Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է 2023-2026-ի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է 2023-2026-ի 
հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված աշխատաժողով, որով մեկնարկել է նաև ռազմավարության մշակմանն ուղղված հետագա աշխատանքային քննարկումների և հանդիպումների շարքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին և թիմին՝ նախարարության հետ շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:

«Փոխնախարար Թումանյանցն ընդգծել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին պետական կառավարման մարմինների և այլ շահառու կողմերի մասնակցության կարևորությունը:

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը և գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ովքեր ներկայացրել են իրենց գերատեսչություններում առկա խնդիրները, որոնց լուծմանն ուղղված գործողություններն սահմանված են լինելու 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրում:

Միջոցառման մասնակիցները ներգրավվել են երեք աշխատանքային խմբերում՝ քննարկելու և վերհանելու հակակոռուպցիոն քաղաքականության խնդիրները երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն ու հանրային հաղորդակցության մարտահրավերներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովին մասնակցել են պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am