Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Տնտեսավարողները պետության աջակցությամբ ձեռք են բերել ագրոպարենային ոլորտի 1790 սարքավորում. ինչ արդյունք է տվել պետական ծրագիրը

Տնտեսավարողները պետության աջակցությամբ ձեռք են բերել ագրոպարենային ոլորտի 
1790 սարքավորում. ինչ արդյունք է տվել պետական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի մեկնարկից՝ 2018 թվականի վերջից մինչև այս տարվա առաջին 5 ամիսները տնտեսավարողները պետության աջակցությամբ ձեռք են բերել ագրոպարենային ոլորտի շուրջ 1790 միավոր լիովին նոր սարքավորումներ, դիմողների թիվը տարեցտարի ավելանում է. պետությունն այս ծրագրով նպատակ ունի նպաստել ձեռնարկություններում տեխնոլոգիական սարքավորումների արդիականացմանը՝ լուծելով արտադրողականության բարձրացման, ինքնարժեքի իջեցման հնարավորության, մրցունակության բարձրացման հարցեր:

«Արմենպրես»-ը պետական աջակցության ծրագրի վերաբերյալ զրուցել է ինչպես գերատեսչության ներկայացուցչի, այնպես էլ ծրագրի շահառուի հետ:

«Ծրագիրը ենթադրում է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին լիզինգի միջոցով սարքավորումների տրամադրում: Այն նպատակ ունի մատչելի պայմաններով հնարավորություն ստեղծել տնտեսավարողների համար ձեռք բերելու նոր արդիական սարքավորումներ: Ծրագրից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ գրանցված տնտեսավարող սուբյեկտները՝ ԱՁ-ները, ՓԲԸ-ները, ԲԲԸ-ները, ՍՊԸ-ները»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը:

Ծրագիրն ընդգրկում է ագրոպարենային ոլորտի գրեթե ամբողջ համակարգը՝ սկսած անասնաբուծությունից, բուսաբուծությունից մինչև վերամշակող արդյունաբերություն, այդ թվում ջերմատնային տնտեսությունների կառուցում, սառնարանային տնտեսությունների կառուցում, կաթի մթերման կայանների կառուցում, նաև հատիկաընդեղենի և պտուղ-բանջարեղենի փաթեթավորման, տեսակավորման, զտման գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ, սպանդանոցային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում շարժական, մոդուլային սպանդանոցների ձեռքբերում, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից մսեղիքի տեղափոխման սառնարանային տրանսպորտային միջոցների ձեռքբերում:

Ծրագրի մեկնարկից ի վեր բարձր պահանջարկով պայմանավորված կատարվել է ծրագրի ընդլայնում: Այժմ ծրագրի շրջանակում հնարավորություն կա նաև ձեռք բերելու ավտոամբարձիչներ, գինեգործական և այլ ոլորտի գործունեություն իրականացնող տնտեսավարողներին անհրաժեշտ հումքի արտադրանքի պահման մետաղյա տարողություններ և գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տակառներ:

Լիզինգը տրամադրվում է 5 տարի մարման ժամկետով, լիզինգի առավելագույն գումարը կազմում է 1 մլրդ դրամ: Շահառուն դիմելով ֆինանսական կառույցին՝ հայտով պետք է ներկայացնի, թե ինչ սարքավորում է ցանկանում ձեռք բերել, և թե որ ընկերությունից: Բանկն ուսումնասիրում է շահառուի վարկունակությունը, եթե համաձայնում է լիզինգ տրամադրել, ապա շահառուն պետք է լիզինգի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար կատարի, այսպիսով կնքվում է եռակողմ պայմանագիր՝ մատակարարի, ֆինանսական կառույցի և շահառուի կողմից: Նախորդ երկու տարիներին լիզինգը տրամադրվել է մինչև 14 տոկոս տոկոսադրույքով՝ դրամի դեպքում և մինչև 9 տոկոս տոկոսադրույքով՝ արտարժույթի դեպքում, և տոկոսադրույքներն ամբողջությամբ սուբսիդավորվել են պետության կողմից: «Ընթացիկ տարում փոխվել են պայմանները, լիզինգի տոկոսադրույքի վերին շեմ չի սահմանվում, բանկը և շահառուն փոխադարձ համաձայնությամբ են պայմանավորվում վերին շեմի մասով, իսկ պետությունը դրամով տրամադրված լիզինգի մինչև 10 տոկոսային կետն է սուբսիդավորում, իսկ արտարժույթով լիզինգի՝ 6 տոկոսային կետը»,-ասաց Ղազարյանը:

Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքի բնակավայրի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար սահմանված են ավելի նպաստավոր պայմաններ: Այս դեպքում պետությունը սուբսիդավորում է դրամով տրամադրված լիզինգի 12 տոկոսային կետը, իսկ արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը:

«Մենք այս ծրագրով խթանում ենք ձեռնարկություններում առկա տեխնոլոգիական սարքավորումների արդիականացումը, որը լուծում է մի քանի խնդիր՝ և արտադրողականությունն է բարձրացնում, և ինքնարժեքի իջեցման հնարավորություն է ստեղծում, և հնարավորություն է ընձեռում արտադրելու ավելի բարձրորակ, մրցունակ արտադրանք, որը կարող է արտահանման մեծ պոտենցիալ ունենալ»,-ասաց Ղազարյանը:

Ծրագիրը իրականացվում է 2018 թվականի վերջից: «Կառավարության կողմից իրականացվող բավականին պահանջված ծրագրերից մեկն է: Տարեցտարի ավելանում է այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը»,-ասաց Ղազարյանը:

Առաջին տարում՝ 2018 թվականին հաստատվել է ընդամենը 7 լիզինգի հայտ՝ 29.7 մլն դրամի չափով: 2019-ին հաստատվել է 63 շահառուի մոտ 100 լիզինգի հայտ՝ 2.7 մլրդ դրամի չափ: 2020 թվականին հաստատվել է 131 շահառուի 186 լիզինգի հայտ՝ 6.3 մլրդ դրամի չափով, իսկ 2021-ին հաստատվել է 229 շահառուի 342 լիզինգի հայտ՝ 10.6 մլրդ դրամի չափով: Իսկ 2022 թվականի 5 ամիսների արդեն կա հաստատված 70 շահառուի 95 լիզինգի հայտ՝ մոտ 4.3 մլրդ դրամի չափով: Տնտեսավարողները մինչև 1 մլրդ դրամի շեմի լրանալը կարող են մի քանի անգամ դիմել ծրագրից օգտվելու համար:

«Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից մինչև ընթացիկ տարվա 5 ամիսները հաստատվել է 500 շահառուի 730 լիզինգի հայտ՝ 23.8 մլրդ դրամի չափով: Եվ այդ լիզինգների շրջանակում ձեռք է բերվել շուրջ 1790 միավոր սարքավորում: Այսինքն՝ պետության աջակցությամբ ձեռք են բերել 1790 նոր սարքավորում: Ծրագրի շրջանակներում կարող են ձեռք բերել միայն նոր, չօգտագործված սարքավորումներ»,-ասաց Ղազարյանը:

Ծրագրի համար դիմողներ կան գրեթե բոլոր ոլորտներից՝ սկսած ֆերմերային տնտեսությունների կողմից կթի ապարատի ձեռքբերումից, մինչև վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների կողմից ձեռք բերվող ամբողջական հոսքային գծեր: Մեծ տոկոս են կազմում ջերմոցային տնտեսությունները, սառնարանային տնտեսությունները և վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների կողմից ձեռք բերված սարքավորումները:

Լիզինգի մարման ժամկետը 5 տարի է, սուբսիդավորումը տրամադրվում է անմիջապես լիզինգի պայմանագրի կնքման պահից, սահմանված է 3 ամիս՝ մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ: Բացի այդ, շահառուներին հնարավորություն է տրվել ֆինանսական կառույցների հետ պայմանավորվածության հիման վրա յուրաքանչյուր տարի սահմանելու լրացուցիչ մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի մարման համար: Դա նպատակ ունի աջակցել այն ոլորտներին, որոնց բերքի ստացումը սեզոնային բնույթ է կրում: Այդ ոլորտների շահառուները կարող են բերքի մշակության ընթացքում մինչև վաճառքը ազատվել մայր գումարի մարման պարտավորությունից:

«Ծրագրի մեկնարկից հետո դիտարկում ենք և արտադրության և արտահանման ծավալները, աճի դինամիկան ակնհայտ է: Արտադրության և արտահանման ծավալների ակնհայտ աճ ունենք: Այդ աճի մեջ բնականաբար իր ազդեցությունը թողել է այս ծրագիրը»,-ընդգծեց Ղազարյանը:

Ծրագրի շահառու է  Armenia Wine ընկերությունը: 2020-ին և 2021-ին ընկերությունը լիզինգով ձեռք է բերել այգեմիջյան կուլտիվատոր, փայտամանրիչ, սրսկիչ, տուփ հավաքող սարք, ճնշմաչափ, պղտորաչափ:

«Սուբսիդավորվել ենք ամբողջությամբ, 0 տոկոսով ենք վերցրել: Եթե լիզինգով հնարավորություն չստեղծվեր, մենք ստիպված էինք լինելու վճարել ավելի շատ, չէինք կարող առանց այդ սարքավորումների: Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել, որ մենք ավելի լավ սարքավորումներ ձեռք բերենք: Եթե չլիներ այս հնարավորությունը, մենք գուցե ձեռք բերեինք արտադրողականությամբ ոչ այնքան լավ, միջին տեխնիկա»,-ասաց ընկերության ֆինանսական տնօրեն Կարինե Սևյանը:

Նրա խոսքով՝ այդ նոր սարքավորումների ձեռքբերումն ինչ-որ առումով ազդել է նաև արտադրողականության ավելացման վրա, դրանք ավելի արագ են աշխատում, երկար կծառայեն: Սևյանն ընդգծեց՝ ծրագիրն իսկապես լավ հնարավորություն է, հուսով են, որ այն շարունակական կլինի:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am