Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Զարմացած եմ հայ ուսանողների ՏՏ հմտություններով. Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը այցելեց Ղուկասավանի ՏՏ մասնագիտական կենտրոն

Զարմացած եմ հայ ուսանողների ՏՏ հմտություններով. Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը 
այցելեց Ղուկասավանի ՏՏ մասնագիտական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղերը և ծագող արևի երկիրը՝ Ճապոնիան, աշխարհագրորեն իրարից շատ հեռու են: Նրանք գուցե համեմատելի չեն իրենց գյուղատնտեսական կամ տեխնոլոգիական զարգացման մակարդակով, բայց կա առնվազն մի բան, որը միավորում է երկու երկրները Հայաստանի քարտեզի հենց այս կետում: Այստեղ՝ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում, 2021 թ. սեպտեմբերին Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ բացված Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոնը հնարավորություն է տալիս տեղի եւ շրջակա գյուղերի շնորհաշատ աշակերտներին մասնագիտական գիտելիքներ ստանալ ծրագրավորման եւ թվային դիզայնի ոլորտներում եւ մտածել հետագայում սեփական գիտելիքներով իրենց հայրենի բնակավայրերը զարգացնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ճապոնիայից բարեկամական այցով Հայաստան ժամանած պատվիրակությունը այսօր՝ մայիսի 3-ին, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ պարոն Տարո Հոնդայի գլխավորությամբ այցելեց Ղուկասավանի ՏՏ մասնագիտական կենտրոն տեղի պայմաններին եւ աշակերտների ուսումնական հաջողություններին ծանոթանալու համար:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Հեռավոր երկրից ժամանած պատվավոր հյուրերին հայկական գյուղում հյուրընկալեցին, բնականաբար, հայկական լավագույն ավանդույթներով՝ աղ ու հացով, հայկական երգ ու պարով եւ ասմունքով: Ու մինչ տեղի դպրոցի տարրական դասարանների մանչուկներն իրենց ձեռքին Հայաստանի ու Ճապոնիայի փոքրիկ դրոշներն էին թափահարում, նրանցից ավելի ավագ աշակերտուհին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հանրահռչակ բանաստեղծությունն էր արտասանում: Հետո արդեն նրա դասընկերուհիները, հայկական տարազը հագած, իսկական պարով ցուցադրեցին ճապոնացի դիվանագետներին հայ հանճարեղ պոետի նկարագրած «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը»:

Հյուրերն անցան ներս՝ ծանոթանալու նախորդ տարի բացված կենտրոնի պայմաններին: Ղուկասավանի ՏՏ կենտրոնն ունի մի քանի լսարան՝ կահավորված Ճապոնիայի կառավարության կողմից նվիրաբերված կահույքով, համակարգիչներով, պրոյեկտորներով եւ այլ սարքավորումներով: Ճապոնական արտադրության նոութբուքերի վրա գրված էր՝ «Ճապոնացի ժողովրդի կողմից»:

ՏՏ կենտրոնի ուսանողներն էլ շտապեցին ցուցադրել ծրագրավորման եւ դիզայնի ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ձեռք բերած հմտությունները: Ընդ որում, 14-18 տարեկան ուսանողները խոսում էին վարժ անգլերենով՝ ցույց տալով HTML, JavaScript եւ այլ ծրագրերով ստեղծված կայքերը, անիմացիաները եւ այլն: Օրինակ, ուսանողներից մի քանիսը զրոյից ստեղծել էին «Ինսթագրամ» սոցկայքի սկզբնական էջ:

Ծանոթանալով հայ ուսանողների գիտելիքներին՝ Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոստովանեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներ սովորող ուսանողները զարմացրել են իրեն իրենց հմտություններով:

«Ես գիտեմ, որ Հայաստանը առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում կրթության և ՏՏ ոլորտի զարգացմանը, եւ ես այստեղ տեսա, թե ինչ միջավայրում են ուսում ստանում Երևանի արվարձանի երեխաները: Երեկ ես այցելել եմ նաև Երևանի «Թումո» տեխնոլոգիական կենտրոն եւ պետք է ասեմ, որ շատ զարմացա, որ ուսանողներն այստեղ շատ բարձր հմտություններ են սովորում ՏՏ կրթության ոլորտում: Հնարավոր է՝ դրանք ավելի բարձր հմտություններ են, քան ՏՏ կրթությունը Ճապոնիայում», - ասաց Տարո Հոնդան՝ հույս հայտնելով, որ առաջադեմ կենտրոններում սովորող հայ աշակերտներն ու ուսանողները ապագայում կնպաստեն պետականաշինության զարգացմանը Հայաստանում:

