Տնտեսություն

Հաջորդ տարվա համար կանխատեսվել է 5 տրլն 246 մլրդ դրամ պետական պարտք. պարտքի կառուցվածքում կիրականացվեն բարեփոխումներ

3 րոպեի ընթերցում

Հաջորդ տարվա համար կանխատեսվել է 5 տրլն 246 մլրդ դրամ պետական պարտք. պարտքի կառուցվածքում կիրականացվեն բարեփոխումներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախնական տարբերակի համաձայն՝ հաջորդ տարվա համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից, այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկմանը:

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է երկրի պետական պարտքի կառուցվածքը, դրա սպասարկման գործընթացը, կառավարումը ֆինանսների բնագավառում:

Ըստ նախարարի՝ 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը:

2023 թ. պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաեւ փոխառու միջոցներ: Պարտքի սպասարկման գործում կարեւորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը:

Նշվել է նաեւ, որ 2023 թ. կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար:

Նախարարի հավաստմամբ՝ նախկինում պետական պարտքի կառուցվածքում գերակշռում էր արտարժույթը, կատարված աշխատանքների արդյունքում՝ այժմ հայկական դրամն իր տեղն է զբաղեցնում պետական պարտքի կառուցվածքում:

Տիգրան Խաչատրյանը տնտեսության զարգացման գործում կարեւոր է համարել պետական պարտքի կառավարման հուսալիությունը: Նա նաեւ նշել է, որ առաջիկայում պարտքի կառուցվածքում կիրականացվեն հիմնարար բարեփոխումներ:

Նախարարը ներկայացրել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ֆինանսական հատկացումները: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը բարձրաձայնել է հարցադրումներ, որոնք առնչվել են պետական պարտքի սպասարկման տոկոսային վճարներին, Ֆինանսների նախարարության հատկացումներին եւ այլն:

Գեւորգ Պապոյանն ընդգծել է պետական պարտքի սպասարկման բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը:

ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող Գագիկ Բարսեղյանը ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք դիտարկումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում