Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսական կայսրության հայազգի «Սրտի դիկտատորը». Նա Կարսը գրավել էր՝ արհամարհելով վերին հրամանը…

Ռուսական կայսրության հայազգի «Սրտի դիկտատորը». Նա Կարսը գրավել էր՝ 
արհամարհելով վերին հրամանը…

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լորիս Մելիքովները հայ ազնվականական տոհմ են, հիշատակվում են 16-րդ դարից՝ որպես Լոռի քաղաքի եւ նույնանուն գավառի մելիքներ: Նրանց տոհմական ազգանունը ծագել է վրացերեն Լոռիս Մելիքովներ, այսինքն՝ Լոռու Մելիքյաններ անունից: 16-րդ դարի սկզբին նրանց մելիքական իրավունքը հաստատել է շահ Աբաս Առաջինը: 1801-ից՝ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո, անցել են ծառայության ցարական բանակում, իսկ1832-ին հաստատվել որպես ռուսական ազնվականներ:

Միքայել Լորիս-Մելիքովն այս տոհմի ամենաականավոր ներկայացուցիչն է, որի տիտղոսների թվարկումն անգամ պատկառազդու է. ցարական Ռուսաստանի պետական եւ ռազմական հռչակավոր գործիչ, կոմս, ռուսական բանակի հեծելազորի գեներալ, գեներալ-համհարզ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բարձրագույն՝ Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանակիր…

Այն ժամանակների հայաշունչ Թիֆլիսում ճանաչում ու մեծ հարգանք վայելող ազնվական Տարիել Մելիքովի ընտանիքում է ծնվել մեծանուն այս հայը: Սովորել է Ներսիսյան դպրոցում, ապա Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ նախ Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, այնուհետեւ՝ հեծելազորի յունկերների դպրոցում: 1840-ականներին մասնակցել է Շամիլի գլխավորությամբ պայքարի ելած Կովկասի լեռնականների դեմ ռազմական գործողություններին: 1853-1856 թթ.՝ Ղրիմի կամ Արեւելյան պատերազմում, որպես առաջապահ հեծելազորի հրամանատար, աչքի է ընկել թուրքերի դեմ Կարսի, Բայանդուրի մարտերում, ստացել գեներալ-մայորի աստիճան:

1877-78 թթ. հայազգի զորավարը նշանակվում է 52 հազարանոց Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար եւ ղեկավարում ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում, գլխավորում է Արդահանի գրոհը եւ գրավում այն, Ալաջայի բարձունքներում ջախջախում է Մուխթար փաշայի զորքը, նվաճում հայոց հայրենի Կարսը ու անցնում Էրզրումի պաշարման: Այս գործողությունների համար նրան շնորհվում է կոմսի տիտղոս, իսկ Ալաջայում ցուցաբերած քաջության համար արժանանում 2-րդ աստիճանի սուրբ Գեւորգի շքանշանի:

Իսկ նոր նշանակումները դեռ առջեւում էին. 1879-ին՝ Աստրախանի, Սարատովի, Սամարայի եւ Խարկովի ժամանակավոր գեներալ-նահանգապետ, մեկ տարի անց՝ Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ՝ դիկտատորական լիազորություններով: Այստեղ նա իրեն դրսեւորում է որպես սահմանադրական բարեփոխումների իմաստուն պաշտպան եւ պետական ղեկավար՝ արժանանալով «Սրտի դիկտատոր» տիտղոսին: Հանձնաժողովը կոչված էր երկիրը դուրս բերել քաղաքական խռովությունների ներքին ոլորապտույտից. չէ՞ որ անհաջող մահափորձ էր կատարվել ցարի դեմ: Լորիս Մելիքովն այդ ուղղությամբ ցուցաբերում է վարչարարական մեծ տաղանդ: Նա Ալեքսանդր Երկրորդին է ներկայացնում վարչական եւ տնտեսական բարեփոխումների սահմանադրական ընդարձակ ծրագիր: Ռուսաց կայսրն ընդունում է հայ զորավարի առաջարկները: Այդուհետ նրան նշանակում է ներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանությամբ, այս կերպ, փաստորեն, հայազգի կոմսին վերապահելով երկրի վարչապետի բարձրագույն պաշտոնը: Սակայն ճիշտ այդ օրը՝ 1881-ի մարտի 13-ին, երբ ցարն ստորագրում է Լորիս Մելիքովի առաջադրած բարեփոխուների հաստատման մասին հրամանագիրը, հեղափոխական ահաբեկիչները երկրորդ մահափորձն են կատարում ցարի դեմ եւ այս անգամ արդեն հաջողում նրա սպանությունը: Ռուսիո նոր գահակալը՝ Ալեքսանդր Երրորդը, բուռն ու անողոք պայքար է սկսում հեղափոխականների դեմ՝ ձեռնարկելով ուժային բիրտ քայլեր. նա մերժում եւ դեն է շպրտում իր նախորդի հաստատած սահմանադրական բարեփոխումների ծրագիրը: Ամիսներ անց Ռուսաց կայսրությանն այնքա՜ն ծառայություններ մատուցած գեներալը հրաժարական է ներկայացնում նախարարական բարձրակարգ իր պաշտոնից եւ մեկնում արտասահման: Որոշ ժամանակ ապրում է Գերմանիայում, այնտեղից անցնում Ֆրանսիա եւ հաստատվում Նիցցա քաղաքում մինչեւ իր օրերի վախճանը՝ 13 դեկտեմբերի 1888 թվական:

Պատմաբանների համոզմամբ՝ ցարական Ռուսաստանի եւ ամբողջ Եվրոպայի պատմական ընթացքը կարող էր բոլորովին այլ հունով զարգանալ, եթե գործադրվեին հայազգի պետական գործչի սահմանադրական-բարեկարգչական առաջարկները, շնորհիվ որոնց Ռուսաստանը կարող էր դուրս գալ վայրագ ու փտած միապետության ճիրաններից:

Մեծանուն հայ գեներալի ռազմական տաղանդը բարձր է գնահատվել, մեծարվել ամենաբարձր խոսքերով: Ահա. «Ակամայից ուզում ես համեմատություն անել. ռուս զինվորները՝ ռուս հրամանատարների գլխավորությամբ, ռուսական հողում պարտվում են, մինչդեռ հայ զորահրամանատարների հրամանատարությամբ կռվող ռուս զինվորները, հայ կամավորականների օժանդակությամբ, հայոց հողում ջախջախիչ հաղթանակներ են տանում…»:

Հայ ժողովրդի հանճարը  պատմության մեջ խոր արմատներ ունեցող հռչակ ունի: Մեծ է հայազգի այն տաղանդների թիվը, ովքեր ծառայել են օտարներին, աշխարհով մեկ ճանաչվել իբրեւ մեծություններ: Նրանցից շատերը մոռացության են մատնել իրենց ազգային պատկանելությունն ու ծագումը, ազգային պարտավորությունները: Սակայն անարդար կլինի Լորիս Մելիքովին դասել նմանների շարքը. նա հնարավորինս հետամուտ է եղել հայկական հարցին, կյանքի վերջին տարիներին Նիցցայում հաճախ է հանդիպել Նուպար փաշային, նրա հետ ծանրութեթեւ արել ազգային խնդիրները, մտմտացել ազգաշահ նպատակներ ու ծրագրեր: Հավելենք, որ ռուսական կայսրության կոմսը Կարսը գրավել էր՝ արհամարհելով այդ գործողությանը չդիմելու վերին հրամանը…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]