Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինչով է պայմանավորված մշակույթի, զվարճությունների և հանգստի ճյուղի վերելքը

Ինչով է պայմանավորված մշակույթի, զվարճությունների և հանգստի ճյուղի վերելքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակույթի, զվարճությունների և հանգստի ճյուղը վերջին տասնամյակում ամենաբարձր միջին աճի տեմպն է ունեցել տնտեսության ճյուղերի մեջ՝ ՀՆԱ-ում տեսակարար կշռով գերազանցելով անգամ հանքարդյունաբերությանը և ֆինանսական ոլորտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է ընդգծվում է «Ամբերդ» տեղեկագրի «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղի վերելքի ֆենոմենը և վիճակագրական գլուխկոտրուկը հոդվածում (հեղինակ՝ տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կարապետյան):

Հեղինակը նկատել է, որ, սակայն, «հաջողության պատմության» այս տպավորությունը խամրում է, երբ պարզ է դառնում, որ, գործնականում, այս անվանման տակ «թաքնված» է խաղային ոլորտը։

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

ՀՀ մակրոտնտեսական վիճակագրությանը քիչ թե շատ տեղյակները վստահաբար ծանոթ են «Մշակույթ, զվարճություններ, հանգիստ» ճյուղի ֆենոմենին։ Վերջինիս աճի տեմպը 2008- 2018 թվականների ընթացքում ավելացել է մոտ 17 անգամ, իսկ տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ընդամենը 0.6%-ից բարձրացել է մինչև 5.6%՝ հետևում թողնելով այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, կրթությունը, առողջապահությունը, ֆինանսական ոլորտը և այլն՝ ընդհուպ մոտենալով շինարարությանը։ Նման աճի պայմաններում ճյուղը սկսել է զգալի դերակատարում ունենալ նաև տնտեսական աճի քարշող ուժերի շարքում։ Այսպես՝ 2015 թվականին տնտեսական աճի 3.5% ցուցանիշից 1.3 տոկոսային կետը, այսինքն՝ ավելի քան մեկ երրորդն ապահովվել է այս ճյուղի հաշվին։ 2015-2018 թվականներին դրա հաշվին է ապահովվել յուրաքանչյուր տարվա տնտեսական աճի՝ միջինում 4% ցուցանիշից 1 տոկոսային կետը։ Տնտեսությունը, անշուշտ, մշտապես կառուցվածքային փոփոխությունների գործընթացում է, վերջին տասնամյակում համեմատաբար փոքր ճյուղերն ավելի բարձր աճի տեմպով իրենց կշիռը բարձրացրել են, մինչդեռ «Մշակույթ, զվարճություններ, հանգիստ» ճյուղն այս գործում բացարձակ «չեմպիոն» է։ Վերջինս աճի միջին տեմպով առաջ է անցել բոլոր ճյուղերից՝ մոտ կրկնակի գերազանցելով իր կշռի համար սպասելի աճի տեմպը։

Ճյուղի «հաջողության պատմությունը», իհարկե, տպավորիչ է, սակայն այդ տպավորությունը խամրում է, երբ ուսումնասիրում ենք ներքին կառուցվածքը։ Ամբողջ ճյուղի ավելացված արժեքի 93%-ը՝ շուրջ 220 մլրդ դրամ, պայմանավորված է «վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» ենթաճյուղով, որտեղ, գաղտնիք չէ՝ բանալի բառը բուքմեյքերական գործունությունն է։ Առաջին հարցը, որ առաջանում է ճյուղի շարժընթացը դիտարկելիս, այն է, թե ինչն է հանգեցրել նման ագրեսիվ ընդլայնման։ Սակայն, նույնքան կարևոր է պարզել, թե վերջին երկու տարիներին ինչու է կտրուկ նվազում արձանագրվում ճյուղում։ Այսպես՝ 2021 թ.-ին ճյուղի ավելացված արժեքը 1.7 անգամ ավելի ցածր է, քան 2019 թ.-ին, ինչը զգալիորեն շեղում է մակրոտնտեսական վիճակագրությունը։ Բավարար է նշել, որ եթե 2021 թ.-ին ճյուղն անկում չապրեր և մնար նույն մակարդակում, տնտեսական աճը կկազմեր ոչ թե 5.7, այլ 7.2 տոկոս, որը շոշափելի տարբերություն է։ Նախ՝ փորձենք մեզ հասանելի տեղեկությունների հիման վրա հասկանալ ճյուղի վերելքի ֆենոմենը։ Չխորանալով փորձագիտական մակարդակի գիտելիք պահանջող որոշակի գործոնների ազդեցությունների գնահատման մեջ (օրինակ՝ տեխնոլոգիական նոր համակարգերի ներդրում և կատարելագործում, հասարակության մեջ նման ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացում, ակտիվ գովազդի ազդեցություն և այլն), ճյուղը դիտարկենք՝ ելնելով բիզնես տրամաբանությունից՝ շահութաբերության տեսակետից։

