1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյուղատնտեսական հողերի միավորման աջակցության ծրագրից օգտվել ցանկացողները կարող են դիմել սեպտեմբերի 15-ից

Գյուղատնտեսական հողերի միավորման աջակցության ծրագրից օգտվել ցանկացողները 
կարող են դիմել սեպտեմբերի 15-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025 թվականների պետական ծրագրին մասնակցել ցանկացողները սեպտեմբերի 15-ից արդեն կարող են դիմել: Ծրագրից օգտվել ցանկացողների առաջին կանգառը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ նախ ծրագրից օգտվել ցանկացողները ներկայացնում են համապատասխան դիմում: Այն հաստատվելուց հետո կնքվում է պայմանագիր, որից հետո մեկնարկում են հողերի կոնսոլդիացիայի աշխատանքները: Բոլոր փաստաթղթերը հավաքագրելուց, կոնսոլիդացիայի գործընթացն իրականացնելուց հետո արդյունքները ներկայացվում են նախարարությանը: Համապատասխան մոնիթորինգից, համապատասխանելիությունը հաստատվելուց հետո, սկսվում են հողային բարելավման աշխատանքները: Այնուհետև ամբողջացնում են ծախսը հիմնավորող փաստաթղթերը, ներկայացնում են նախարարություն և համապատասխան մոնիթորինգից հետո կատարվում է փոխհատուցում:  

Առկա իրավիճակը

Հայաստանում այսօր վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի օգտագործվում: Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, քննարկումներ ունենալով տեղի մասնագետների հետ՝ ՀՀ կառավարությունը դիտարկել է մի քանի մոտեցում: Սահմանվել է նպատակ՝ ստեղծել այն միջավայրը, որտեղ վարելահողերի օտարման գործընթացը հեշտությամբ կկատարվի, կբարձրացվի արտադրողականությունը:

«Այսօր հողի սեփականատերերի շուրջ 80 տոկոսը մինչև 2 հա սեփականություն ունի: Նրանց 40 տոկոսն ունի 3 միավոր հողակտոր, 25 տոկոսը՝ 5 և ավելի միավոր: Միջին հողակտորը շուրջ 1,4 հա է: Այսօր խնդիր է դրվել բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի արտադրողականությունը: Մասնատված, փոքր հողակտորները խնդիր են թե լոգիստիկ, թե ծախսերի, թե ոռոգման առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման առումով: Մի բան է դու մեկ հողակտորի վրա ես իրականացնում ծախսեր, մեկ այլ բան է դա իրականացնել մի քանի հողակտորի վրա: Ստիպված ես լինում ծախսերը կրկնակի կատարել»,-ասաց Արման Խոջոյանը:

Հողերը չմշակման պատճառներից են փաստաթղթերը, սեփականության իրավունքի հարցերը, հողերի մելորատիվ վիճակը, ջրի պակասը: ՀՀ կառավարության համար այս խնդիրները ուղղորդիչ դեր են ունեցել հողային բարեփոխումներին ուղղված աշխատանքներում: Կառավարության կողմից հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025 թվականների պետական ծրագրում» տեղ են գտել վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:

Ծրագրով նախատեսված աջակցությունն ու պարտադիր պայմանները

Ծրագիրը հետևյալի մասին է: Նախատեսվում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և ծրագրով նախատեսված աշխատանքների (հողերի մելիորացման և ջրավազանի կառուցման) կատարման համար այդ ծախսերը փոխհատուցել 50 տոկոսի չափով: Նախարարության կողմից գնահատված ցուցանիշների համաձայն՝ նշված աշխատանքների համատեքստում 1 հա-ի ծախսը 2 մլն 760 հազար դրամ է:

