Սփյուռք

Լիբանանի խորհրդարանական ընտրություններին հայկական քաղաքական ուժերը ևս առաջադրել են իրենց թեկնածուներին

2 րոպեի ընթերցում

Լիբանանի խորհրդարանական ընտրություններին հայկական քաղաքական ուժերը ևս առաջադրել են իրենց թեկնածուներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում մայիսի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին տեղի հայկական քաղաքական կուսակցությունները ևս մասնակցում են՝ իրենց թեկնածուներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Դաշնակցությունը ներկայացրել է 5 թեկնածու, Հնչակյան կուսակցությունը՝ 1 թեկնածու: Հայկական քաղաքական կուսակցություններից զատ կան նաև հայեր, որոնք անհատապես մասնակցում են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով: Կարծում եմ, որ ընտրության լայն հնարավորություն կա»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Շահան Գանտահարյանը նկատեց, որ բարդ, խճճված մոտեցում է, ինչը ժողովրդավարական առումով այդքան էլ ճիշտ չի ապահովում ժողովրդի ներկայությունը:

«Ընտրություններն անցկացվում են երկրի համար ծանր ֆինանսական, տնտեսական վիճակում: Սկզբնական շրջանում սպասումներն այնպիսին էին, որ քաղաքացիների մասնակցության տոկոսը բարձր չի լինելու: Թեպետ, ընտրական պայքարի թեժացմանը զուգահեռ նկատում ենք հասարակության շրջանում հետաքրքրության աճ: Կան դիտարկումներ, որ հնարավոր է, ամեն դեպքում, ակտիվ մասնակցություն լինի»,-ասաց Շահան Գանտահարյանը:

2022-ի մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրությունները սկսվում են տեղական ժամը 7:00-ին և ավարտվում է երեկոյան 19:00-ին:

Աննա Գզիրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում