1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան. դեսպան Կ. Դ. Դեվալի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին

Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան. դեսպան Կ. Դ. 
Դեվալի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և հնդիկ ժողովուրդների պատմաքաղաքական սերտ շփումներն ու առնչությունները հազարամյակների պատմություն ունեն, որոնք սկսվել են հնագույն՝ դեռևս մինչքրիստոնեական ժամանակներից ու հասել մինչև մեր օրերը: Ու քանի որ հայերի և հնդիկների պատմական, լեզվական, մշակութային, միջժողովրդային, հասարակական կապերն ու ընդհանրություններն այդքան շատ են՝ բնական է, որ այսօր շատ բարեկամական են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջպետական հարաբերությունները: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Կիշան Դան Դեվալը:

Հայկական պետական լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցի ընթացքում Հնդկաստանի դեսպանը պատասխանել է հայ-հնդկական փոխհարաբերությունների գրեթե բոլոր հիմնական ասպեկտներին վերաբերող հարցերին՝ գնահատելով միջպետական հարաբերությունների ընդհանուր մակարդակն ու հետագա զարգացման հեռանկարները 30-ամյա դիվանագիտական շփումների արդյունքներով:

Հայ-հնդկական պատմական առնչությունների համատեքստում շատ ուշագրավ են դեսպան Դեվալի հիշատակած պատմական աղբյուրները, որոնց համաձայն դեռևս մ.թ.ա. 50 թվականին հնդիկ երկու արքայազն մեծաթիվ բնակչության հետ միասին արտագաղթել է Հնդկաստանի Կաննուջ քաղաքից և հաստատվել Արևմտյան Հայաստանում, որտեղ տեղի հայ բնակչությունը մեծ սիրով ու հյուրընկալությամբ է ընդունել նրանց:

Ժամանակի ընթացքում միգրացիոն շարժեր եղել են նաև հակառակ ուղղությամբ: Հատկապես ուշ միջնադարում՝ 16-18-րդ դդ., Հայաստանից, Նոր Ջուղայից մեծ թվով հայեր են գաղթել դեպի Հնդկաստան և հաստատվել Ագրա, Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ և այլ քաղաքներում՝ հիմնելով Հնդկաստանի նշանավոր հայ համայնքն ու ակտիվորեն ներգրավվելով տեղի առևտրատնտեսական ու հասարակական կյանքում: Նրանց մեջ շատ էին հատկապես առևտրականները, զինվորականները, պետական ծառայողները, օրինակ՝ հայտնի հայ վաճառական խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը (1680-1751) կամ օրինակ՝ 1760-ական թթ.  Բենգալիայում անգլիացի գաղութարարների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատար Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան): Հենց այս համայնքում են Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը և այլ ականավոր հայ գործիչներ 1770-ական թթ. հիմնել Մադրասի նշանավոր խմբակը, որը մեծ դեր պիտի խաղար այն ժամանակ դեռևս օտար տիրապետության տակ գտնվող Հայաստանի ազգային-ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում:

«Հայերն են կառուցել առաջին արևմտյան կրթական հաստատությունը Կալկաթայում: Նույնիսկ՝ բրիտանացիներից ավելի վաղ: Հայերն են կառուցել Հնդկաստանի հնագույն հայկական եկեղեցիները Կալկաթայում և Չեննայում», - իր հերթին հավելում է Հնդկաստանի դեսպանը:

Կիշան Դան Դեվալի խոսքով՝ վերջին 30 տարիներին հայ և հնդիկ ժողովուրդներն ավելի են մտերմացել, հայ-հնդկական հարաբերություններն էլ էապես բարելավվել են: Իսկ վերջին երեք տարվա ընթացքում, ինչպես հնդիկ դիվանագետն է ասում, ահռելի աճ է գրանցվել Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական բարձր մակարդակի ակտիվ շփումները: Այս համատեքստում դեսպան Դեվալը պատմել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ 2021 թ. հոկտեմբերին Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցի մանրամասները:

