Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուսաստանի մոտեցումը հիմնախնդիրն ապագային թողնելն է. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Սոչիի եռակողմ հայտարարության մասին

Ռուսաստանի մոտեցումը հիմնախնդիրն ապագային թողնելն է. Արցախի ԱԺ 
պատգամավորը՝ Սոչիի եռակողմ հայտարարության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում համաժողովրդական ակնկալիքներ և իրատեսական սպասելիք կար, որ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի, հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ինչ-որ հիշատակում  կլինի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:

«Ինչպես հասկանում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքից,  դա տեղի չունեցավ, որովհետև երկկողմանի համաձայնություն ձեռք չի բերվել: Համենայնդեպս,  այդ մասին է վկայում հանդիպումից հետո  ռուսական կողմի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է թողնել ապագա սերունդներին:  Սոչիում ընդունված  հայտարարության  տեքստի շրջանակներում հստակորեն տեսնում ենք, որ Ռուսաստանի մոտեցումը հիմնախնդիրն ապագային թողնելն է, որն այս պահին Ադրբեջանի կազմում լինելուց ավելի լավ է»,-ասաց Արամայիս Աղաբեկյանը՝ հավելելով, որ  հայտարարության այդ տեքստի և բանակցային գործընթացների շուրջ պետք է փնտրել հնարավորություններ, քանի որ պարզ է դառնում, որ ռուսական կողմը նախընտրում է այս փուլում բանակցային գործընթացը թողնել ապագային:

«Գոնե այդ կտրվածքով, մենք՝  Արցախի  Հանրապետության ժողովուրդը, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս փուլում բոլոր հարթակներին ցույց տանք, որ ինքնորոշման իրավունքի իրացումից այն կողմ՝ ցանկացած լուծում մեզ համար չի կարող ընդունելի լինել: Հայաստանի Հանրապետությունն  իր դիրքորոշումն հստակ արտահայտել է մինչև հանդիպումը՝  ընդունելի են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ռուսական կողմի  թեզերն ու առաջարկությունները, բայց, ցավոք, ինչպես տեսանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության վերաբերյալ հիշատակում չեղավ»,- ասաց նա:

Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամն, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացից  Լեռանային Ղարաբաղի հիմնախնդիրն առանձնացնելու  հնարավորության հարցին, կարծիք հայտնեց, որ այդպիսի տենդենց նկատելի էր և Բրյուսելի, և Մոսկվայի հարթակներում:

«Սոչիում ընդունված հայտարարության  բովանդակությունից  պարզ է դառնում, որ բանակցային գործընթացում փորձ է արվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում չնկատել, չտեսնել Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Սա, իհարկե, պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, աշխարհաքաղաքական իրադարձություններով, բայց այս փաստի արձանագրումը շատ կարևոր պայման է, որպեսզի հասկանանք թե ինչպիսի դժվար իրավիճակում ենք հայտնվել դիվանագիտական և արտաքին քաղաքական տեսանկյունից»,-եզրափակեց Արցախի Ազգային ժողովի պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am