2012-2020 թվականներին ճյուղի ավելացված արժեքում աշխատավարձի և շահույթի փոփոխությունը եղել է չափազանց անհամաչափ։ Եթե նշված ժամանակահատվածում աշխատավարձն աճել է ընդամենը 2, ապա շահույթը՝ 10 անգամ։ Արդյունքում, շահույթի կշիռն ավելացված արժեքում շուրջ 50%-ից բարձրացել է մինչև 85%։ Ասել է թե՝ ոլորտի կազմակերպությունները 2020 թ.-ին վճարել են ընդամենը 40 մլրդ դրամ աշխատավարձ, մինչդեռ ստացել են 260 մլրդ դրամի շահույթ։ Ընդ որում, շահույթի կշռի ցուցանիշով (արտադրանքի շահութաբերություն) ճյուղը զիջում է միայն «Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» ոլորտին, իսկ միջին ցուցանիշից, որը 54 տոկոս է, բարձր է 30 %-ային կետով։ Այս տվյալները համահունչ են նաև ըստ ակտիվ­ների շահութաբերության ցուցանիշներին, որտեղ ճյուղը բացարձակ առաջատար է եղել 2020 թվականին՝ 11.2%, երբ, օրինակ, «Տեղեկատվություն և կապ» ոլորտի շահութաբերությունը գնահատվել է ընդամենը 2.8%։ Այս տեսակետից ճյուղի ագրեսիվ ընդլայնումն ավելի հասկանալի է դառնում։ Ոլորտը շահութաբերության գերբարձր ցուցանիշներ ունի, ինչը հնարավորություն է տալիս ավելի ու ավելի մեծ ներդրումներ կատարելու տեխնոլոգիաներում և մարքեթինգում՝ ապահովելով «ձնագնդի» էֆեկտ՝ աճի ինքնաշխատ պարբերաշրջան։

Սակայն, այս պատմության մեջ չեն «տեղավորվում» 2020 և 2021 թվականները, երբ շահութաբերությունը նույնիսկ ավելացել է, իսկ ճյուղի ավելացված արժեքը՝ նվազել։ Եթե անգամ 2020 թվականի անկումը փորձենք բացատրել կորոնավիրուսի  համավարակի ճգնաժամի և Արցախյան պատերազմի ազդեցությամբ (թեպետ սրան էլ դժվար է հավատալ, քանի որ 2020 թ.-ին ճյուղում զբաղվածների թիվը, ըստ ՀՀ ՎԿ-ի, 500-ով ավելացել է, մյուս կողմից՝ այդ ծառայությունների մեծ մասը մատուցվում է առցանց), ապա 2021 թ.-ին, երբ ծառայությունների ոլորտն ակտիվ կերպով վերականգնվել է, նույն բացատրությունը ընդհանրապես չի կարող տեղին լինել։

Հենց սա է պատճառը, որ փորձագիտական դաշտում հաճախ կասկածի տակ է առնվում ճյուղի պաշտոնական վիճակագրության հավաստիությունը՝ հաշվի առնելով ոլորտի կազմակերպությունների հարկերի վիճակագրության և Վիճակագրական կոմիտեի ներկայացրած թողարկման և ավելացված արժեքի տվյալների խզումները։ Այս անհանգստությունը, կարծում ենք՝ անտեղի չէ։

 Այսպես՝ դիտարկումը ցույց է տալիս, որ չնայած, ըստ ՎԿ տվյալների, 2021 թվականին ճյուղի ավելացված արժեքի 30% նվազմանը, բուքմեյքերական 6 ընկերությունների վճարած հարկերն աճել են գրեթե 80%-ով։ Ավելին, դիտարկելով 6 ընկերություններից 5-ի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված հասույթի ցուցանիշները, կարելի է տեսնել, որ վերջիններիս հանրագումարն աճել է 63.5%-ով։

