Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայ սպաները Առաջին համաշխարհային պատերազմի օրերին. Լույս է տեսել հանրագիտարանային արժեք ներկայացնող աշխատություն

Հայ սպաները Առաջին համաշխարհային պատերազմի օրերին. Լույս է տեսել 
հանրագիտարանային արժեք ներկայացնող աշխատություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թեեւ հայ ժողովուրդը մարդկային, նյութական, մշակութային ծանր կորուստներ է կրել, սակայն հայ զինվորն ու սպան կերտել են հերոսական էջեր։ Օրեր առաջ «Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Առաջին համաշխարհային պատերազմի հայ սպաներ. Հայաստանի Հանրապետության բանակի սպաներ 1914-1920 թթ.» գրքի շնորհանդեսը։ Հանրագիտարանային արժեք ներկայացնող հսկայական աշխատությունը (1390 էջ ծավալով) տեղեկություններ է պարունակում 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավելի քան յոթ հազար հայերի, ինչպես նաեւ 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած հայ սպաների եւ այլ ազգերի ներկայացուցիչների մասին։

Գրքի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը։ Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի ազգային արխիվի, ռուսական արխիվների եւ պատմական տարբեր աղբյուրների հիման վրա։ Ամատունի Վիրաբյանի խոսքով, իրենց նպատակն է եղել ոչ միայն կենսագրական տեղեկություններ հաղորդել հայ սպաների եւ նրանց անձնուրաց գործունեության մասին, այլեւ հերքել այն թյուր կարծիքը, թե հայերը միայն արհեստավորներ կամ վաճառականներ են եղել եւ Ռուսական կայսրությունում ապրել են միայն հարստանալու համար։ Մինչդեռ ռուսական բանակում ծառայում էին մեծ թվով հայ սպաներ եւ զինվորներ։ «Այս գործը սկիզբ ունի, բայց վերջ չունի, քանի որ գործը շարունակվում է այսօր։ Այս աշխատանքով մոռացությունից փրկեցինք յոթ հազար սպաների անուններ, ներկայացրինք լուսանկարներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Բացի այդ, փորձել ենք ցույց տալ, թե ինչպիսի հայ սպաներ ենք ունեցել, որոնց հաղթական գործը պետք է շարունակվի այսօր»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ գիրքը արխիվային մասնագետների մի քանի տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունք է։

Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանը գրքի հրատարակումը կարեւորեց պատմական տեսանկյունից. այն հնարավորություն կտա հանրության լայն շրջանակներին տեղեկանալու Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսական կայսրության զորքերում հայերի ունեցած եզակի դերի ու նշանակության մասին։ «Յոթ հազար սպա, վաթսուն գեներալ, որոնց մեծ մասն արժանացել է կայսրության բարձրագույն զինվորական կոչումների եւ պատվի: Ռուսական պետության ավելի մեծաթիվ ազգերը չեն ունեցել այդքան արդյունավետ, լուրջ եւ պատմականորեն նշանակալի դեր։ Մյուս կողմից, երբեւէ որեւէ պետության բանակում այսքան մեծ թվով հայ սպաներ չեն եղել»,- ասաց Ռուբեն Միրզախանյանը։

«Մենք միշտ հպարտանում ենք մեր ձեռագրերով։ Այսօր ունենք զինվորական ցուցակ, որի յուրաքանչյուր զինվոր իր դերն է ունեցել մեր կյանքում, եւ այդ դերը չի ավարտվում նրա կյանքի ավարտով»,- նշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ շնորհանդեսի մասնակիցներին փոխանցելով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունը։ Սրբազանի խոսքով, հատորի հրատարակությունը խորհրդանշական ու դաստիարակչական դեր ունի հատկապես մեր օրերում, երբ բոլորս գիտակցում ենք հզոր ու մարտունակ բանակի կարեւորությունը։

Նշենք, որ պատմական եւ կենսագրական աշխատության երկրորդ հրատարակության լույս ընծայումը ֆինանսավորել է բարերար Հրաչյա Պողոսյանը։ Վերջինս բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների շարքում հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող հայոց կաթողիկոսների շիրիմներին։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am