Տնտեսություն

Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան. ՊԵԿ-ը դիմել է ԿԲ

2 րոպեի ընթերցում

Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան. ՊԵԿ-ը դիմել է ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան, ՊԵԿ-ից ԿԲ-ին հորդորել են կարգավորել ոլորտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ունեցել ենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոակտիվի ձեռքբերում և էլեկտրոնային դրամապանակի կամ այլ միջոցների վրա կրիպտոակտիվի բացում»,- ասաց Բադասյանը:

Ըստ նրա, սակայն, այդ գործողությունները որևէ արդյունք չեն ունեցել՝ նաև այն պատճառով, որ հստակ կարգավորված չէ, թե կրիպտոակտիվները, ի վերջո, ի՞նչ են և ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն, դրանցով գործարքներն ինչպե՞ս են իրականացվում: ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ աշխարհը գնացել է կարգավորման ճանապարհով:

«Եվ մենք Կենտրոնական բանկին բազմիցս խնդրել ենք, որ այդ ոլորտն անպայման կարգավորվի, որովհետև չկարգավորելով՝ մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ, աշխարհում դրա փորձն արդեն կա: Եվ կրիպտոակտիվների միջոցով թե´ հարկերից խուսափելու, թե´ փողերի լվացման դեպքեր, բնական է, որ կան, և բնական է, որ այդ հարցը շուտափույթ պետք է կարգավորել՝ այդ թվում հարկային վարչարարությունը կազմակերպելու համար»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում