Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Podcast-ՍոցUp. Արցախցիների բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու 4091 դիմում է ստացվել. Քաշաթաղից 15 ընտանիք արդեն իսկ հավաստագիր է ստացել

Podcast-ՍոցUp.  Արցախցիների բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու 4091 
դիմում է ստացվել. Քաշաթաղից 15 ընտանիք արդեն իսկ հավաստագիր է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ին հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի տեղահանված այն ընտանիքներին` այդ թվում մեկ անձից բաղկացած, որոնք 2020 թվականի սեպտեմբերի  27-ի դրությամբ կամ վերջին երեք ամիսներին հաշվառված են եղել Արցախի Հանրապետության առանձին շրջաններում, կամ վերջին երեք տարիներին բնակվել են նշված շրջաններում:  

«Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակներում նախաձեռնության մանրամասների շուրջ զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ:

«Էլեկտրոնային հարթակով արդեն իսկ ստացել ենք 4091 դիմում, որոնց հավաստագրման գործընթացը մոտակա օրերին կսկսվի: Առաջնահերթության կարգով 15 ընտանիք արդեն իսկ ստացել է իր հավաստագիրը: Նրանցից շատերն արդեն համապատասխան բանկերի հետ սկսել են գործընթացը և մոտակա օրերին կունենան  իրենց տները: 15 ընտանիքները Քաշաթաղից տեղահանված ընտանիքներ են, որոնք գույք ձեռք կբերեն ՀՀ տարբեր մարզերում»,-ասաց Ղարագյոզյանը:

Նրա խոսքով` աջակցությունը տրամադրվելու է ՀՀ մարզային բնակավայրում կամ Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի շրջանակներում պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի ամսական մարումները:

«Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 8 միլիոն դրամ մայր գումարից և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8 տոկոս տոկոսագումարի սուբսիդավորում կլինի: ՀՀ մարզային բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հանրագումարային մինչև 10 միլիոն մայր գումարի գծով և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10 տոկոս տոկոսագումարի գծով և Արցախի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 12 միլիոն մայր գումարից և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12 տոկոս տոկոսագումարի սուբսիդավորում կլինի»,-նշեց նա:

Գայանե Ղարագյոզյանի խոսքով` ծրագրին դիմելու համար պոտենցիալ շահառուները էլեկտրոնային եղանակով դիմում պետք է ներկայացնեն միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի առցանց դիմումներ բաժնի միջոցով:

«Այս ծրագրից կարող են օգտվել միայն այն ընտանիքները, որոնք Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող որևէ բնակապահովման ծրագրի շահառու չեն հանդիսանում և այդ ծրագրերից որևէ մեկի շրջանակներում չեն ապահովվել բնակտարածքով»,-ասաց նա:

Նշենք, որ վերջերս ընդունված փոփոխությունների համաձայն, եթե ընտանիքը գույքը ձեռք բերի ՀՀ սահմանամերձ բնակավայրերում , շահառուին արտոնյալ պայմաններ են տրամադրվում: Աջակցության չափը հանրագումարային կազմում է 14 միլիոն դրամ մայր գումարից և դրա նկատմամբ հաշվեգրվող 13 տոկոսի չափով սուբսիդիա, իսկ կառուցապատման դեպքում հանրագումարային մինչև 16 միլիոն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող 13 տոկոսի չափով սուբսիդավորում:

Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ պետությունը կսուբսիդավորի նաև կադաստրային վճարումները:

Ծրագրերի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

 

Հեղինակ Անի Դանիելյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am