Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Ոսկե դարաշրջան գիտության համար. գիտնականները և հյուրերը ներկայացրեցին STARMUS VI -ին մասնակցելու իրենց պատճառները

Ոսկե դարաշրջան գիտության համար. գիտնականները և հյուրերը ներկայացրեցին  
STARMUS VI -ին մասնակցելու իրենց պատճառները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS VI միջազգային փառատոնին հրավիրված գիտնականները խոսեցին  փառատոնին իրենց մասնակցության պատճառների, դրա կարևորության և միևնույն գաղափարի շուրջ հավաքվելու մասին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ գիտնականների, սա լավ հնարավորություն է շփվելու և միմյանց աշխատանքները գնահատելու համար:

Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր Դեյվիդ Այքերն ասաց, որ իր համար շատ հաճելի է ներկա լինել փառատոնին, քանի որ STARMUS-ն իսկապես աննախադեպ է:

«Փառատոնի համահիմնադիրներ Գարիկ Իսրաելյանը և  Բրայան Մեյը ցանկացել են, որ մենք  տոնենք ուղեղային աշխատանքի  այս համադրությունը՝ այսինքն վերլուծական մտածողության  և արվեստի միավորումը, Հայաստանում: Սա գիտական բացառիկ իրադարձություն է, կարելի է ասել`  ոսկե դարաշրջան Լուսնի վրա ոտք դնելուց հետո: Մենք լիահույս ենք, որ դուք կվայելեք և նույն հուզմունքը կապրեք՝ այստեղ հյուրընկալելով նոբելյան մրցանակակիրների, աստղագետների, տիեզերագնացների, կլսեք նրանց դասախոսությունները և բազմաթիվ միջոցառումներ, որոնք կիրականացվեն այս օրերին»,-ասաց Այքերը:  

Շվեյցարացի աստղաֆիզիկոս և Ժնևի համալսարանի աստղագիտության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, արևանման աստղի շուրջ հայտնաբերված առաջին էկզոմոլորակը` 51 Pegasi b-ն գտնելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Միշել Մայորը  նշեց, որ կար ժամանակ, որ մարդկությունը նույնիսկ չգիտեր, ինչպես է ստեղծվել  Արեգակն և ինչպես են առաջացել մոլորակները:

«Եվ միայն Էյնշտեյնի հեղափոխական բացահայտումից հետո հնարավոր եղավ ամբողջովին պատկերացում ունենալ դրա մասին: Ես կուզեմ նշել, որ  մենք բացառիկ հնարավորություն ունենք խոսել մարդկանց հետ, բացատրել իրենց, թե ինչպես են տիեզերքն ու մարմինները փոխկապակցված: Եվ ուրախալի է, որ այսօր տեխնիկական զարգացումները մեզ հնարավորություն են տալիս լիարժեք պատասխան տալ տիեզերքում գտնվող գրեթ բոլոր երևույթներին: Ես ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք  հանրության հետ կիսելու մեր փորձը, ինչպես նաև ինքներս ունկնդրելու մյուս գիտնականների աշխատանքները»,-ասաց նա:

Ֆրանսիացի պրոֆեսոր և միկրոկենսաբանության, գենետիկայի և կենսաքիմիայի հետազոտող Էմանուել Շարպանտիեն ընդգծեց, որ իր համար մեծ հաճույք է գտնվել Հայաստանում, քանի որ նա ունի հայկական արմատներ:

«Կարելի է ասել` մշակույթի և գիտության այս խաչմերուկում ինձ համար շատ կարևոր էր այս փառատոնի գաղափարը  և նպատակը: Եվ ինչպես արդեն նշվեց,  շատ հաճելի է գիտության և արվեստի այս միատեղումը՝  փառատոնի շրջանակներում: Եվ պատճառներից մեկը, թե ինչու եմ ես կարևորում և սիրում այս փառատոնը, այն է, որ մենք ընդհանրապես շատ քիչ ենք տոնում, նշում գիտության ոլորտին վերաբերվող իրադարձությունները, իսկ այստեղ միավորելն այն  երաժշտության հետ շատ հետաքրքիր է նաև գիտության համար»,- ասաց Էմանուել Շարպանտիեն:

Նա ընդգծեց, որ սա նաև շատ լավ հնարավորություն է միմյանց աշխատանքը գնահատելու համար:

Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին նշեց, որ փառատոնը գիտական բացառիկ իրադարձություն է:

«Մեր մտքում էլ գիտությունն ու արվեստը այնքան փոխկապակցված են, որ դրանց միջոցով ենք մենք տարանջատում աշխարհը և ընկալում նրա բոլոր արժեհամակարգային շերտերը: Եվ, իհարկե, կլիմայական գիտնակաների համար անչափ կարևոր է, որպեսզի մենք գիտակցենք մեր արած գիտական նորարարությունների և աշխատանքի կարևորությունը մեր աշխարհում և մոլորակի համար»,- եզրափակեց նա:

Աստղագնաց լինելու ամենադրական մասերից մեկը, ըստ Ամերիկացի ինժեներ և ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Գարեթ Ռայսմանի, այն է, որ միշտ առնչություն ես ունենում այն մարդկանց հետ, որոնք լավագույնն են այդ ոլորտում:

«STARMUS փառատոնը նրա մասին է, որ այստեղ կարող են ներգրավված լինել ոչ թե հաջողակ մարդիք, այլ հասարակ, նույնիսկ գիտությամբ չզբաղվող մարդիկ, որոնք այսօր էլ ներկա են: Եվ ինձ համար այստեղ գալը իսկապես նվեր է»,-եզրափակեց նա:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի, Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am