Պարոն Տարո Հոնդան իր համար մեծ պատիվ է համարում Հայաստանի զարգացմանը թեկուզ մի փոքր օգնելը:

Կենտրոնի ուսումնական գործընթացի կազմակերպիչներն էլ իրենց հերթին ասում են, որ երեխաները մեծ ոգևորությամբ են հաճախում ՏՏ կենտրոն և շատ լավ գիտելիքներ են մինչ այժմ ստացել: Այդ կապակցությամբ Ղուկասավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ահարոնյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանին և դեսպանատան ողջ անձնակազմին:

Ուշագրավ է, որ Ղուկասավանի ՏՏ կենտրոնում դասավանդող բոլոր մասնագետները աշխատում են կամավորական սկզբունքով եւ անվճար հիմունքներով, ընդ որում՝ այստեղ են գալիս Հայաստանի ՏՏ կենտրոնների լավագույն մասնագետները՝: Նրանք հիմնականում Երեւանից են:

«Մենք բոլորս այստեղ կամավորական սկզբունքով ենք աշխատում: Կենտրոնը գործում է անվճար, ուսուցիչները, մասնագետները գալիս են անվճար հիմունքներով, Հայաստանի ՏՏ կենտրոնների լավագույն մասնագետներն են աշխատում ուսանողների հետ: Մենք էլ մեր հերթին այցելում ենք այլ կենտրոններ, մասնավորապես՝ Երեւանի Թումո կենտրոն ենք այցելել, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ենք այցելել, փորձի փոխանակում ենք իրականացրել եւ շատ ուրախ ենք, որ ունենք այսպիսի արդյունք», - «Արմենպրես»-ին հայտնեց կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Խաչատրյանը:

Ղուկասավանի ՏՏ մասնագիտական կենտրոնի հիմնական գաղափարն այն է, որ մարզային գյուղերի աշակերտները այստեղ ստանան պահանջված մասնագիտություն, աշխատանքի անցնեն կամ նոր կենտրոններ ստեղծեն իրենց գյուղերում եւ չլքեն իրենց բնակավայրերը, բոլորը չձգտեն տեղափոխվել Երեւան կամ արտագաղթեն երկրից: Այս պահին ՏՏ կենտրոն է հաճախում 30 ուսանող Արարատի մարզի Ղուկասավան, Գետափ, Նորաբաց, Դարբնիկ, Արգավանդ եւ մի քանի այլ գյուղերից:

Լավ լուրն այն է, որ նրանցից վեցն արդեն աշխատանքի առաջարկ են ստացել եւ գործի են անցնելու ս. թ. հունիսի 1-ից: Նրանցից մեկը բացառիկ աշխատասիրությամբ, ջանասիրությամբ եւ ուսման ու զարգացման մեծ ձգտումով աչքի ընկնող Թամարա Մկրտչյանն է: Արգավանդի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում սովորող 18-ամյա աշակերտուհին համոզված է, որ իրենց կենտրոնը մեծ առաքելություն ունի, եւ ինքը շատ է ուզում մասնակիցը լինել այդ առաքելությանը՝ յուրացնելով, իր խոսքերով, «դարի լավագույն մասնագիտությունը»:

«Աշակերտները կենտրոնում սովորում են անվճար, սակայն անվճար սովորելով՝ պետք է իրենց գիտելիքները փոխանցեն նաև հաջորդ սերնդին: Եւ այդպես շղթայաբար, օրինաչափորեն գիտելիքը փոխանցվում է, բոլորը սովորում են դարի լավագույն մասնագիտությունը եւ փորձում են զարգացնել հայկական գյուղերը», - բացատրեց կենտրոնի ուսանողը:

Ղուկասավանի ՏՏ մասնագիտական կիտրոնի կառուցումն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ Մարդկային Անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում: Կենտրոնի բացման արարողությունը տեղի էր ունեցել 2021 թ. սեպտեմբերի 16-ին: Ծրագրի նպատակն է Ղուկասավան գյուղի եւ շրջակա համայնքների՝ աղքատության եւ գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում բնակվող շուրջ 3000 երիտասարդների համար ապահովել մասնագիտական ուսուցում՝ գյուղում ստեղծելով ՏՏ ուղղվածության մասնագիտական կենտրոն: Ճապոնիայի կառավարությունը աջակցել է շենքի կառուցման եւ այն ՏՏ սարքավորումներով վերազինելու գործում: Ծրագիրը իրականացվել է «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հետ համատեղ:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]