Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել է. ՀՀ ՄԻՊ-ը փաստեր է ներկայացնում

Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ 
տեղահանվել է. ՀՀ ՄԻՊ-ը փաստեր է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստահավաք աշխատանքներ իրականացնել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից և լուսանկարներից, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։

Ըստ պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահն առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։

Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։

Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։ Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։

Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։

«Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։

Ադրբեջանական մեդիա տիրույթում հայատյացության արձանագրված մակարդակը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից, շատ վտանգավոր է և ըստ նախորդիվ փորձի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մեծ ռիսկ է գեներացնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով գրավոր կերպով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am