Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

«Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը պարտադիր է ՀԱՊԿ-ի նման կազմակերպությունների համար. ՊՆ գնդապետ

«Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը պարտադիր է ՀԱՊԿ-ի նման 
կազմակերպությունների համար. ՊՆ գնդապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը պարտադիր է ՀԱՊԿ-ի պես կազմակերպությունների համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ ՊՆ Ռազմական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Երիցյանը՝ ընդգծելով, որ այն միասնականությունը, որը ցույց տվեցին ՀԱՊԿ-ի դաշնակից երկրները Ղազախստանում հունվարյան խաղաղապահ գործողության ժամանակ, պետք է դրսևորվի կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության հանդեպ:

Պաշտպանության նախարարության պաշտոնյան ողջունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին և շնորհավորեց բոլոր գործընկերներին մայիսյան հաղթանակների և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման (ՀԱՊԿ) տարեդարձերի կապակցությամբ:

«Վերջին տարիներին տեղի ունեցող միջազգային իրադարձությունները հաստատում են 1992 թ. մայիսի 15-ին Տաշքենդում ընդունված ռազմավարական որոշումների ճշմարտացիությունը», - ասաց զինվորականը:

Գնդապետ Երիցյանի խոսքով՝ ընթացիկ տարին Հայաստանի համար կարևոր է ոչ միայն ՀԱՊԿ հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, այլև այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունը այս տարի նախագահում է ՀԱՊԿ կառույցներում: Ընդ որում, Հայաստանի նախագահությունն անցնում է աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի ակտիվ վատթարացման պայմաններում:

«Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում լարվածությունը չի նվազում, և կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Դաշնակից պետությունների սահմանների ամբողջ պարագծով կոնֆլիկտային պոտենցիալ է կուտակվում: Վստահ եմ, որ մեր պետությունների առջև ծառացած բոլոր այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել միայն հավաքական ջանքերի միջոցով և ղեկավարվելով «մեկը բոլորի և բոլորը մեկի համար» անխախտ սկզբունքով: Կարծում եմ, որ տվյալ սկզբունքը պարտադիր է նմանատիպ կազմակերպությունների համար: Հենց այդ պատճառով Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից մեկը արտաքին քաղաքականության ոլորտում արտաքին քաղաքական համաձայնեցման (կոորդինացիայի) և փոխադարձ օգնության խորացումն է: Խոսքը ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ անհրաժեշտ սկզբունքների մշակման մասին է: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրելու համախմբվածության, վճռականության և միասնականության այն փաստը, որ ցույց տվեցին դաշնակից պետությունները Ղազախստանում հունվարյան խաղաղապահ գործողության ժամանակ: Համոզված եմ, որ նույնպիսի միասնականություն պետք է դրսևորվի կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության հանդեպ», - ընդգծեց գնդապետ Էդուարդ Երիցյանը:

Հայաստանը ստանձնել է նախագահությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ին մեկ տարի ժամկետով:

2022 թ. հունվարի 2-ից Ղազախստանի մի շարք բնակավայրերում գազի գների բարձրացման պատճառով սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Հունվարի 5-ին, երբ մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերն արդեն վերաճել էին անկարգությունների և զինված բախումների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով անհապաղ խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և արդեն հունվարի 6-ին տեղեկացրեց, որ Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա որոշում է կայացվել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: Նույն օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով թույլատրվում էր ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց մեջ ընդգրկված էր 100 հայ զինծառայողից բաղկացած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ավելի ուշ պայմանագրին են միացել նաև Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրը ուժի մեջ է մտել մասնակից պետություններում հաստատման ընթացակարգերն անցնելուց հետո՝ 1994 թ. ապրիլի 20-ին: Սակայն հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը դուրս են եկել պայմանագրից:

2002 թ. մայիսի 14-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (կրճատ՝ ՀԱՊԿ), որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման և ՀԱՊԿ-ի ստեղծման տարեդարձերի առիթով ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ այսօր՝ մայիսի 26-ին, կազմակերպել էր միջազգային մեծ գիտաժողով՝ «ՀԱՊԿ-ի ներկան և ապագան. Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և կազմակերպության ստեղծման 20-ամյակը» խորագրով: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ-ում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցիչները, ՀՀ Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ, նախկին զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ռուսաստանից:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]