Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պատերազմի մասնակից գործազուրկ անձինք կստանան աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում

Պատերազմի մասնակից գործազուրկ անձինք կստանան աջակցություն աշխատանքի 
տեղավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ համապատասխան աջակցությամբ հնարավորություն կտրվի պատերազմին մասնակից գործազուրկ անձանց համալրել գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը:

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջինը վերաբերում է շահառուի համար մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցմանը: Դա կարող է կազմակերպվել գործատուի մոտ, ուսումնական հաստատությունում, միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող հաստատությունում: Երկրորդ բաղադրիչը ենթադրում է երեք ամիս տևողությամբ փորձաշրջան գործատուի մոտ: Երրորդ բաղադրիչի համաձայն, երբ գործատուն համարում է, որ կոնկրետ շահառուի պարագայում հավելյալ ուսուցման, փորձաշրջանի կարիք չկա, ապա ընդունում է աշխատանքի ու ստանում է միանվագ աջակցություն»,-ասաց նախարարը:

Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել՝ ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով, կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն կազմակերպելու դեպքում գործատուին առաջարկվում է տրամադրել փոխհատուցում`շահառուի աշխատավարձի վճարման համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, ամսական կտրվածքով, երեք ամիս ժամկետով. շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար, երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 դրամի չափով և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով։

Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում 300 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկ անձի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ պատերազմի մասնակիցները աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ են ունենում: Նրանք մասնագիտական որոշակի հմտություններ ձեռք բերելու կարիք ունեն: Քննարկումների արդյունքում որոշվեց իրականացնել այս ծրագիրը ՝ պատերազմի մասնակից տղաներին աջակցելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am