Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վրաստանի հետ համագործակցությունը մաքսիմալ արդյունավետ դարձնելու հարցում տարընթերցումներ չկան. Փաշինյան

Վրաստանի հետ համագործակցությունը մաքսիմալ արդյունավետ դարձնելու հարցում 
տարընթերցումներ չկան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին քաղաքականության ոլորտում տարբեր վեկտորներ ունենալու, ինտեգրացիոն տարբեր համակարգեր ընտրելու հանգամանքի ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ հարցին:

Պատգամավորը կարևորեց հայ-վրացական հարաբերությունները երեք ասպեկտով՝ տարանցումը գլխավորապես Վրաստանի տարածքով է, Վրաստանում մեծ հայկական ազգաբնակչություն կա, տարածաշրջանային անվտանգության առումով փոխադարձ շահեր ունեն:

Փաշինյանն ընդգծեց՝ դժվար է գերագնահատել երկրների միջև հարաբերությունների հարցը: «Բայց նաև պետք է արձանագրել, որ այդ հարաբերությունների վրա նաև հարակից գործոնները որոշակի ազդեցություն բերում են: Եվ այդ ազդեցությունը ոչ թե բարոյահոգեբանական է, այլ՝ ավելի շատ կառուցակարգային: Նաև արտաքին քաղաքականության ոլորտում  տարբեր վեկտորներ ունենալու հանգամանքը, ինտեգրացիոն տարբեր համակարգեր ընտրելու հանգամանքը որոշակի ազդեցություն ունենում է: Բայց պետք է գոհունակություն հայտնել այն փաստի առումով, որ փաստացի այդ ազդեցությունը մեր հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ պետք է փորձել աշխատել, որ նույնիսկ այդ նվազագույն ազդեցությունը չնկատվի երկու երկրների տնտեսական հարաբերություններում, մանավանդ, որ գործում է ազատ առևտրի համաձայնագիր: «Նաև տարանցման հետ կապված հարցեր կան, որոնք պարզապես անհաղթահարելի են: Երբ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսը փակվում է, ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի կառավարությունը ինչ-որ իրավիճակներում ոչինչ անել չի կարողանում: Հիմա մենք լաստանավի գործարկման որոշում ենք կայացրել, և դեռ պետք է տեսնենք՝ կաշխատի՞, թե՞ ոչ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Վրաստանի հետ միջպետական հարաբերությունների խնդիրը տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր ոլորտներում համագործակցությունը մաքսիմալ արդյունավետ դարձնելն է: Վրաստանի  հայրենակիցների գործոնը շատ էական է այս հարաբերություններում: «Եվ մենք հետևողական ենք այդ հարցերում: Եվ ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը և մեր կառավարությունը այս հարցերում տարընթերցումներ չունեն: Մնում է կոնկրետ նախագծերը, կոնկրետ գործերն իրականացնել արդյունավետ և փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում»,-ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am