ԿԲ-ն պահպանում է գնաճի՝ 8.5 տոկոս կանխատեսումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է 2022 թվականի համար կանխատեսել 8.5 տոկոս գնաճ, իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճի կանխատեսմանը, ապա, ԿԲ-ում հավանական են համարում ցուցանիշի վերանայումը՝ դեպի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Այս պահի դրությամբ գնաճի մեր նախորդ կանխատեսումը՝ տարվա վերջի համար, պահպանվում է՝ 8.5 տոկոս»,-ասաց Երիցյանը:
ԿԲ-ն տարվա ընթացքում 4 անգամ է կանխատեսում իրականացնում: Սեպտեմբերին նոր կանխատեսում կանի՝ ելնելով զարգացումներից: «Մեր քաղաքականության իմաստը նրանում է, որ կարողանանք գնաճը հետ բերել իր թիրախին կանխատեսելի ժամանակաշրջանում»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Ըստ հաշվարկների՝ եթե դրամի արժևորումը չլիներ, ապա հունիսին գրանցված 10.3 գնաճի փոխարեն գնաճը 1 տոկոսով ավելի բարձր կլիներ:
Իսկ ինչ վերաբերում է 2022-ի համար տնտեսական աճի կանխատեսմանը՝ Երիցյանն ասաց. «Այսօր փաստացի ցուցանիշները կան, որի հիման վրա մենք տոկոսադրույքների վերաբերյալ որոշակի գնահատական և որոշում ենք կայացրել: Բնականաբար տարվա համար որոշակի գնահատականներ կան: Ակնհայտ է, որ դեպի վերև ճշգրտում է լինելու, եթե արտաքին աշխարհից եկող այլ անակնկալներ չլինեն»:
ԿԲ-ն սկզբնապես 2022-ի համար կանխատեսել էր 5.3 տոկոս տնտեսական աճ, սակայն մարտին վերանայել էր, իջեցրել ու հասցրել 1.6 տոկոսի: Այնուհետև հունիսին Կենտրոնական բանկը վերանայել էր Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը դեպի վեր՝ հասցնելով 4.9 տոկոսի: