա ջախջախեց արաբներին, բայց եւ 969 թ. սիրուհու՝ կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանեց քեռուն՝ գրավելով գահը, սակայն Կոստանդնուպոլսի պատրիարք Պոլիեւկտեսի «պահանջով» Հովհաննեսն ստիպված եղավ պատժել յուրայիններին՝ բացառապես նրա՛նց մեղադրելով կայսեր սպանության մեջ, իսկ Թեոփանոյին վտարեց պալատից։ Այնուհետեւ սկսեց զբաղվել ողորմությամբ ու բարեգործությամբ, ամբողջ ունեցվածքը բաժանեց աղքատներին, հիմնեց բորոտների հիվանդանոց, ուր այցելում էր հաճախ՝ անձամբ վիրակապելով հիվանդների վերքերը։ Տիրակալի փոփոխությունը, սակայն, առավել ընդգծեց կայսրության տագնապալի վիճակը։ Արեւելքում Նիկիփորոսի նվաճած տարածքները՝ Կիլիկիայում, Փյունիկիայում, Սիրիայում, կորած էին, հյուսիսում բուլղարների դեմ ելած Ռուսաստանը սպառնում էր եւ հույներին, արդեն երրորդ տարին մոլեգնող սովը չէր դադարում։

Հովհաննեսը նախ եւ առաջ եռանդուն պայքար մղեց աղքատության դեմ, այնուհետեւ՝ սարակինոսների, իսկ 971 թ. պարտության մատնեց Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին եւ Բուլղարիայի հյուսիսարեւելյան մասը կցեց կայսրությանը։ 972 թ. դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ՝ արշավեց արաբների դեմ, գրավեց Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975 թթ.՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտավ Պաղեստին ու Լիբանան։ Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ Հովհաննես Չմշկիկը փորձեց գրավել եւ Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվեց ընդառաջ, եւ երկու միապետների միջեւ հաշտություն կնքվեց։

Հովհաննես Չմշկիկ կայսրն արժանացավ իր նախորդի՝ Նիկիփորոսի ճակատագրին. նա նույնպես բնական մահով չկնքեց մահկանացուն. հանկարծամահ եղավ 976 թ.՝ արաբների դեմ երկրորդ արշավանքից Կոստանդնուպոլիս վերադառնալուն պես։ Կասկածներ կային, թե նրան թունավորել է սենեկապետ Վասիլի Լեկափենոսը, այն նույն պարակիմոմենը, ով զսպում էր կայսեր բարեգործական մղումները։ Հունվարի 10-ը հայազգի բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկի հիշատակի օրն է։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]