Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և Գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին. hանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ հանրային կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են, որոնց իրագործումը, ինչպես մի շարք համապետական նշանակության այլ կարևորագույն բարեփոխումների իրագործումը, ստանձնել է Արդարադատության նախարարությունը:
«Սուսանն Ռոթը կիսվել է հանրային կառավարման ոլորտում իր ունեցած փորձով, պատրաստակամություն հայտնել ներդրումային ծրագրերից զատ, աջակցություն ցուցաբերել նաև մասնագիտական և փորձագիտական աշխատանքներում ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ ոլորտում գործուն համագործակցության վերաբերյալ՝ ընդհուպ ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր:
Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ձևավորման ընթացքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարեսկզբին: Նախարարը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները, դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումները, ինչպես նաև խոսել է նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության և կառուցվելիք նոր քրեակատարողական հիմնարկի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Ասիական զարգացման բանկի գործընկերների այցի նպատակն է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալը և նոր ոլորտներ թիրախավորելը, որոնք կարող են նոր համագործակցության սկիզբ լինել Արդարադատության նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև: