1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը նորովի կբացահայտի հեղինակի ստեղծագործական աշխարհը

Նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը նորովի 
կբացահայտի հեղինակի ստեղծագործական աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 108-ամյակի շրջանակում Երևանում՝ հեղինակի անվան ցուցասրահում բացվել է Իսաբեկյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ներառվել է ավելի քան հիսուն ստեղծագործություն՝ ընտանեկան հավաքածուից:

Ցուցադրության համադրող Օսյա Քարամյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է՝
Էդուարդ Իսաբեկյանը 20-րդ դարի հայ արվեստի պատմության անքակտելի մասն է, մի ամբողջ դարաշրջանի լուռ վկայությունը, երբեք չընդհատվող գիծը։

«Լրջությամբ ուսումնասիրել եմ Էդուարդ Իսաբեկյանի կյանքն ու գործունեությունը: Նա մեծ հայրենասեր է եղել, ինչի մասին են վկայում նրա լսած երաժշտությունը, կարդացած գրքերը, գրած բանաստեղծությունները: Նա իսկապես 20-րդ դարի նկարչության անկյունաքարային դեմքերից է»,-ասում է համադրողը:

Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկայի թեմատիկան բազմաբովանդակ է․ դիմանկարներ, հայրենի պատմության էջեր, դիցաբանություն, գրական գեղարվեստական երկերի նկարազարդումներ, երազներ, կանայք, զգացմունքների հարատև գունապնակ, բնության տարերքներ։

«Նկարիչն աշխատել է գրաֆիկական գրեթե բոլոր նյութերով՝ մատիտ, թանաք, սանգինա, կավճամատիտ, ֆլոմաստեր, ածուխ՝ ամենուրեք թողնելով գծի, ռիթմի և ֆորմայի ուրույն ձեռագիր։
Նրա գծանկարչական ռիթմերը խոսուն են, իրական: Այն, ինչ չես տեսնի աչքերով, նկարիչը ներկայացնում է շատ ավելի հուզական լեզվով՝ արտացոլելով մարդկային հավերժական արժեքներն ու ապրումները։
Իր կյանքի վերջին տարիներին, երբ կորցրել է տեսողությունը, նկարիչը չի դադարել նկարել. աշխատել է ֆլոմաստերով, իսկ ստեղծագործությունների գլխավոր հերոսները կանայք են եղել: Կա երազների մեջ երկխոսություն, կիրք, սեր: Երբ դիտում ես նրա գրաֆիկական աշխատանքները, դրանցում զգացմունքների փոթորիկ ես տեսնում»,-շեշտում է Օսյա Քարամյանը:

Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկ գործերը շատ են,  սակայն ոչ բոլոր աշխատանքներն են ընդգրկել ցուցահանդեսում, քանի որ տարածքը փոքր է:

Նրա մի շարք ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում, որի տնօրենն է եղել: Հեղինակի 100-ամյակին նրան նվիրված մեծ ցուցադրություն է կազմակերպվել, որում ընդգրկվել են նկարչի բազմաթիվ աշխատանքներ:

«Շատ եմ ցանկանում՝ գա մի օր, և հրատարակվեն նրա բանաստեղծությունները, քանի որ շատ խորքային է գրել: 14 տարեկանից մինչև կյանքի վերջն օրագիր է պահել:  Օրագրերը թվայնացված են, սակայն վերջին տարիների օրագրերն անհասկանալի են, քանի որ չէր տեսնում, տառը տառի վրա է գրել, բայց այնքան գեղեցիկ է գրել, որ կարելի է անհասկանալի տեքստը շրջանակի մեջ դնել»,-պատմում է Քարամյանն ու հավելում՝ Էդուարդ Իսաբեկյանի գործերում գերակշռում են պատմական թեմաներով ստեղծագործությունները, որոնք խորը ասելիք ունեն: Քիչ չեն անավարտ նկարները, որոնք ընդգրկված են հեղինակի անվան ցուցասրահի մշտական ցուցադրության մեջ:

Քարամյանը կարծում է՝ Իսաբեկյանը խորաթափանց նկարիչ է: «Դառնություններ է տեսել, ինչն արտահայտվել է նրա կտավներում. նրա համար նյութականը  երբեք առաջնային չի եղել, և  իր արվեստի միջոցով միշտ կարևորել է ոգեղենը»,-եզրափակում է Օսյա Քարամյանը:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 10-ը:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]