Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կրթական, առողջապահական ծախսերը որոշ չափով կփոխհատուցվեն. ինչ հնարավորություն է տալիս եկամուտների հայտարարագրման համակարգը

Կրթական, առողջապահական ծախսերը որոշ չափով կփոխհատուցվեն. ինչ 
հնարավորություն է տալիս եկամուտների հայտարարագրման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից է պետական ծրագրերն ու քաղաքականությունն առավել թիրախային ու հասցեական իրականացնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ խնդիր է դրված ֆիզիկական անձանց պարագայում ձևավորել անձնավորված համապարփակ հաշվառման համակարգ:

«Համակարգ, որը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունները և ծրագրերը ավելի լավ հասցեավորել, ավելի լավ ընտրել թիրախային խմբերին, ճիշտ տեղորոշել շահառու անձանց, ճանաչելով քաղաքացիներին՝ իրականացվող ծրագրերը դարձնել ավելի արդյունավետ, ավելի օպերատիվ ու հասցեական»,-ասաց նախարարի տեղակալը:

Համակարգի ներդրման մյուս նպատակը ֆիզիկական անձանց շրջանում քաղաքացիական իրավագիտակցության մակարդակի բարելավումն է, հարկային մշակույթի ձևավորումը:

«Բոլորս օգտվում ենք հանրային բարիքներից և, ըստ այդմ, որպես քաղաքացիներ, որպես ռեզիդենտ անձ, պարտավոր ենք նաև բարեխղճորեն կատարել մեր հարկային պարտավորությունները: Սա բնավ չի նշանակում, որ սրանով նախատեսվում է  ընդլայնել հարկվող եկամուտների շրջանակը կամ բարձրացնել եկամուտը հարկելու դրույքաչափը: Այս նախաձեռնությունը հարկային բեռն ավելացնելու մասին չէ, այն նպաստավոր միջավայր և արդյունավետ գործիքակազմ ձևավորելու մասին է»,-ասաց Արման Պողոսյանը:

Եկամուտների հայտարարագրման գործընթացի հիմնական մասը կատարելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Քաղաքացուն մնում է միայն ճշտել տվյալները, հավելումների անհրաժեշտության դեպքում դա կատարել ու հաստատել: 

Խոսելով արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների մասին՝ Արման Պողոսյանը նշեց, որ միջազգային հարկային իրավունքի տրամաբանությունն այնպիսին է, որ այդ եկամուտները ենթակա են հարկման արտերկրում: Օրենքով նախատեսված է, որ արտերկրում ստացված եկամուտներից վճարված հարկերը մեր երկրում ենթակա են նվազեցման վճարվելիք հանրագումարային հարկերից:

«Դրա համար նախատեսված է ունենալ համապատասխան տեղեկանք այն մասին, որ իքս ծավալի հարկեր են վճարվել այլ երկրում: Հիմա կառավարությունն այսպիսի լուծում է առաջակել՝ թեթևացնելու մեր հայրենակիցների բեռը: Լուծումը ենթադրում է, որ տարեկան մինչև 12 մլն դրամի չափով եկամուտ ստացողներից չի պահանջվի այդ տեղեկանքը: Հետևաբար, հայտարարագրման, Հայաստանում վճարվելիք հարկերի նվազեցման գործում քաղաքացին չի էլ նկատի այդ վարչարարական բեռը»,-ասաց Արման Պողոսյանը:

Ինչ վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք ապրում են Հայաստանում ու գումարներ են ստանում տրասնֆերտների տեսքով, ապա նախարարի տեղակալը նշեց, որ դրանք հարկվող եկամուտներ չեն ստացող անձի համար: Դրանք հարկվող եկամուտներ են արտերկրում աշխատող անձի համար: Ուղարկված գումարը Հայաստանի օրենսդրությամբ նվիրատվությանը հավասարեցված գումար է, հարկման ենթակա չէ:

Նախատեսվում է հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտներ: Քաղաքացին որոշակի փոխհատուցում կստանա կրթության, առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի դիմաց: Օրինակ, հայտարարատու անձը, երբ տարվա ընթացքում կատարել է կրթական և առողջապահական ծախսեր և ստացել է դրանց համապատասխան փաստաթղթավորում, ապա հայտարարագրի ներկայացմամբ, անձն իրավունք է ստանալու որոշակի չափով գումար հետ ստանալ կամ նվազեցնել իր կատարելիք հարկային պարտավորություններից:

Հայտարարագիրը չներկայացնելու կամ չհաստատելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն: Համակարգի ներդրման աշխատանքները սկսվելու են 2023 թվականից՝ փուլային տարբերակով:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am