Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

ՀՀ ԱԺ նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը նպաստելու ուղղությամբ

ՀՀ ԱԺ նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել 
Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը նպաստելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ:

«Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիսի, Իշխանասարի, Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի եւ ականանետերի կիրառմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես նշված է նամակներում:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաեւ միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ գնդակոծում:

«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են տուժել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:

ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին:

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող եւ ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետեւանքով նաեւ: Նպատակաուղղված արձագանքի եւ համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար եւ նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am