Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ակնկալում ենք, որ խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ. ՔՊ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Ակնկալում ենք, որ խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված 
մանդատ. ՔՊ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դիմելով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, ակնկալում է, որ այսօր ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ արտահերթ նիստում «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանը:

Պատգամավորը ընդգծեց, որ 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը, որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, և, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: «Ելնելով այս դրույթից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը բնականաբար ներառում է կոչ ՌԴ-ին՝ ապահովելու ստանձնած պարտավորությունների լիակատար իրականացումը խաղաղապահների վերահսկողության գոտում՝ այն է ապահովել ԼՂ կապը Հայաստանի հետ: Դժբախտաբար, արդեն 2 օրից ավելի է, ինչ այդ կապը խափանված է ադրբեջանական սադրանքի պատճառով, և այդ պարտավորության չկատարումը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի»,-ասաց Խանդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար հայկական կողմի ակնկալիքն է, որ այդ պարտավորությունը րոպե առաջ կատարվի: Այնուամենայնիվ, առավել երկարաժամկետ լուծումներ գտնելու և հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու, ԼՂ հայությանը հումանիտար աղետի վտանգից զերծ պահելու նպատակով խաղաղապահ զորախմբի գործունեությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով որոշակիորեն վերաիմաստավորվելու և կայունության, և հեղինակության հաղորդման անհրաժեշտություն է տեսնում: «Առաջին հերթին խոսքը խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետի մասին է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ խաղաղապահների գործունեության ժամկետը սահմանված է 5 տարի՝ ավտոմատ երկարացման հնարավորությամբ: Սակայն, քանի դեռ ԼՂ-ի հիմնախնդիրը համապարփակ չի կարգավորել, քանի դեռ չեն սահմանվել և միջազգայնորեն երաշխավորվել ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության պարամետրերը, ապա խաղաղապահների մանդատը պետք է երկարաձգվի կամ դառնա անժամկետ՝ մինչև հարցի վերջնական լուծումը»,-ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետն այս առաջարկը հնչեցրել է ինչպես հանրայնորեն, այնպես էլ Սոչիում կայացած վերջին եռակողմ հանդիպմանը:

Ըստ նրա մինչև ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սպառնալիքներից ու ահաբեկումներից նրանց պաշտպանելու նպատակով պետք է կարողանան առավելագույնս ներգրավել միջազգային հանրությանը՝ այսպիսի ճգնաժամերի լուծման գործում: «Ուստի, դիմելով ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, ակնկալում ենք, որ այսօր ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով: Այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչը ի ցույց կդնի խաղաղապահների միջազգային մանդատի անհրաժեշտությունը»,-եզրափակեց պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am