Հնդկաստանի դեսպանը նաև առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել իր երկրի մասին հայ հասարակությունում, ինչպես և նախկին խորհրդային այլ երկրներում գլխավորապես Ռաջ Կապուրի հանրահայտ ֆիլմերից ձևավորված պատկերացումների և իրական, ավելի ժամանակակից Հնդկաստանի տարբերությունների վրա՝ շեշտելով, որ Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդի ֆիլմերը, փղերը, թեյն ու յոգան:

«Հնդկաստանը շատ ավելին է, քան այդ ամենը, և իրական Հնդկաստանը տեսնելու համար պետք է այցելել այդ երկիր»,- ընդգծել է դեսպանը:

Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. օգոստոսի 31-ին համապատասխան արձանագրության ստորագրմամբ: Կիշան Դան Դեվալը ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թ. սեպտեմբերի 13-ին: 2021 թ. հուլիսի 6-ից Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Յուրի Բաբախանյանն է:

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հարցազրույցի 1-ին մասը:

 

- Բարև Ձեզ, պարոն դեսպան: Ինչպե՞ս եք:

- Բարև Ձեզ, պարոն Արամ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես լավ եմ, Դո՞ւք ինչպես եք:

- Հրաշալի: Շատ շնորհակալ եմ Հնդկաստանի դեսպանատանը մեզ հյուրընկալելու համար:

- Խնդրեմ, բարո՛վ եք եկել:

- Անկեղծ ասած՝ փոքր-ինչ հուզվում եմ: Այստեղ այնքան շատ է հնդկական մշակույթը:

- Շատ ուրախ եմ դա լսելու համար:

- Եվ այսպես, պարոն դեսպան, ինչպես գիտեք՝ Հայաստանը և Հնդկաստանը՝ երկու բարեկամ ու գործընկեր պետություններ, այս տարի տոնում են պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Համապատասխան արձանագրությունը այդ մասին ստորագրվել է 1992 թ. օգոստոսի 31-ին: Այս առիթով կուզեինք լսել Ձեր մեկնաբանությունները հայ-հնդկական հարաբերությունների վերջին զարգացումների մասին: Ինչպե՞ս կգնահատեք այն 30-ամյա ճանապարհը, որ երկու երկրներն անցել են միասին որպես անկախ պետություններ:

- Շնորհակալ եմ հարցի համար: Հայաստանի անկախության հռչակումից հետո հաստատված մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը շատ կարևոր ուղենիշ է: Ինչպես գիտեք՝ Հնդկաստանը առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը ու նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ: 1999 թվականից սկսած՝ մենք լիարժեք գործող դիվանագիտական առաքելություն ունենք Հայաստանում: Մինչ այդ դիվանագիտական առաքելությունն իրականացնում էինք հարևան երկրներից համատեղության կարգով, բայց 1999 թվականից սկսած՝ մենք մշտական դեսպանություն ունենք այստեղ:

Ինչ վերաբերում է վերջին 30 տարիներին՝ ես կասեի, որ մենք ավելի ենք մտերմացել, մեր հարաբերությունները էապես բարելավվել են: Նախկինում Հայաստանի երկու արտգործնախարարներ այցելել էին Հնդկաստան: Մեկը 2003 թվականին էր, իսկ երկրորդը՝ 2010-ին, եթե չեմ սխալվում:

Իսկ վերջին երեք տարում ահռելի աճ է գրանցվել մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքական ոլորտում: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը 2021 թ. հոկտեմբերին պաշտոնական այցով եկավ Հայաստան: Դա պատմական այց էր՝ Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցը Հայաստան: Եվ ես շատ ուրախ եմ հաղորդելու ձեզ, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերադարձավ Հնդկաստան կատարած շատ բարեհաջող այցելությունից: Սա հարցի քաղաքական կողմն է:

Երկրորդը, մենք շատ լավ առաջընթաց ենք գրանցել մեր առևտրային հարաբերություններում. երկկողմ առևտուրն աճել է զգալի չափով, բայց այն դեռ ավելանալու մեծ ներուժ ունի: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտուրն աճել է երեք անգամ, ինչը շատ լավ արդյունք է: Նաև աճել է զբոսաշրջիկների ներհոսքը Հնդկաստանից Հայաստան: Մինչ համավարակը ներհոսքի տարեկան թիվը տատանվում էր 50 հազարի սահմաններում, սակայն, ցավոք, ՔՈՎԻԴ-19-ի պատճառով այդ թիվը նվազեց: Բայց այժմ զբոսաշրջիկների թիվը կրկին բարձրանում է, և ես անհամբեր սպասում եմ, որ նաև Հայաստանից շատ զբոսաշրջիկներ մեկնեն Հնդկաստան:

- Պատմական աղբյուրները վկայում են, որ հայ-հնդկական առաջին շփումների մասին տեղեկությունները գրանցվել են դեռևս մ.թ.ա. 5-4 դդ.՝ Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատությունում: Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները հաստատվել են դարեր առաջ՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա և զարգացել կայուն կերպով:

- Այո՛, Դուք ճիշտ եք: Այդ մասին կան գրավոր վկայություններ այն ժամանակների գրավոր հուշերից և գրքերից: Գիտեք, ըստ այդ վկայությունների՝ երկու արքայազն է եկել Հնդկաստանի Կաննուջ քաղաքից: Նրանք լքել են Հնդկաստանը ներքին հուզումների պատճառով և շարժվել դեպի Հայաստան ու ապաստան գտել Հայաստանում: Դա եղել է մ.թ.ա. 50 թվականին: Այդ ժամանակ Հայաստանը դեռ քրիստոնեական երկիր չէր նույնիսկ: Եվ այդպես երկու արքայազններն իրենց շքախմբերի հետ եկել ու հաստատվել են Արևմտյան Հայաստանում:

Ասում են, որ այդ ժամանակներում մոտ 10 հազար հնդիկ էր ապրում նշված տարածքում և նրանք մեծ սիրով ու հյուրընկալությամբ էին ընդունվել հայ ժողովրդի կողմից: Թեև ժամանակի ընթացքում, քրիստոնեության ընդունմանը զուգահեռ, հնդկական համայնքն աստիճանաբար անհետացավ, քանի որ նրանք հավանաբար ձուլվեցին, տարրալուծվեցին հայ հասարակության մեջ: Սրանք ամենավաղ առնչություններն են, բայց եթե խոսենք ավելի ուշ շրջանի առնչությունների մասին Հնդկաստանի և Հայաստանի միջև, ապա հայերը գաղթել են Մեծ Մողոլների կայսրություն 16-րդ դարում որպես առևտրականներ, զինվորականներ, խորհրդատուներ:

- Նրանք Պարսկաստանի՞ց էին գաղթել:

- Նրանք եկել էին Արևմտյան Հայաստանից, նաև որոշ մասը հավանաբար Պարսկաստանում ապրող հայ համայնքից էին: Նրանք տեղափոխվեցին Հնդկաստան առևտրով զբաղվելու նպատակով: Նրանք շատ կրթված էին և ներգրավվեցին այդ ժամանակների վարչակազմի հետ: Նրանցից ոմանք բնակվեցին Ագրայում՝ Մեծ Մողոլների կայսրության մայրաքաղաքում:

- Մեզանում շատ տարածված են տարբեր տեսակետներն ու վարկածները հայերենի և հնդարիական լեզուների, այդ թվում՝ Սանսկրիտի փոխկապակցվածության մասին: Ամեն դեպքում, անհերքելի է այն փաստը, որ բոլոր այդ լեզուները Հնդեվրոպական լեզվաընտանիքի մաս են կազմում:

- Ճիշտ է: Ինչպես գիտեք՝ Սանսկրիտը հավանաբար աշխարհի հնագույն լեզուն է, որից բազում լեզուներ են ծագել: Ես չգիտեմ՝ կոնկրետ որ լեզվից է ծագել հայերենը, բայց մենք շատ նման բառեր ունենք մեր երկու լեզուներում, նույնիսկ՝ հինդիում և ժամանակակից հայերենում: Այդ բառերի մեծ մասի նմանությունը պարսկերենից փոխառության հետևանքով է: Հայերը շատ բառեր են փոխառել պարսկերենից: Նույնը կարելի է ասել նաև հինդիի մասին: Այդ պատճառով էլ շատ ընդհանրություններ ենք տեսնում մեր լեզուներում:

- Իսկ կարո՞ղ եք նշել հնդկերեն ինչ-որ բառեր, որ մենք նաև հայերենում ենք օգտագործում:

- Կարող եմ նշել մի քանիսը, օրինակ՝ «պանիր», «դարպաս», «քուն», «հա»: Մենք էլ ենք «այո»-ին ասում «հա», դուք էլ: Այդպիսի բառերը շատ են: Պիտի նայեմ բառարանը վերհիշելու համար:

- Իսկ ի՞նչ չափով են, ըստ Ձեզ, պատմությունն ու մշակույթը, հատկապես այն ընդհանրությունները, որոնց մասին խոսեցինք, ազդում Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա, որքանո՞վ են դրանք ամրապնդում երկկողմ հարաբերությունների հիմքերն ու օգնում դրանց զարգացմանը:

- Ընդհանրությունները ցանկացած ասպարեզում՝ լինի լեզու, մշակույթ կամ պատմություն, վստահաբար մեծ դեր են խաղում միջժողովրդային կապերի և պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում: Ուստի, եթե խոսում ենք պատմության և պատմական փաստերի մասին՝ քիչ առաջ ես նշեցի Ագրայում հայերի ներկայության մասին, բայց դրանից բացի՝ ես հիմա կհաղորդեմ ձեզ որոշ մանրամասներ այն մասին, թե որքան խորն էին հայերը ներգրավված հնդկական հասարակության կյանքում: Նրանք են կառուցել առաջին արևմտյան կրթական հաստատությունը Կալկաթայում: Նույնիսկ՝ բրիտանացիներից ավելի վաղ: Սա՝ մեկ: Նրանք են կառուցել Հնդկաստանի հնագույն հայկական եկեղեցիները Կալկաթայում և Չեննայում: Իսկ Կալկաթան, որն այն ժամանակ կոչում էին Կալկուտա, Հնդկաստանի գլխավոր առևտրային հանգույցն էր, այդ պատճառով էին գնալով ավելի ու ավելի շատ հայեր կենտրոնանում Կալկաթայի շուրջ, քանի որ այն տնտեսական ակտիվության հիմնական կենտրոնն էր:

Եվ այդպես, մեծ թվով հայեր վերաբնակեցվեցին Կալկաթայում՝ հիմնելով այս ուսումնական հաստատությունը, և ես շատ ուրախ եմ հայտնելու ձեզ, որ հայկական այն եկեղեցին, որը ավելի քան 200 տարեկան է, ղեկավարում է տեղի հայկական քոլեջը: Մենք այդքան հին շատ քիչ հաստատություններ ունենք Հնդկաստանում, որոնք դեռ գործում են: 200-ամյա հաստատություն: Սա հրաշալի մի օրինակ է: Նույն հաջողությամբ հայկական եկեղեցի գործում է նաև Չեննայում, և դրանք բոլորը խնամվում են: Գուջարաթ նահանգի Սուրաթ քաղաքում կա հայկական գերեզմանատուն: Այս ամենը խոսում է հայ-հնդկական շատ ամուր կապերի մասին: Ու թեև հայկական համայնքն այսօր Հնդկաստանում շատ փոքր է, - պիտի ընդունեմ, որ այն շատ փոքրաթիվ է տարբեր պատճառներով, - բայց, այդուհանդերձ, դուք տեսնում եք, որ մեր ժողովուրդների հարաբերությունները շատ ամուր արմատներ ունեն: Ու քանի որ մենք այդքան շատ ընդհանուր պատմական կապեր ունենք՝ շատ բնական է, որ մեր հարաբերությունները շատ բարեկամական են:

- Քանի՞ հայ է այսօր ապրում Հնդկաստանում:

- Ցավոք, մենք կոնկրետ տվյալներ չունենք, բայց ես կարող եմ գուշակել մոտավոր թիվը: Այսօրվա Հնդկաստանում պիտի որ մոտ 1000 հայ լինի, ինչն, իհարկե, շատ փոքր թիվ է, եթե համեմատենք ամբողջ Հնդկաստանի 1.3 մլրդ բնակչության հետ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կալկաթայում, որտեղ հայերն ապրում են սերնդեսերունդ: Բացի այդ, Հայաստանի շատ քաղաքացիներ ամուսնացել են հնդիկների հետ՝ կամ կինն է հայ, կամ ամուսինը: Նրանք ապրում են Հնդկաստանում, և նրանց թիվն էլ բավական մեծ է: Ու նաև շատ հայեր աշխատում են Հնդկաստանում: Այսպիսով, ընդհանուր բնակչության թիվը փոքր է:

- Շատ բարի: Եվ մինչ օրս էլ հայերն ու հնդիկները, ինչպես արդեն ասացիք, սերտ մշակութային և միջժողովրդային կապերի մեջ են: Հայաստան են գալիս հազարավոր հնդկաստանցի ուսանողներ, զբոսաշրջիկներ ու նաև ներգաղթյալ աշխատողներ: Հնդկական ֆիլմերը մինչ օրս մեծ ժողովրդականություն են վայելում Հայաստանում: Շատ ընդհանրությունների մասին մենք արդեն խոսեցինք: Ուրեմն, ի՞նչն է միավորում Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդներին և այդքան առանձնահատուկ դարձնում հայ-հնդկական հարաբերությունները:

- Ինչպես ասացի՝ նմանություններն ու ընդհանրությունները մշակույթի, լեզվի մեջ և մեր պատմական կապերն ու առնչությունները բնական գործոններ են, որոնք բարեկամ կդարձնեն ցանկացած երկու երկրի կամ երկու ժողովրդի: Եվ սա ճշմարիտ է: Երկրորդը, ես կառանձնացնեի այն հանգամանքը, որ հայերը շատ խելացի ժողովուրդ են: Նրանք Հնդկաստանում էին այն ժամանակ, երբ մենք դեռ ձևավորվում էինք որպես պետություն, երբ ձևավորվում էր նոր Հնդկաստանը անկախության համար երկարատև պայքարից հետո: Մինչ այդ հայերը շատ բարեկեցիկ ու բարգավաճ համայնք ունեին, նրանք շատ լավ կրթված էին և լավ ներգրավված էին ժամանակի վարչակազմի հետ: Դա ցույց է տալիս հայ ժողովրդի ներուժը: Երրորդը, շատ հնդիկ ուսանողներ այժմ գալիս են Հայաստանում սովորելու տարբեր պատճառներով: Դրանցից մեկը մատչելի բժշկական կրթությունն է Հայաստանում:

- Որո՞նք են Հնդկաստանի մասին ամենակարևոր փաստերը, որոնք պետք է իմանանք:

- Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա: Հայերը Հնդկաստանի մասին իրենց պատկերացումը կազմել են հիմնականում Բոլիվուդի ֆիլմերի և հին հնդկական ֆիլմերից ստացած տպավորությունների միջոցով: Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը այն երկրներից էր, որտեղ շատ էին սիրում հնդկական ֆիլմեր: Ռաջ Կապուրի ֆիլմերի այս դարաշրջանը որոշակի տպավորություն է ստեղծել Հնդկաստանի մասին հայության շրջանում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ Հնդկաստանը միայն Բոլիվուդը, փղերը, թեյն ու Գոան չէ, Հնդկաստանը շատ ավելին է, քան այդ ամենը, և իրական Հնդկաստանը տեսնելու համար պետք է այցելել այդ երկիր: Եվ, ի դեպ, այսօր շատ հայեր են գնում ուսումնասիրելու ժամանակակից Հնդկաստանը:

Եթե նայեք իմ գլխավերևում պատկերված այս նկարներից մի քանիսին՝ կարող եք տեսնել Ռաջաստանի հուշարձանները, Կերալայի տաճարները, Հարավային Հնդկաստանի տաճարները, Հիմալայան լեռները: Հնդկաստանը մեծ երկիր է և Հնդկաստանը հասկանալու համար պետք է այցելել և սեփական աչքերով տեսնել այն:

- Նկատի ունեք՝ հնդկական ֆիլմերն ու նմանատիպ բաները խորքային պատկերացում չեն տալիս Հնդկաստանի մասին:

