Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Միջազգային հանրության ոչ հասցեական հայտարարությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար. Արցախի ՄԻՊ

Միջազգային հանրության ոչ հասցեական հայտարարությունները կանաչ լույս են 
վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի դեռ 2 տարի առաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, իսկ գերիների վերադարձը Ադրբեջանի կողմից ոչ թե հումանիտար ժեստ է, այլ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Երկու տարի է անցել պատերազմից: Սա այն պատերազմն էր, որ ուղեկցվել է ռազմական հանցագործությունների գրեթե բոլոր տեսակների կիրառմամբ, այսինքն այն, ինչ արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում իրագործել է: Ցավոք սրտի, պատերազմից 2 տարի անց էլ մենք Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների հստակ իրավական և քաղաքական գնահատականների չենք հանդիպում: Իհարկե, իրավական գործընթացներ կան միջազգային դատարաններում, որոնց առնչությամբ գործընթացը մի փոքր երկարատև է, և ամբողջական դատաքննությունից հետո միայն հանցավորները պատժի, պատասխանատվության կենթարկվեն: Բայց առնվազն պետք էր ակնկալել, և այսօր էլ պետք է շարունակել ակնկալել, որ միջազգային հանրության կողմից հստակ դիրքորոշում պետք է արտահայտվի, որ այդ պատերազմն Ադրբեջանի կողմից վարված ագրեսիվ պատերազմ է, որն ուղեկցվել է բազմաթիվ հանցագործություններով»,-ասաց Ստեփանյանը:

Ընդ որում, Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նաև միջազգային դատական մարմինների նկատմամբ:  Ադրբեջանը մինչ օրս անտեսում է, չի իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, որոնք ոչ միայն Արցախի, 44-օրյա պատերազմի համատեքստում են, այլ առհասարակ: Արցախի ՄԻՊ-ը նկատեց՝ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու հարցում հնգյակում է: Կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, որը մեծ հաշվով չի փոխել Ադրբեջանի վարքագիծը:

«Ընդ որում, եթե կայացվել է իրավական որոշումը, ապա միջազգային հանրությունն առաջին հերթին ինքն իրեն և իր ստեղծած մարմինները պետք է հարգի, ըստ այդմ էլ այդ որոշումները չկատարողներին ենթարկի պատասխանատվության»,-շեշտեց Ստեփանյանը:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ Ադրբեջանը մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին:

«Այստեղ խոսքը նաև գերիների թեման քաղաքական առևտրի առարկա դարձնելու մեջ էր, որը և անթույլատրելի, և անընդունելի է: Ինձ համար երբեմն նաև զարմանալի է, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչներն են փորձում ողջունել, երբ  Ադրբեջանը գերիների նոր խումբ է թողնում վերադառնալ հայրենիք»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Ստեփանյանն անընդունելի համարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որով վերջինս ողջունել էր Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը: «Գերիների վերադարձը չի կարող հումանիտար ժեստ լինել: Դա միջազգային իրավունքով սահմանված պարտավորություն է, որը պետք է կատարվի, ոչ թե դրա համար պետք է ողջունել կամ խրախուսել: Դա պարտավորություն է՝ պարտադիր կատարման ենթակա: Եվ մեր ուղղությունը նաև այն պետք է լինի, որ այդ պարտադիր կետերը, պահանջները պետք է կատարվեն, այլ ոչ թե դառնան այս կամ հարցի քաղաքական առևտրի թեմա»,-ասաց նա:

Այսպիսով Արցախի ՄԻՊ-ը և իրավական, և քաղաքական պատասխանատվության տեսանկյունից համատեղ աշխատանքի կարիք է տեսնում: Ինչ վերաբերվում է իրավական գործընթացներին, ապա Ստեփանյանը լավատես է, կարծում է, որ հաջողություն ունենալու ենք երկու դատարաններում էլ՝ թե ՄԻԵԴ-ում, թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, սակայն դրան պետք է զուգորդի նաև քաղաքական պատասխանատվության հարցը: Ստեփանյանը կարևորում է այդ թեմաները տարբեր կառույցներում հնարավորինս շատ բարձրացնելը: «Պետք է տարբեր պետությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրենք և պահանջենք, որ, եթե աշխարհի տարբեր կետերում ագրեսորին ենթարկում են պատժամիջոցների կամ այլ մեթոդներով զսպում են ագրեսիան, ապա նույնը պետք է կատարվի այստեղ, որովհետև միջազգային իրավունքը պետք է բոլորի համար գործի»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ պետք է շարունակել աշխատանքը՝ համատեղելով իրավական պատասխանատվության գործիքակազմը քաղաքական պատասխանատվության հետ:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ Ստեփանյանն ընդգծեց, որ միջազգային հանրության ոչ հասցեական և հաճախ անբովանդակ հայտարարություններն ուղղակի կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իրագործված ագրեսիայի մասին է, այլ նաև հրադադարի երկու տարիների ընթացքում Արցախի դեմ իրագործված ագրեսիաների:

«Եթե միջազգային հանրությունը պետք է իր այս կրավորականությամբ թույլ տա, անպատժելիություն ստեղծի Ադրբեջանի համար, ապա բոլորը պետք է հասկանան, որ միջազգային իրավունքն է դրվում լուրջ վտանգի տակ: Սա միայն Հայաստանի կամ հայ ժողովրդի հարցը չէ, այլ նաև ընդհանուր աշխարհակարգի և սահմանված կանոնների հարցն է»,-ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը:

Ստեփանյանը՝ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան ընդգծում է, որ, ապրելով Ադրբեջանի կողմից ամեն օր կյանքի իրավունքի դեմ ուղղված սպառնալիքի ներքո, Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության մակարդակի մասին խոսելն ուղղակի անհնար է և իմաստազուրկ է: Նրա հավաստիացմամբ՝ իրավունքների պաշտպանությունը երկրի ներսում, այո, իրականացվում է, նաև ՄԻՊ գրասենյակն է իր հնարավորություններն ու լծակներն օգտագործում, որ գոնե ներքին հարցերում կարողանան իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովել, բայց ադրբեջանական շարունակվող էթնիկ զտման քաղաքականության իրավիճակում պատշաճ պաշտպանության մասին խոսելը տեղին չի համարում:

«Մարդիկ ապրում են Արցախում՝ հասկանալով, որ ցանկացած պահի կարող են վերսկսվել ռազմական գործողություններ, կարող են կորցնել իրենց, իրենց հարազատների կյանքը և այլն: Այնուամենայնիվ, այս դժվարությունները հաշվի առնելով՝ մարդիկ շարունակում են կառչած մնալ իրենց հողին, հայրենիքին»,-եզրափակեց ՄԻՊ-ը:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am