Բազումի բաժնի քրեական հետախույզները «Տելեգրամ»-ով թմրամիջոց իրացնելու դեպքեր են բացահայտել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ են ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով Վանաձորի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ։ Նա՝ Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվել է հուլիսի 6-ին ու բերման ենթարկվել Բազումի բաժին։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ նա մինչև բերման ենթարկվելը Վանաձորի տարբեր փողոցներում արդեն իսկ տեղադրել էր 16 փաթեթ։
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները պարզեցին, որ և՛ խուզարկությամբ հայտնաբերված՝ 14, և՛ տեղադրած 16 փաթեթները 22-ամյա երիտասարդը ձեռք էր բերել «Տելեգրամի» միջոցով։
Պարզվել է նաև, որ նա տեղադրած ամեն փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով ստացել է 3-4 դոլար։ Երիտասարդն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն, այսպես ասած, աշխատանքի դիմաց յուրաչանչյուր ամիս ստացել է 1000 դոլար վարձատրություն՝ հավելելով, որ ինքն այս գործունեությամբ զբաղվում է 2,5 ամիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ցույց է տվել այն վայրերը, որտեղ թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրել։ Յոթ փաթեթ հայտնաբերվել է, 9-ը՝ ոչ. հավանաբար գնորդներն արդեն վերցրել էին թմրամիջոցը։
Նշվում է, որ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: