Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Թուրքիան նորից սպառնում է Հունաստանին. Էրդողանը ցանկանում է ժամանակակից բյուզանդացիներին եւս «թողնել պատմության մեջ»

Թուրքիան նորից սպառնում է Հունաստանին. Էրդողանը ցանկանում է ժամանակակից 
բյուզանդացիներին եւս «թողնել պատմության մեջ»

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում կրկին լարվածության սրացման միտումներ են նկատվում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն բավական սադրիչ ուղերձով հարցազրույց էր տվել «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ ցույց տալով քարտեզներ, որտեղ նշված են Էգեյան ծովի արեւելյան հատվածում 14 հունական կղզիների անուններ, որոնց համար Անկարան ցանկանում է վիճարկել Հունաստանի ինքնիշխանությունը: «Հիմա ապառազմականացրե՛ք կղզիները, այլապես մենք կբարձրացնենք դրանց ինքնիշխանության հարցը»,- ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե Հունաստանը խախտում է Լոզանի (1923 թ.) եւ Փարիզի (1947 թ.) պայմանագրերի դրույթները։ Ըստ «Keep talking greece»-ի՝ առաջին անգամը չէ, որ Թուրքիան բարձրացնում է այդ հարցը, սակայն առաջին անգամն է, որ Անկարան ներկայացնում է կղզիների քարտեզը։ Այսպիսով՝ Անկարան իր հավակնություններն է հայտնում Սամոթրակիա, Լեմնոս, Լեսբոս, Պսարա, Սամոս, Պատմոս, Իկարիա, Լերոս, Կոս, Տիլոս, Կարպատոս, Կաստելորիզո, Հռոդոս եւ Սիմի կղզիների մասով: Ի դեպ, անցած շաբաթ Հունաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում անդրադարձել է թուրքական անհիմն պնդումներին՝ կապված վերոհիշյալ պայմանագրերի համատեքստում արեւելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ հավակնություններին, ինչպես նաեւ կղզիների ապառազմականացմանը։

Չավուշօղլուն ավելի վաղ՝ Իսրայել կատարած այցից հետո էլ խիստ հայտարարություններ էր արել, նույնիսկ ուղղակի սպառնալիքներ հնչեցրել Հունաստանի նկատմամբ՝ զգուշացնելով, որ Էգեյան ծովի արեւելյան հատվածի կղզիների ապառազմականացման պահանջը մերժելու դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկեն. «Մենք բլեֆ չենք անում: Եթե Հունաստանը չենթարկվի, մենք առաջ կգնանք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած կիրակի Կոստանդնուպոլսի անկման 569-րդ տարեդարձի առթիվ կազմակերպած տոնակատարության ժամանակ խոսել էր մինչեւ 2053 թ. Թուրքիայի զարգացմանի տեսլականի՝ «հզոր եւ միացյալ Թուրքիայի» մասին. «Թուրքերը պետք է միասնական լինեն, եւ երկրի ազգային շահերը քաղաքականությունից ավելի կարեւոր են։ Ինչպես մեր նախնիները թաղել են Բյուզանդիան, այնպես էլ մենք հույս ունենք, որ ներկայումս, կառուցելով մինչեւ 2053 թ. մեր տեսլականը, մեզ նույնպես կհաջողվի պատմության մեջ թողնել եւ ժամանակակից բյուզանդացիներին, որոնք մեր դեմ դավեր են նյութում»: Այնուհետեւ Էրդողանը կես միլիոնանոց լսարանի առջեւ բացականչել է. «Մենք ասում ենք ոչ Էգեյան ծովին եւ Միջերկրական ծովին»։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԵՄ արտահերթ գագաթնաժողովից (մայիսի 30-31) հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դիմել է ԵՄ առաջնորդներին՝ քննարկելու Թուրքիայի սխալ գործողություններն ու սադրանքները հունիսին կայանալիք գագաթնաժողովում. «Մեր տարածաշրջանն ամենաքիչը կարիք ունի լարվածության նոր օջախի, եւ այդ պատճառով էլ մեր երկիրը հարեւանների մարտահրավերներին պատասխանում է ուժի հանգստությամբ եւ օրենքի հանդեպ վստահությամբ»: Ավելի վաղ Միցոտակիսն ԱՄՆ կատարած այցի ժամանակ քննադատել էր Թուրքիայի գործողությունները եւ կոչ արել ԱՄՆ Կոնգրեսին՝ թույլ չտալ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչների վաճառքը Անկարային։ Դրան ի պատասխան Էրդողանը հայտարարել էր, որ Միցոտակիսն «այլեւս գոյություն չունի» իր համար։

Այս զարգացումների համատեքստում Անկարան միակողմանիորեն որոշել է լքել Հունաստանի հետ տարաձայնությունները հարթելու այս ձեւաչափը։ Հիշեցնենք, որ երկու երկրների պաշտոնյաները հնգամյա դադարից հետո վերսկսել էին նախնական բանակցությունները 2021 թ.՝ նպատակ ունենալով հասնել պաշտոնական բանակցությունների մեկնարկին, սակայն փաստացի առաջընթաց գրեթե չի գրանցվել։

Թուրք պաշտոնյաների հայտարարություններին բավական կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դատապարտելով այն, որ կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Արեւելյան Միջերկրական ծովի մի շարք կղզիների նկատմամբ. այդ մասին գրել է Աթենքի «Katemirini» թերթը: Բրյուսելում Եվրախորհրդի նիստից հետո Մակրոնն ասել է, որ ցանկանում է «աջակցություն հայտնել Հունաստանին բոլոր եվրոպացիների եւ հատկապես Ֆրանսիայի կողմից»՝ հավելելով, որ «ոչ ոք չի կարող վտանգել ԵՄ անդամ որոշ երկրների ինքնիշխանությունը»։ Աթենքին աջակցող Ֆրանսիայի ղեկավարի հայտարարություններից ժամեր առաջ Չավուշօղլուն կրկնել է նախորդ շաբաթ արված մեկնաբանությունները, որ Անկարան պատրաստ է վիճարկել Արեւելյան Էգեյան ծովի հունական կղզիների ինքնիշխանությունը՝ դրանով իսկ ցույց տալով մինչեւ վերջ գնալու իր մտադրությունը։

Թուրքիան հասկանում է, որ ուկրաինական ճգնաժամի աշխարհագրորեն ընդլայնվելու դեպքում Արեւմուտքը եւ Հյուսիսատլանտյան դաշինքն էապես զգալու են Թուրքիայի եւ նրա զինված ուժերի կարիքը։ Այդ պայմաններում Անկարան փորձելու է վերցնել իր համար առավելագույնը։ Դրա վկայությունն է այն, որ ըստ որոշ աղբյուրների՝ Թուրքիան փորձելու է շահարկել նաեւ Կիպրոսի բռնազավթած տարածքի կարգավիճակի հարցը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը չխոչընդոտելու դիմաց։ Բրիտանական «Express» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան դիտարկում է ինքնահռչակ Կիպրոսի Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների մաս։ Էրսին Թաթարին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դիմել է Էրդողանին՝ խնդրելով, որ պաշտոնապես չճանաչված պետության կարգավիճակը քննարկվի ՆԱՏՕ-ի բանակցություններում. «Ինչո՞ւ չօգտագործել այն լծակները, որ կարող ենք օգտագործել այս իրավիճակում: Հունաստանը եւ Կիպրոսը օգտագործել են ԵՄ-ի նկատմամբ իրենց վետոյի իրավունքը՝ կասեցնելու ցանկացած առաջընթաց, եւ ժամանակն է շտկելու այս անարդարությունը»։ Այդպիսով՝ Թուրքիան փորձում է ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում դիվանագիտական ճգնաժամը դիտարկել որպես Կիպրոսի խնդրի հանգուցալուծման համար ճնշման միջոց:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]