Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Նոր գիրք»-8/22. Դաշտենց, Ալան Պո, Գրիգորյան, Բոբոխյան

«Նոր գիրք»-8/22.  Դաշտենց, Ալան Պո, Գրիգորյան, Բոբոխյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը»

 «Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն
Էդգար Ալան Պո, «Անուրջներ ու մղձավանջներ»

Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:

Անգլերենից թարգմանել և ծանոթագրել է Արտաշես Էմինը։ Բանաստեղծությունների թարգմանությունը՝ Գևորգ Էմինի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան, «Օպերացիա «Զոդ»»

 

Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունը ցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմությունունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։ «Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումների պատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։ Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութային նշանակությունը՝ հեղինակներն իրականացրել են միջգիտակարգային հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլեւ հնագիտական ու բանագիտական տվյալներ։ Նրանք հատուկ այս գրքի համար հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքելեն ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները եւ այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։ Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր։ Այդ պատճառով գիրքը նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ քաղաքականությամբ, պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար: Գիրքը լույս է  ընծայել Newmag-ը։

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am