Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

44-օրյա պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրները մեղմելու ինչ ծրագրեր են իրականացվել արցախցիների համար. մանրամասներ

44-օրյա պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրները մեղմելու ինչ 
ծրագրեր են իրականացվել արցախցիների համար. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջ եկած սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմման նպատակով ՀՀ կառավարությունը իրականացրել է շուրջ 2 տասնյակ ծրագիր: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում ևս հետպատերազմական շրջանը թելադրել է իր օրակարգն՝առաջնահերթություն տալով պատերազմից տուժած անձանց, դրա հետևանքով վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին, նրանց պրոթեզավորմանը, զբաղվածության ապահովմանը։

«Ընդհանուր առմամբ իրականացվել է աջակցության ավելի քան 2 տասնյակ ծրագիր։ Դրանք եղել են ինչպես ֆինանսական աջակցության տրամադրման, այնպես էլ հյուրընկալության, ժամանակավոր աշխատանքով ապահովման ուղղվածությամբ։ Ծրագրերի մի մասն առաջին արձագանքման էին, մյուսները՝ քաղաքացիներին երկարաժամկետ աջակցության, նրանց կայունացմանն ուղղված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը։

Զառա Մանուչարյանը ընդգծեց որ, թեպետ նախարարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումներն ավարտվել են, բայց այս պահի առաջնահերթություններից է շարունակում մնալ արցախցիների համար բնակարանաշինության հարցը, որի նպատակով իրականացվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այն 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված առանձին խումբ արցախցի ընտանիքներին հնարավորություն է՝ ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները՝ պետության աջակցությամբ։

 Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորումը։ «Այսինքն, արցախցի մեր հայրենակիցները ծրագրի շրջանակում Երևանում տուն ձեռք բերելու դեպքում աջակցություն կստանան 8 մլն դրամի չափով, ՀՀ մարզային բնակավայրերում՝ 10 մլն, Արցախում 12 մլն դրամի չափով (համապատասխանաբար աջակցություն նաև՝ հաշվեգրվող մինչև 8%, 10%, 12% տոկոսագումարի գծով)»,-ասաց նա:

Նա ասաց, որ թեպետ ծրագրի շրջանակում հավաստագրերի տրամադրման գործընթացը նախատեսվածից ավելի դանդաղ ընթացավ, քանի որ պոտենցիալ շահառուների դիմումների և Արցախի ՏԿԵ նախարարության կողմից տրամադրված տվյալների համադրումը ժամանակատար էր, բայց առաջիկայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստագրերի տրամադրման գործընթացը ևս կամբողջացնի։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նախարարի խոսնակը նշեց, որ պատերազմից հետո ունեցել են հաշմանդամություն ձեռք բերած 1498 անձ․ նրանցից մեծ մասի մոտ սահմանված է եղել հաշմանդամության 3-րդ խումբ։ Վերափորձաքննությունների արդյունքում՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը 1107 է։ Վերջիններս, ըստ կարիքի և սահմանված ընթացակարգերով, ապահովվել են աջակցող միջոցներով՝ սայլակներ, քայլակներ և այլն․ ժամանակակից պրոթեզներով ապահովվել է դրա կարիքն ունեցող 136 անձ։

Ինչ վերաբերվում է պատերազմի մասնակիցների զբաղվածության ապահովմանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացրել և շարունակում է իրականացնել միջոցառումներ նաև այդ նպատակով՝ պատերազմի մասնակից, այդ թվում՝ հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների մասնագիտական ուսուցման և զբաղվածության աջակցության ուղղությամբ։

«Նախորդիվ իրականացված ծրագրերը եղել են և՛ պետական ֆինանսավորմամբ, և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ․ ընդհանուր առմամբ դրանք հնարավորություն են տվել վերապատրաստել պատերազմի հազարից ավելի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների»,- ասաց նախարարի խոսնակը։

Նա հավելեց, որ Սոցապ նախարարությունն այս պահին էլ ունի գործող ծրագիր՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիների մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով։« Ծրագիրն ունի երեք բաղադրիչ, բայց եթե ամբողջացնենք դրա նպատակը կարող ենք ձևակերպել, որ այն հնարավորություն է սահմանված չափով փոխհատուցել պատերազմի մասնակցի ուսման վճարը, նրա համար երաշխավորել աշխատանք և միաժամանակ թեթևացնել նաև նրան աշխատանքով ապահովող գործատուի հարկային բեռը»,- ասաց խոսնակը:

 Նախարարությունում՝ ծրագրի շրջանակում, այս պահին էլ շարունակում են ընդունել դիմումներ․ հետաքրքրված քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am