Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լինելով ընտանիքի անդամ՝ էլ ավելի մեծ պատասխանատվություն է երգել Ազնավուրի երգերը. Քրիստինա Ազնավուր

Լինելով ընտանիքի անդամ՝ էլ ավելի մեծ պատասխանատվություն է երգել Ազնավուրի 
երգերը. Քրիստինա Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգի ընթացքում հանդիսատեսը բեմում կվայելի Շառլ Ազնավուրի կատարումները Քրիստինա Ազնավուրի, դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ մատուցմամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը նշեց, որ համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի հայտնի հիթերը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Համերգի հատուկ հյուրերն են երաժիշտներ Էրիկ Բերշոն և Դիդիե Գուազոն, ովքեր նվագակցել են Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերում։

Նա նշեց, որ կային մի խումբ դերակատարներ և մի քանի դրդապատճառներ, որոնց շնորհիվ այս նախագիծը իրականացրեցին: Առաջին տեղում է դաշնակահար Էրիկ Բերշոն, ով ավելի քան 20 տարի նվագակցել է Շառլ Ազնավուրին։ Բացի այն, որ նա շատ նվիրված էր Ազնավուրին և նրա ընտանիքին, նաև չափազանց տաղանդավոր դաշնակահար է՝ լավագույններից մեկն աշխարհում:

Քրիստինա Ազնավուրը պատմեց, որ առաջին անգամ, երբ Ազնավուրը տեսել է դաշնակահարին, նա դեռ փոքր երեխա է եղել: Ազնավուրին շատ է դուր եկել նրա կատարումը:

«Եվ ինչպես հայրիկն էր պատմում,  նա իր ձեռքը դրել է փոքրիկ Բերշոյի գլխին՝ ասելով,  որ մի օր նա մեծ դաշնակահար կդառնա: Հետագայում դաշնակահարը իմացել է, որ երբ հայերը ցանկանում են իրենց հաջողությունը կամ օրհնանքը փոխանցել որևէ մեկին, ձեռքը նրա գլխին են դնում: Նա սկսել է նվագել դաշնամուր և դարձել է լավագույն դաշնակահարներից մեկն աշխարհում: Հետո, երբ հայրիկն արդեն չկար, ամեն մեկը նրա կորստի ցավը, նրա նկատմամբ սերը տարբեր կերպ էր արտահայտում: Բերշոյի տարբերակն այն էր,  որ նա գրեց դաշնամուրային սյուիտ Ազնավուրի երգերի համար: Ես լսեցի այդ հիասքանչ ստեղծագործությունը, որի ավարտին ուզում ես արտասվել, որովհետև դու, կարծես, նրա կյանքի պատմությունը լսես այդ երգի միջոցով: Այդպես ծնվեց այս համերգի վերաբերյալ միտքը»,- ասաց նա։

Քրիստինան պատմեց, որ նախապատրաստական աշխատանքների ընթացքում  որոշել են փոխել համերգի նախնական կոնցեպտը, քանի որ ի սկզբանե նախատեսված չի եղել, որ ինքը պետք է երգի: «Երբ մենք մտածում էինք նախագծի մասին, անկեղծ ասած, ես չէի պատրաստվում երգել, բայց երբ Ազնավուրը դեռ ողջ էր, նա մեծ ցանկություն ուներ որոշ երգեր թարգմանել ռուսերեն և արաբերեն, բայց մենք այդպես էլ չհասցրինք կյանքի կոչել այդ նախագիծը։ Հայրիկը հեռացավ կյանքից, հետո սկսվեց համավարակը, հետո՝ 44- օրյա պատերազմը: Պատերազմի ընթացքում մենք կենտրոնացանք հումանիտար օգնություն հասցնելու վրա, կարողացանք 40 000-ից ավելի փախստականի օգնել։ Պատերազմը ինչպես բոլորին, ինձ նույնպես կոտրեց։ Եվ այդ դժվար, ծանր ժամանակներից դուրս գալու համար ինձ շատ օգնեց իմ ամուսինը, քանի որ ես տանը միշտ երգում էի, նա մի օր ինձ ասաց, որ ինչքան ժամանակ է դադարել եմ երգել: Նիկոլան ինձ անակնկալ մատուցեց՝ նվիրելով միկրոֆոն: Այդպես սկսվեցին իմ փորձերը՝ սկզբից տանը, հետո ստուդիայում։ Երգելու հանդեպ սերը դեռ մանկուց եմ ունեցել, բայց այդ երազանքս միշտ մնացել է անկատար։ Լինելով ընտանիքի անդամ՝ էլ ավելի մեծ պատասխանատվություն է երգել, այն էլ Ազնավուրի երգերը։ Եվ ես մտածեցի անել այն, ինչը ուրիշը չի արել դեռ: Մենք սկսեցին կյանքի կոչել «Ազնավուրը՝ ռուսերեն» մեր նախագիծը և շուրջ քսան երգ թարգմանեցինք։ Մայիսի 14-ի համերգի մի մասը կլինի ֆրանսիական, իսկ երկրորդ մասում՝ ինչպես ուզում էր հայրիկը, կխոսենք և կներկայացնեք մի քանի երգ ռուսերեն լեզվով»,-ասաց նա:

Նա նշեց, որ Շառլ Ազնավուրի հայտնի երգերը առաջին անգամ կհնչեն այս դասական մատուցմամբ և կտեղափոխեն հանդիսատեսին Փարիզ՝ Մոնմարտր, ապա կպատմեն գեղեցիկ սիրո պատմություն, կստիպեն զգալ սիրո շունչն ու դառը համը, կոգեշնչեն ու կպարուրեն ազնավուրյան տրամադրությամբ։

Հիմնադրամի տնօրենը շեշտեց, որ, իր կարծիքով, շատ կարևոր հանգամանք է, որ իրենք  սկսել ենք «Զինվորի տան» հետ համատեղ «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագիրը՝ օգնելու մեր տղաներին, ովքեր մասնակցել են պատերազմին և ունեն առողջական խնդիրներ: Ծրագրի շնորհիվ հիմնադրամը  ֆինանսավորում է բիզնես նախագծեր, որով առաջին հերթին կօգնեն, որ տղաները ոտքի կանգնեն, ունենան աշխատանք և ապահովեն իրենց ընտանիքներին:

«Մենք ոչ միայն ֆինանսավորել ենք, այլ նաև ուղղորդել և աջակցել ենք այդ երիտասարդներին առաջին տարում, քանի որ սկզբնական շրջանում դժվարություններ շատ են լինում: «Զինվորի տան» հետ մեր համատեղ ծրագիրը մեկ տարում լուրջ հաջողություններ է գրանցել»,- ասաց նա:

Նա հավելեց, որ համերգի բոլոր արտիստները  հրաժարվել են հոնորարից, և  «Aznavour Classique» համերգի ողջ հասույթը ուղղվելու է հենց այդ ծրագրին, որի նվիրատու ու ներդրող կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ գնելով համերգի տոմս:  

Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամի  ազդարարած նոր՝ համաշխարհային նախագծի մեկնարկը. «Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագիրը մեկնարկելու է Հայաստանում, այնուհետև շրջագայության է մեկնելու աշխարհի լավագույն համերգասրահներ։

Համերգը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am