Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի մեր գործընկերը Կովկասում. Դոմինիկյան Հանրապետության դեսպանի հարցարզրույցը

Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի մեր գործընկերը Կովկասում. Դոմինիկյան 
Հանրապետության դեսպանի հարցարզրույցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դոմինիկյան Հանրապետությունը Երևանում մինչև տարեվերջ կբացի գրասենյակ, որը Հայաստանի քաղաքացիների համար կհեշտացնի վիզայի ստացման գործընթացը, այժմ դեսպանի նստավայրը Մոսկվան է: Դեսպանը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար մեծ հեռանկարներ է տեսնում, աշխատանքներ են տարվում նաև վիզայի ռեժիմի  ազատականացման ուղղությամբ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը անդրադարձել է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի՝ ուղիղ չվերթների բացման հնարավորությունից մինչև երկկողմ առևտուր և զբոսաշրջություն:

Ուղիղ չվերթների հնարավորություն

«Շատ հայեր, որոնք հանգստի նպատակով մեկնում են Դոմինիկյան Հանրապետություն, թռչում են Մոսկվայից: Եվ, երբ Մոսկվայից չվերթները դադարեցվել են, հայերն իմ երկրում այժմ շատ քիչ են: Մենք փորձում ենք աշխատել Դոմինիկյան Հանրապետությունից Հայաստան ուղիղ չվերթներ բացելու ուղղությամբ: Բայց մենք նաև փնտրում ենք հնարավորություն, որ այդ թռիչքները կապենք Լոս Անջելեսից թռիչքների հետ: ԱՄՆ-ի հայերը կարող են հայաստանցիներին հանդիպել Կարիբյան ավազանում հանգստի ընթացքում: Մենք ուղիղ չվերթներ ունենք Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից և ԱՄՆ-ից, այն նույն վայրերից, որտեղ ապրում է հայկական սփյուռքի մեծ մասը։ Այսպիսով, մենք հավատում ենք, որ Դոմինիկյան Հանրապետությունը կամուրջ կդառնա Սփյուռքի և Հայաստանի միջև Կարիբյան կղզիներում»,-ասաց դեսպանը:

Նա նկատեց՝ Հայաստանը դեսպանություն ունի Բրազիլիայում, Արգենտինայում, սակայն չունի Կարիբյան կղզիներում: Այսպիսով` Դոմինիկյան Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի համար դառնալ դուռ դեպի Կարիբյան ավազան: «Դոմինիկյան Հանրապետությունն էլ ցանկանում է, որ Հայաստանը լինի մեր դուռը` դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա»,-ընդգծեց Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը:

Ըստ դեսպանի՝ հիմա աշխատում են քաղաքացիական ավիացիայի հարցերի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ: Չարտերային թռիչքներ կարելի է սկսել նաև առանց այդ համաձայնագրի, սակայն ցանկանում են ստեղծել իրավական հիմք:

Դոմինիկյան Հանրապետության դեսպանության նոր գրասենյակ ՝Երևանում

«Մենք Հայաստանում նաև ցանկանում ենք գրասենյակ բացել՝ որպես Մոսկվայում մեր դեսպանության ներկայացուցչություն: Թեև ես ոչ ռեզիդենտ դեսպան եմ, սակայն ցանկանում եմ մշտական գրասենյակ ունենալ այստեղ, որը ծառայություններ կմատուցի հայաստանցիներին: Այդ գրասենյակը կլինի այն դուռը, որը հնարավորություն կտա հետագայում դեսպանատուն բացել Հայաստանում»,-ընդգծեց Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը՝ հավելելով, որ գրասենյակը, հավանաբար, կբացվի մինչև տարեվերջ:

Դեսպանը նշեց՝ գրասենյակի գործունեությունը հայերի համար կարագացնի վիզայի ստացման գործընթացը, այսպիսով` վիզայի համար ստիպված չեն լինի իրենց անձնագրերն ուղարկել Մոսկվա:

Նա նշեց նաև, որ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև հաստատվել են դեռ 15 տարի առաջ՝ 2007 թվականին, այս ընթացքում երկու երկրները համագործակցել են օրինակ ՄԱԿ-ի շրջանակում, բայց հարաբերություններն այնքան էլ ակտիվ չեն եղել, մինչև երկու կողմից էլ դեսպաններ նշանակվեցին: «Իմ երկրում նոր կառավարությունը, որը գործում է արդեն 2 տարի, որոշեց դիվերսիֆիկացնել դիվանագիտական հարաբերությունները և աշխատեցնել արդեն իսկ ստորագրված պայմանագրերը»,-նշեց նա:

Դոմինիկյան Հանրապետությունը Հայաստանում է նշանակել դեսպան (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանը՝ Դոմինիկյան Հանրապետությունում (նստավայրը՝ Օտտավա): Ըստ դեսպանի՝ սա հարաբերություններ հաստատելու, զարգացնելու առաջին քայլն էր, որին պետք է հաջորդի կառավարության պաշտոնյաների ուղիղ աշխատանքը, որը թույլ կտա ավելի ու ավելի շատ ոլորտներում հարաբերություններ ունենալ:  Ըստ դեսպանի՝ հիմա պետք է ստեղծել այն հենքը, որը թույլ կտա շարունակել միմյանց հետ աշխատել և երկկողմանի պտուղներ քաղել: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում մշտական դեսպանություն կունենան Հայաստանում:

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանությանը, ՀՀ ԱԳ-ին՝ այստեղ գրասենյակ բացելու խնդրանքին արագ արձագանքելու համար:

Հայկական «Թումո»-ն՝ Դոմինիկյան Հանրապետության ուշադրության կենտրոնում

Դեսպանն ընդգծեց՝ Դոմինիկյան Հանրապետության կառավարությունը շատ է տպավորված «Թումո» -ով: «Հայաստանում այն շատ հետաքրքիր ծրագիր է և կարող է կրկնվել իմ տարածաշրջանում: Մեր նախագահը Կանադայում ձեր դեսպանի հետ զրուցել է այս ծրագրի մասին: Շատ տպավորիչ է այն, ինչ «Թումո»-ն անում է: Եվ մենք ցանկանում ենք այս հայկական նախագիծը կրկնել նաև Կարիբյան ավազանում, դրա միջոցով մենք կարող ենք շատ հնարավորություններ բացել ՏՏ ոլորտում»,-ասաց Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը:

Դեսպանն այսպիսով, այլ ոլորտների բացի, երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև IT ոլորտում: «Դուք զարգացնում եք IT ոլորտը, մենք նույնպես IT հաբ ենք ստեղծում Կարիբյան կղզիներում: Միգուցե,  ձեր և մեր ընկերությունները կարող են աշխատել միմյանց հետ: «Թումո»-ն կարող է այդպիսի համագործակցությունների համար հենք լինել»,-հավելեց նա:

Հայկական կոնյակից մինչև դոմինիկյան սիգար. տնտեսական կապեր, երկկողմ առևտուր

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը շատ դինամիկ է դարձել, մեր տնտեսությունը Կարիբյան ավազանում ևս շատ դինամիկ է: Մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի մեր գործընկեր Կովկասում: Մենք ցանկանում ենք առաջ մղել, խթանել ձեր գինին, ձեր կոնյակը, դրանք տարածել Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան կղզիներում, ցանկանում ենք նույնն անել նաև մեր սիգարների, մեր ռոմի, մեր սուրճի և մթերքների դեպքում»,-ասաց  դեսպանը:

Նա նկատեց՝ Դոմինիկյան Հանրապետությունում արտադրված սիգարը հայտնի է նաև Հայաստանում, կան հայեր, որոնք Դոմինիկյան Հանրապետությունում արտադրվող սիգարների բրենդներ ունեն:

«Այն շատ լավ համադրություն է ձեր կոնյակի հետ: Հայկական գինու որակը հիանալի է, ես վերջերս հայկական գինի եմ փորձել, կարծում եմ, որ այն Դոմինիկյան Հանրապետությունում վաճառելու հնարավորություն կա: Մենք Կենտրոնական Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի կողմ ենք, և ձեր գինիները կարող են մեր միջոցով մուտք գործել այլ շուկաներ ևս»,-ասաց դեսպանը:

Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը հավելեց՝ իրենք վաճառում են ոչ միայն ռոմ, սիգարներ, այլ  նաև ավոկադո, մանգո, արքայախնձոր և շատ այլ էկզոտիկ մրգեր: Այսպիսով` ցանկանում են Հայաստանն իրենց արտադրանքի համար «դուռ» դարձնել:

«Մենք Հայաստանում հանդիպել ենք որոշ գործարարների, որոնք հետաքրքրված են մեր ապրանքներով, որոնք  շատ տարածված էին Ռուսաստանում մինչև հատուկ ռազմական գործողությունները, սակայն հիմա ուղիղ չվերթների բացակայությամբ պայմանավորված՝ չեն կարողանում հասնել: Եթե մենք կարողանանք ուղիղ չվերթ բացել դեպի Հայաստան, այդ ապրանքները գուցե գան Հայաստան, կամ այլ երկրներ՝ օրինակ Վրաստան: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարևոր դուռ է դեպի տարածաշրջան»,-շեշտեց դեսպանը:

Զբոսաշրջություն, ազատ վիզային ռեժիմի հնարավորություն

«Մեզ մոտ հայ զբոսաշրջիկներ գալիս են, մենք ցանկանում ենք նրանց թիվն ավելացնել, ցանկանում ենք հեշտացնել զբոսաշրջիկների մուտքը` վերացնելով վիզայի պահանջը կամ նվազեցնելով թղթային աշխատանքը: Մենք աշխատում ենք վիզայի ազատականացման ուղղությամբ, ինչը կհեշտացնի Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիների Հայաստան այցելությունը, և Հայաստանցիների այցելությունը՝ Դոմինիկյան Հանրապետություն»,-ասաց դեսպանը:

 Նա նաև նշեց՝ ինքը, որպես դեսպան ևս փորձում է խթանել Հայաստանը Դոմինիկյան Հանրապետության տուրօպերատորների շրջանում, փաթեթներ պատրաստելու փորձ է արվում: Եվ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին սպասվում է Դոմինիկյան Հանրապետության տուրօպերատորների այց՝ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն խթանելու համար:

«Մենք քրիստոնյաներ ենք, այսպիսով քրիստոնեական արժեքների, քրիստոնեական ժառանգության, պատմության առումով շատ հետաքրքրություններ ունենք Հայաստանում: Հիմա, երբ շատ զբոսաշրջիկներ չեն կարողանում գնալ Ռուսաստան, նրանց համար Հայաստանը լավ հնարավորություն է: Իսկ հայաստանցիները Դոմինիկյան Հանրապետությունում կարող են վայելել Կարիբյան կղզիների լողափերը, լեռները, հյուրանոցները: Դոմինիկյան Հանրապետությունը կարող է կապող օղակ հանդիսանալ սփյուռքի հետ, քանի որ մենք նաև ուղիղ թռիչքներ ունենք Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Բրազիլիա»,-ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիները շատ նման են միմյանց՝ մշակույթով, ընտանեկան արժեքներով:  «Ես ասում եմ, որ դուք լատինաամերիկացիներ եք Կովկասում»,-հավելեց  դեսպանը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am