Հասարակական

«Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

«Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթներն իրականացնելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Ընդ որում, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

Դրանից բացի, նախագծով նախատեսվում է, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշման համար, այսպես ասած, վերջին կաթիլը, դարձել է այն, որ երբ մրցույթ է հայտարվել ու փորձ է արվել մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը, պարզվել է, որ մանիպուլյացիաների համար մրցութային սխեմաներ են օգտագործվում: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ որոշում է կայացվել այս թեման հիմնարար փակել:

«Դիտարկվում էր այն հարցը, թե արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո իրականացնել այդ գործառույթը: Բավական երկար ժամանակ աշխատանքը կատարվել է, համոզված ենք, որ պատշաճ կիրականացնենք աշխատանքը: Ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ: Պայմանական ասած, «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում