Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Բելգիայի հայերը ակցիայով պահանջեցին ԵՄ-ից և միջազգային հանրությունից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Բելգիայի հայերը ակցիայով պահանջեցին ԵՄ-ից և միջազգային հանրությունից 
ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի տարբեր կառույցների նախաձեռնությամբ Բելգիայում հայերը բողոքի ակցիա անցկացրին Բրյուսելում՝ Եվրամիությունից, միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացելու Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Եվրոպան, միջազգային հանրությունը շարունակում են երկու «կշիռ» ունենալ: Միջազգային մամուլը, բոլորը շատ լավ, պատկերավոր ձևով ներկայացրել են իրականությունը, սակայն ակնկալիքը գործնական քայլերն են:

«Եվրոպական միությունից պահանջում ենք, որ գործնական քայլեր արվեն»,-ասաց Կարապետյանը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով, որ արվում են  դատապարտող հայտարարություններ, պահանջում են Ադրբեջանից բացել Արցախն աշխարհին կապող ճանապարհը:

Նա Եվրոպական խորհրդարանին շնորհակալություն հայտնեց, որ վերջին տարիներին բուռն կերպով դատապարտում է Ադրբեջանին ՝ պահանջելով հայերի իրավունքների վերականգնում:

«Մենք՝ Արցախի հայերը, Հայաստանի հայերը, սփյուռքի հայերը, պետք է միասնական լինենք, որքան էլ ոմանք ուզեն խրամատներ ստեղծել մեր միջև: Մենք միասնականությամբ պետք է պայքարենք ու փաստենք, որ այստեղ ենք:  Մենք պահանջատեր ենք»,-ընդգծեց Կարապետյանը:

Ակցիայի մասնակիցները Բրյուսելում ծածանեցին Հայաստանի, Արցախի դրոշները, պաստառներ՝ «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան» և այլ գրություններով: 

Հայերը Եվրոպական միությունից և միջազգային հանրությունից պահանջեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ բացելու Լաչինի միջանցքը, Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտար գործակալություն Արցախում: Նրանք նաև պահանջեցին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի նկատմամբ, անհապաղ երկարաձգել ԵՄ դիտորդական առաքելության մանդատը:

Բողոքի ակցիայի նախաձեռնողներից էին Բելգիայի հայերի կոմիտեն, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան և այլ կառույցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am