Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին  

Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, 
հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան: 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am