Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ադրբեջանը Ժնևի կոնվենցիաների խախտմամբ գերեվարել է ճանաչված առնվազն 7 ռազմագերու. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանը Ժնևի կոնվենցիաների խախտմամբ գերեվարել է ճանաչված առնվազն 7 ռազմագերու. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում:

Մարգարյանը նախ երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի նախագահությանը՝ ՀՀ ԱԳ նախարարի խնդրանքով հրատապ նիստ գումարելու համար։

«Հանդիպումը տեղի է ունենում իմ երկրի համար ծանր պահին, քանի որ հանցավոր ագրեսիայի գործողություններ են իրականացվել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտումով։ Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան, Հայաստանի հարևանը՝ արևելյան հատվածից, որը մի քանի անգամ ավելի մեծ է՝ տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով: Ադրբեջանի թշնամական վարքագծի, հռետորաբանության և չվերահսկվող, անհամաչափ բռնության արձանագրումը ցույց է տալիս միջազգային իրավունքի յուրաքանչյուր դրույթի, նորմի բացարձակ անտեսման ամենավտանգավոր օրինակն ու բացահայտում է Ադրբեջանի՝ տարածաշրջանում պատերազմներ, ավերածություններ և անկայունություն հրահրելու հստակ մտադրությունը»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակումը խլել է 105 մարդու կյանք, կան տասնյակ վիրավորներ, անհետ կործածներ, տարբեր տեսակի նյութական վնասներ, այդ թվում վնասվել են քաղաքացիական բնակավայրեր և ենթակառուցվածքներ: Այս պահին թվերը միայն նախնական են։ Քաղաքացիների մոտ 200 տներ լուրջ վնասվել են, դրանցից ավելի քան 60-ն ամբողջությամբ ավերվել է։

Մարգարյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ, այդ թվում՝ 370 երեխա և հաշմանդամություն ունեցող 55 անձ:

«Ջերմուկ առողջարանային քաղաքի հրետակոծությունը, որը բացարձակապես չունի ռազմական թիրախներ, ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն, ինչպես նաև հարվածները Կեչուտի ջրամբարի վրա: Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ գերեվարվել է առնվազն 7 ճանաչված ռազմագերի, վիդեո ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում կարող են լինել ավելի շատ գերիներ: Հարձակման թիրախ են դարձել ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի լրագրողները, որոնք կատարում էին իրենց աշխատանքը՝ լուսաբանում էին իրադարձությունները»,-շեշտեց Մարգարյանը:

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստն անցկացվում է ՀՀ տարածքայի  ամբողջակաության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am