- Այո՛, նկատի ունեմ՝ հնդկական ֆիլմերը, թեյը և յոգան՝ այս երեք բաները ամբողջությամբ չեն նկարագրում Հնդկաստանը: Դրանք, իհարկե, շատ կարևոր են, բայց, այդուհանդերձ, շատ փոքր մասն են Հնդկաստանի: Բայց եթե գնաք և տեսնեք ժամանակակից Հնդկաստանը՝ այսօրվա Հնդկաստանը աշխարհի 6-րդ խոշորագույն տնտեսությունն է 2.6 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, ինչը բավական լուրջ թիվ է, իսկ աշխարհի 10 խոշորագույն ընկերություններից 7-ի գլխավոր գործադիր տնօրենները հնդիկներ են: Սա կատակ չէ, սա շատ լուրջ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ աշխարհի ամենատաղանդավոր մարդիկ գալիս են Հնդկաստանից և հասնում են  միջազգային ասպարեզ, զբաղվում են համաշխարհային մակարդակի գործերով: Երրորդը, այսօրվա Հնդկաստանը շատ ուժեղ է պաշտպանական և տիեզերական տեխնոլոգիաների մեջ:

- Հետևաբար, ճիշտ կլինի ասել, որ Հնդկաստանն այսօր աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներից է, այդպես չէ՞:

- Ճիշտ այդպես: Ես կասեի՝ այսօրվա Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է: Հնդկաստանը նոր ձևավորվող երկիր է, որը մենք ցանկանում ենք և հույս ունենք, վստահ ենք, որ լինելու է աշխարհի գերտերություններից մեկը:

- Հայաստանի բուհերում և մասնավորապես Երևանի պետական բժշկական համալսարանում շատ հնդիկ ուսանողներ են սովորում, ինչը նպաստավոր է ոչ միայն միջազգային փոխանակումների, այլև Հայաստանի կրթական համակարգի զարգացման համար: Ի՞նչ կարելի է անել կրթության ոլորտում ավելի շատ փոխանակումներ և փոխգործակցություն խթանելու համար:

- Ինչպես նշեցի՝ Հայաստանում սովորող հնդիկ ուսանողների մեծ մասը բժշկական համալսարանի ուսանողներ են և նրանք Հայաստան են գալիս մի քանի պատճառներով: Առաջինը մատչելի բժշկական կրթությունն է, որը որոշ չափով ավելի էժան է, քան այն կրթությունը, որ նրանք կստանային Հնդկաստանում: Երկրորդը՝ ընդունելության և վիզայի հեշտ ընթացակարգերը: Եվ, իհարկե, բարեկամական երկիր, բարեկամական ժողովուրդ: Նրանք գալիս են հիմնականում այս երեք-չորս պատճառներով:

Բայց պիտի ասեմ, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի կրթության ոլորտում: Եթե տեղյակ եք՝ օրինակ, Ավստրալիայի տնտեսությունը մեծապես կախված է կրթությունից և նրանք շատ օտարերկրյա ուսանողների են հրավիրում իրենց մոտ սովորելու: Բայց Հայաստանում, կարծում եմ, որոշակի սահմանափակումներ կան օտարերկրյա ուսանողների քանակի առումով, որոնց կարելի կլիներ ներգրավել ձեր հասարակության մեջ և կրթական հաստատություններում: Ուստի, կարելի է ավելի զարգացնել կրթական համակարգը, եթե այդ թվերը ավելացվեն ենթակառուցվածքները և կրթական հաստատությունները շատացնելու միջոցով, բայց շատ խիստ կարգավորումներով, ինչը կվերահսկի ու կերաշխավորի կրթության որակը: Սա շատ կարևոր է: Այս երկու բանը կարելի է անել: Երրորդը՝ Հայաստանը կարող է ավելի շատ իրացնել իր ներուժը Հնդկաստանում՝ որպես պոտենցիալ կրթական ուղղություն:

- Միջազգային հարաբերություններում կարևոր դեր են խաղում նաև մշակութային կապերն ու մարդկանց միջև շփումները։ Անցյալ տարի Հնդկաստանի դեսպանատան և Հնդկաստան-Հայաստան բարեկամություն հասարակական կազմակերպության օգնությամբ նկարահանվել և ցուցադրվել է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը։ Սա նույնպես հայերի և հնդիկների սերտ կապի վառ օրինակներից մեկն է: Ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա և առհասարակ ապագայում մշակութային միջոցառումներ կազմակերպելու առնչությամբ:

- Ուզում եմ հավելել, որ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը մենք նկարահանել ենք նախորդ տարի, և ֆիլմը շատ լավ է ընդունվել այստեղ: Մի ցուցադրություն մենք կազմակերպեցինք Երևանում և մյուսը՝ Գյումրիում:

Այս տարի ավելի շատ մշակութային միջոցառումներ ենք նախատեսում՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը տոնելու նպատակով: Այդպիսի միջոցառումներից մեկը մենք արդեն արել ենք: Մենք կազմակերպեցինք հնդկական և հայկական երաժշտության և պարի միաձուլման համերգ, որին մասնակցում էր հայազգի սիթառահար Փիթեր Դավիդյանը: Նա եկավ և մասնակցեց ու նա համերգի աստղ-արտիստն էր: Նրա հետ մենք Երևանում կազմակերպել էինք միաձուլման երաժշտական համերգ, որը դրա սկիզբն էր, բայց այս տարի մենք ուզում ենք ավելի շատ միջոցառումներ իրականացնել, մասնավորապես՝ կազմակերպելու ենք Գալա համերգ՝ հրավիրելով մի քանի ճանաչված արտիստների Հնդկաստանից: Նաև հրավիրում ենք հայկական խմբի մեկնելու Հնդկաստան և մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը խորհրդանշող ելույթ ունենալու համար: Կուզեի տեսնել հայ ճանաչված արտիստների խմբի, որ կմեկներ Հնդկաստան ելույթ ունենալու:

- Նկատի ունեք դերասանների՞, թե՞ երաժիշտների:

- Երգ ու պարի խմբերի: Մենք փնտրում ենք խմբերի, որոնք կներկայացնեն Հայաստանը Հնդկաստանում:

- Իսկ որքանո՞վ է հայկական մշակույթն ընդունված Հնդկաստանում:

- Հայկական մշակույթն ընդունված է Հնդկաստանում: Համավարակի ընթացքում մենք չէինք կարող ոչ ոքի ուղարկել, բայց մինչև կորոնավիրուսի համավարակը երկու հայկական խումբ գնացել էր Հնդկաստան: Մեկի անունը «Մասունք» էր, մյուսինը, կարծեմ, «Կայթ»: Նրանք մեկնել էին համերգ տալու և շատ լավ էին ընդունվել Հնդկաստանում: Իսկ այս տարի ծրագրում ենք ևս մեկ հայկական խումբ ուղարկել, որը կգնա և ելույթ կունենա, և մենք կհյուրընկալենք նրանց: Նաև կթողարկենք փոստային նամականիշ՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Այնպես որ, այս երեք-չորս միջոցառումները դիվանագիտական հարաբերությունների տոնակատարության ծրագրի մեջ են:

- Պարոն դեսպան, ինչպես նշեցիք՝ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման լավ դինամիկա է նկատվում առաջին հերթին քաղաքական մակարդակում՝ ներառյալ վերջին բարձր մակարդակի փոխայցերը: Նախորդ տարի Հնդկաստանի արտգործնախարար Սուրբամանյամ Ջայշանկարը պաշտոնական այցով եկավ Հայաստան, ինչը պատմական իրադարձություն էր, քանի որ դա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Պարոն Ջայշանկարը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ, նրանք քննարկել են միջազգային, տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Իսկ ապրիլի 25-27-ը պատասխան այցով Հնդկաստան մեկնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հանդիպումներ ունենալով իր հնդկաստանցի գործընկերոջ, ինչպես նաև վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, նաև մասնակցեց հայ-հնդկական գործարար համաժողովին՝ շեշտելով, որ «մենք նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակության պատմության մեջ»: Ի՞նչ կարևոր արդյունքներ կարող եք մատնանշել այս երկու առանցքային այցերի առնչությամբ:

- Ինչպես արդեն նշեցի՝ մեր արտաքին գործերի նախարարի այցը 2021 թ. հոկտեմբերին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն էր Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ուստի սա ինքնին շատ խոսուն փաստ է: Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, որ դրանից գրեթե անմիջապես հետո տեղի ունեցավ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան: Դուք նշեցիք ամսաթվերը. ավելի ճիշտ՝ նա Հնդկաստանում էր ապրիլի 25-28-ը, իսկ ապրիլի 29-ին նա վերադարձավ: Եվ պիտի շեշտեմ, որ դա Հայաստանի արտգործնախարարի առաջին այցն էր Հնդկաստան 12 տարվա ընդմիջումից հետո: Եվ դա շատ լավ նշան է, որ մենք փոխանակվում ենք բարձր մակարդակի քաղաքական այցերով: Սա առաջին կարևոր հանգամանքն է:

Երկրորդը, նախարար Միրզոյանը Հնդկաստանում մասնակցել է շատ կարևոր ռազմավարական երկխոսության, որը մենք անվանում ենք «Ռաիսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”): Այս երկխոսությունը հյուրընկալում է Հնդկաստանի արտգործնախարարը: Սա ռազմավարական երկխոսություն է, որին մենք հրավիրում ենք համաշխարհային առաջնորդների և ամենապայծառ դեմքերին աշխարհի ուղեղային կենտրոններից: Միջոցառմանը մասնակցում էին 20 արտգործնախարարներ՝ ներառյալ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Եվ նա ելույթ ունեցավ երկխոսության ընթացքում, հաղորդեց Հայաստանի դիրքորոշումները շատ խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ անվտանգության խնդիրները: Դրանից բացի՝ նախարար Միրզոյանը հնարավորություն ունեցավ կարճ շփում ունենալու վարչապետ Շրի Նարենդրա Մոդիի հետ: Նա նաև մասնակցեց մեր արտգործնախարարի կողմից հրավիրված ընթրիքին:

Հաջորդ օրը Դելիում տեղի ունեցավ գործարար համաժողով, որը կազմակերպել էին Հնդկական արդյունաբերության համադաշնությունը և Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների դաշինքը (FICCI): Համաժողովի շրջանակներում հնդիկ և հայ գործարար համայնքների ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան, փոխանակվեցին կոնտակտային տվյալներով և քննարկեցին հայ-հնդկական առևտրային երկկողմ հարաբերությունների ապագա ճանապարհային քարտեզը:

Նախարար Միրզոյանի այցը նաև շատ կարևոր հոգևոր-մշակութային կողմ ուներ: Մասնավորապես՝ նա այցելեց Ակշարդհամ տաճարը Դելիում և շատ տպավորված էր այս տաճարի ճարտարապետությամբ: Բացի այդ նա հասցրեց այցելել նաև Ագրա, ինչը շատ կարևոր է: Ագրայում կան հայկական եկեղեցու և գերեզմանատան որոշ մնացորդներ: Ցավոք, նախարարը չհասցրեց դրանք տեսնել, բայց ես հույս ունեմ, որ հաջորդ անգամ նա կայցելի այդ վայրը: Նախարար Միրզոյանը նաև եղավ Մումբայում, որտեղ շատ արդյունավետ գործնական ծանոթություններ և հանդիպումներ ունեցավ:

- Ես լսել եմ, որ Հին Դելիում հայկական եկեղեցի կա: Դա ճի՞շտ է:

- Այո՛, Հին Դելիում կա հայկական եկեղեցի, բայց այն, ցավոք, այնքան էլ լավ վիճակում չէ, և նրա որոշ հատվածներ զերծ չեն ոտնձգություններից: Կան ընտանիքներ, որոնք ապրում են այնտեղ երկար տարիներ, և Հայաստանի դեսպանատունը քայլեր է ձեռնարկում եկեղեցին վերականգնելու ուղղությամբ:

 

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան

Ձայնային ռեժիսոր՝ Տաթևիկ Զաքարյան

Մոնտաժը՝ Վահագն Գալստյանի

Ձայնը կարդաց Ոսկան Մամիկոնյանը

 

Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հարցազրույցի 2-րդ մասը կհրապարակվի առաջիկայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]