Այս պայմաններում ակնհայտ է, որ ՀՀ ՎԿ արձանագրած մոտ 30% անկման ցուցանիշը հակասում է տեսանելի զարգացումների տրամաբանությանը: Բացի այդ, ոլորտի կազմակերպությունների հասույթի հանրագումարային ցուցանիշը շուրջ կրկնակի ցածր է ՎԿ-ի կողմից ներկայացվող ավելացված արժեքի ցուցանիշից, ինչը ևս հանելուկային է (հաշվարկից բացակայող մեկ կազմակերպության ցուցանիշը կարող է գնահատվել մոտ 10 մլրդ դրամ, և պատկերը մնում է անփոփոխ)։ Պետք է նկատել, որ ճյուղի ներկա կշռի պայմաններում համապատասխան վիճակագրության հավաստիության վերաբերյալ հարցերն ինքնաբերաբար տարածվում են ամբողջ ՀՆԱ և հետևաբար՝ տարվա տնտեսական աճի ցուցանիշի վրա, ինչն էլ ավելի է սրում խնդրի կարևորությունը։ Վստահելի վիճակագրությունը կարևոր է ոլորտի զարգացումները հասկանալու համար, սակայն ինչ տվյալներ էլ դիտարկենք, արձանագրված վերելքը խնդրահարույց է։ Այսպես՝ եթե անգամ մի կողմ թողնենք ոլորտի ավելացված արժեքի վերաբերյալ ՀՀ ՎԿ տվյալը (220 մլրդ դրամ), և դիտարկենք մեր իսկ հաշվարկած հանրագումարային հասույթի ցուցանիշը (120 մլրդ դրամ), համադրելով այլ երկրների հետ, այն բավական բարձր մակարդակ կունենա։ Այսպես՝ 15 եվրոպական երկրներում խաղային ոլորտի հասույթի և ՀՆԱ հարաբերակցության միջինը 0.6% է, մինչդեռ Հայաստանի ցուցանիշը, ըստ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա մեր հաշվարկած ցուցանիշի, շուրջ եռակի բարձր է՝ 1.7% : Սա, իհարկե, կարող էր նույնիսկ դրական լինել, եթե գործ ունենայինք ծառայությունների արտահանման հետ։ Ոլորտի տնտեսական ազդեցություններն ուսումնասիրողները վկայում են, որ ճյուղի տնտեսական ազդեցությունները պետք է գնահատել, նախևառաջ, արտահանման տեսանկյունից։ Ոլորտի դրական ազդեցությունների մասին խոսողները, որպես փաստարկ, հիմնականում նշում են հենց զբոսաշրջիկների շնորհիվ ապահովվող լրացուցիչ եկամուտները (այստեղ կարելի է ներառել նաև այլ երկրների քաղաքացիների՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով տվյալ ծառայություններից օգտվելը), զբաղվածությունը և վճարած հարկերը։ Սակայն, ըստ Similarweb հարթակի տվյալների, Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների կայքեր այցերի 98-99 տոկոսը կատարվում է Հայաստանից, ինչն առանձնապես չի հիմ­նավորում դրական ազդեցությունների մասին հիմնադրույթը։ Փոխարենը՝ հնարավոր չէ վիճարկել այն տեսակետը, որ խաղային ոլորտի աճը հասարակության համար առաջացնում է սոցիալական «ծախսեր»՝ մարդկանց բնականոն կյանքի խաթարմամբ, սնանկացումներով, հանցավորության աճով և այլն։ Մյուս կողմից, ընդունված է համարել, որ ոլորտը հասարակության համար ենթադրում է, այսպես ասած, «հետընթաց (ռեգրեսիվ) հարկ», քանի որ մոլախաղերից, սովորաբար, անհամաչափորեն տուժում են ավելի ցածր եկամուտ ունեցողները, ինչն անհավասարության խորացման ազդեցություն է ունենում։

 Տարբեր աղբյուրների տվյալների դիտարկման վրա հիմնված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ բուքմեյքերական գործունությունը դեպի իրեն է կողմնորոշել ՀՀ տնտեսության զգալի ռեսուրսներ, որոնք, այլ հավասար պայմաններում, կարող էին ներդրումների միջոցով օժանդակել կապիտալազինվածության և արտադրողականության մակարդակի բարձրացմանը և տնտեսական զարգացման այլ ենթանպատակների։ Ընդ որում, նկատի ունենալով, որ դեպի այս ոլորտ ֆինանսական հոսքերը, ըստ էության, բարձր ռիսկայնությամբ մեծ եկամուտ փնտրող, առավել հաճախ անհատների՝ փոքր ծավալների գումարներ են, արդյունավետ քաղաքականության դեպքում դրանք կարող են դառնալ կապիտալի շուկայում ներդրումային պահանջարկ, որի համար, սակայն, անհրաժեշտ է կիրառել համապատասխան գործիքակազմ և ակտիվ հաղորդակցման քաղաքականություն։

Դժվար չէ նաև նկատել, որ ճյուղի վրա բավական մեղմ է հարկային բեռը։ Օրինակ՝ ինտերնետ շահումով խաղերի դեպքում դա կարելի է գնահատել 8.6%-ից (ըստ ՀՀ ՎԿ ավելացված արժեքի տվյալների) մինչև 18.7% (ըստ կազմակերպությունների հասույթի վերաբերյալ մեր գնահատականի), մինչդեռ ամբողջ տնտեսության մակարդակով, հարկեր/ՀՆԱ տեսանկյունից, 2021 թ.-ին՝ 22.7%։ Մինչդեռ, հաշվի առնելով ճյուղի առաջացրած սոցիալական «ծախսերը» (տնտեսագիտական եզրաբանությամբ՝ բացասական արտաքին էքստերնալները), տրամաբանական կլիներ ոլորտի համար ակնկալել միջինից ավելի բարձր հարկային բեռ։ Ակնհայտ է, որ ոլորտի հետ կապված հիմնախնդիրները բազմաթիվ են՝ սկսած վիճակագրական հաշվառումից, վերջացրած արդյունավետ հարկման և կարգավորման համակարգերով։ Դրանք առանձնակի ուշադրություն և լուծումներ են պահանջում, քանի որ, ուզենք թե ոչ, «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղը ՀՀ տնտեսական կյանքում հանդես է գալիս որպես նշանակալի գործոն՝ միաժամանակ վերածվելով բազմաթիվ ռիսկերի աղբյուրի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am