Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի սահմանադրական հանձնաժողովը առաջարկում է սահմանադրորեն ամրագրել երկքաղաքացիություն ունենալու իրավունքը

Արցախի սահմանադրական հանձնաժողովը առաջարկում է սահմանադրորեն ամրագրել 
երկքաղաքացիություն ունենալու իրավունքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):

«Պետք է նշենք, որ ո´չ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ո´չ էլ 2017 թվականի Արցախի Հանրապետության Սահմանադրություններով անդրադարձ չի կատարվել երկքաղաքացիությանը (կրկնակի քաղաքացիությանը): Ընդ որում, Սահմանադրությամբ նախատեսված չլինելը երկքաղաքացիությունն (կրկնակի քաղաքացիությունն) Արցախի Հանրապետությունում բացառելու հիմք չեն: Այդ մասին են վկայում կազմավորման պահից ի վեր Արցախի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերը, որոնցով մանրամասնվել են երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները: Այսպես, դեռևս 1992 թվականի հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին» հռչակագրով սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թույլատրվում է երկակի քաղաքացիություն:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանվեց, որ կրկնական քաղաքացիության ձեռքբերման կարգը և հիմքը կարգավորվում է այլ պետությունների հետ պայմանագրերով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով էլ կարգավորվեցին կրկնակի քաղաքացիության հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացի կամ օտարահպատակ և կատարել այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացու կամ օտարահպատակի պարտականությունները՝ … օրենքին համապատասխան, եթե դա նախատեսված է կողմերի միջև կնքված միջազգային իրավական ակտերով»,- նշված է նախագծում:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործնականում այդ իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմքերի ամրագրման նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով՝ Սահմանադրությունում ամրագրելով հետևյալը. «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության օրենքներին և/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am