«Ծրագրով սահմանվել են չափանիշներ, որ սահմանված աջակցությունը նպատակային ուղղվի: Օրինակ, եթե ֆերմերի կամ անհատի կողմից կա հողերի կոնսոլիդացիա իրականացնելու ցանկություն, ապա պարտադիր պայման է այն, որ իր մասնաբաժինը չպետք է գերազանցի ընդհանուրի 20 տոկոսը: Չի կարող այնպես լինել, որ մեկն ունի 29 հա հողատարածք, գնի 1 հա ու մասնակցի ծրագրին: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս փոքր հողակտորները միավորվեն»,-ասաց Արման Խոջոյանը:

Առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 30-100 հա-ի միավորման պարագայում առնվազն 10 միավոր, 100-200 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր:

Եվ որպեսզի այնպես չլինի, որ հողերի արհեստական մասնատում տեղի ունենա, ծրագրով դրվել է ևս մեկ սահամանփակում: Ումից, որ ձեռք է բերվում հողը, տվյալ անձը պետք է լինի դրա սեփականատերը վերջին 2 տարվա ընթացքում:

Փաստաթղթավորման հարցերի կարգավորման աջակցություն

Փորձը ցույց է տալիս, որ հողերի սեփականության փաստաթղթերի հետ կապված այնքան խնդիրներ կան, որ խոչընդոտ են դառնում դրանց վաճառքի, ներդրումների հարցում: Արման Խոջոյանի խոսքով՝ փոքր հողակտորի կոնսոլիդացման պարագայում ներդրողն առնչվում է քաշքշուկների, տեխնիկական խնդիրների:

«Եվ երբ ներդրողի կողմից չի լինում համբերատարություն, նվիրում, ի վերջո, չի ունենում ժամանակ, այդ վաճառքն ու ներդրումները չեն կատարվում: Հողային բարեփոխումների շրջանակում նախատեսում ենք ստեղծել միջավայր, որ նման գործարքները երկուստեք ցանկության դեպքում հեշտ տեղի ունենան:  Կառավարությունը նախատեսում է սրան զուգահեռ մեկ այլ պիլոտային ծրագիր իրականացնել: Պետությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել փաստաթղերի հարցերի կարգավորման գործընթացում, և այդ մշակվող հողատարածքներն առաջարկել պոտենցիալ ներդրողին: Մի կողմից բիզնեսը շահագրգռված կլինի ներդրումների հարցում, մյուս կողմից էլ փորձելու ենք փաստաթղթային խնդիրները լուծել: Եթե կան մարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց հողը մշակել, չեն պլանավորում ու տեղադիրքի անհրապույր լինելու պատճառով գնորդներին չեն կարողանում առաջարկել, ապա ՀՀ կառավարությունը պատրաստ է օգնել փաստաթղթերի, հողի գրավչությունը բարձրացնելու հարցում»,-ասաց Արման Խոջոյանը:

 Ակնկալվող արդյունք

Կանխատեսվում է, որ 2023 թվականին կլինի շուրջ 1000 հա հողերի կոնսոլիդացում, մինչև 2025 թվականը՝ 4500 հա:  Նախարարի տեղակալը նշեց, որ այս ծրագրի համար հիմք են հանդիսացել հողային բարեփոխումների շրջանակում տարբեր ֆերմերային, բիզնես խմբերի, անհատների հետ քննարկումները:

«Մենք ունենք ծրագրի համար կանխատեսված բյուջե, որը ելակետային է, սակայն ինչպես ինտենսիվ այգիների, գյուղտեխնիկայի լիզինգի և այլ ծրագրերը ցույց տվեցին, երբևէ չենք սահմանափակվել մեր առջև դրված խնդիրն իրականացնելու հարցում: Որքան պահանջարկ եղել է, պետությունն արձագանքել է: Կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս չենք սահմանափակվի»,-հավելեց Արման Խոջոյանը:

Ծրագիրը շահառուների առումով սահմանափակում չունի, կարող են օգտվել և՛ անհատները, և՛ իրավաբանական անձինք: Կոոպերատիվները ևս կարող է հանդիսանալ որպես իրավաբանական անձ:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]