Մշակույթ

Գյումրու «Վարդանանց» հրապարակում մեկնարկեց «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրու  «Վարդանանց» հրապարակում մեկնարկեց «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Վարդանանց» հրապարակում մեկնարկեց «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնի շրջանակներում հրապարակում տեղադրված ավելի քան վաթսուն տաղավարներում ցուցադրվում են ժողովրդական արհեստների և արվեստների տարբեր դրսևորումներ և ուղղություններ՝ ասեղնագործություն, գորգագործություն, խեցեգործություն, տիկնիկագործություն: Դրան զուգահեռ ներկայացվում է հայկական, ռուսական, բելառուսական ժողովրդական երգ ու պար:

Փառատոնին մասնակցում են ժողովրդական ստեղծագործության վարպետներՀայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք ներկայացնում են իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր: «Փառատոնը շարունակական է լինելու՝ ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում՝ այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Գյումրիի զարգացումը միշտ պատկերացրել եմ փառատոնային զարգացումներով՝ պետք է ամրագրված օրեր լինեն, որ քաղաքի բնակիչն ու քաղաք այցելած հյուրն իմանա, ինչ է այդ օրն իրեն սպասվում: Ունեցել ենք ջազային, ռոք, դասական երաժշտության փառատոններ, սա ժողովրդական է, պարտաստվում ենք ունենալ նաև ժողովրդական երաժշտության փառատոն: Փառատոնային այս զարկերակով ու ռիթմով կարելի է հասկանալ, թե ինչպես է այսօր ապրում մեր քաղաքը»,-ասաց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում