Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԿԽՄԿ-ն հիշեցնում է ռազմական գործողությունների ժամանակ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին

ԿԽՄԿ-ն հիշեցնում է ռազմական գործողությունների ժամանակ մարդասիրական 
իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին  սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից։

«Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները ստորագրած բոլոր կողմերի պարտավորությունն է», - ասել է ԿԽՄԿ գործառնությունների գծով ղեկավար Մարտին Շյուպը։ - Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց աջակցելու մեր հանձնառությունը։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք հանդես գալու որպես չեզոք միջնորդ, մասնավորապես՝ այցելել ազատազրկված անձանց, եթե այդպիսիք կան, իսկ կողմերի փոխհամաձայնության և ցանկության դեպքում՝ նաև նպաստել նրանց հայրենադարձմանը։ Բացի այդ, պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում»։

ԿԽՄԿ-ն հիշեցնում է կողմերին քաղաքացիական և ռազմական գործողություններին մասնակցող անձանց տարբերակման անհրաժեշտության մասին։ Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ խնայելու քաղաքացիական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ առողջապահական հաստատությունները և բուժանձնակազմը։ ԿԽՄԿ-ն նաև գնահատում է առկա հումանիտար իրավիճակը՝ տուժած բնակչության հրատապ կարիքներին արագ արձագանքելու նպատակով։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am