Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց համար 20 կարևոր նշանակության շենք ամբողջությամբ կդառնա մատչելի

Հաշմանդամություն ունեցող անձանց համար 20 կարևոր նշանակության շենք 
ամբողջությամբ կդառնա մատչելի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 20 կարևոր նշանակության շենք ամբողջությամբ կդառնա մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը նշեց, որ ընտրվել են այն շենքերը, որոնք հանրության համար կարևոր նշանակություն ունեն և այցելուներ շատ են լինում: Մասնավորապես, Երևանի մետրոպոլիտենի կայարանները, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Մատենադարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիրի շենքերը, երկաթուղային կայարաններ, գերատեսչական տարբեր շենքեր և այլն:  

«Խոսքը մեկ կամ երկու խնդրի մասին չէ: Նախատեսվում է համալիր մոտեցում ամբողջ շենքում: Ծրագիրը ենթադրում է և՛ թեքահարթակներ, և՛ վերելակներ, և՛ համապատասխան պայմաններով սանհանգույցներ: Լսողական, տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ ապահովելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվելու»,-ասաց Ռուզան Ադամյանը:

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը նկատեց, որ նշված բոլոր շենքերը կառուցվել են դեռ խորհրդային տարիներին: Դրանցից շատերում ի սկզբանե չեն եղել համապատասխան պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով մի շարք շենքեր հիմնանորոգվել ու վերանորոգվել են: Այդ աշխատանքներում հաշվի է առնվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, սակայն համալիր մոտեցում չի եղել: Հիմա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ծրագրով խնդրին համալիր մոտեցում է տրվելու:

«Յուրաքանչյուր շենքին առանձին մոտեցում է տրվելու: Շատ պատասխանատու, կարևոր աշխատանք է սպասվում: Մենք գործ ենք ունենալու արդեն գոյություն ունեցող շենք-շինությունների հետ, և դրանցում փոփոխություններ կատարելը կուղղորդվի որոշակի դժվարություններով: Այդ շենքերը հուշարձանային համալիրներ են»,-ասաց Ռուզան Ադամյան:

Առաջիկայում սպասվում են ծրագրի հետ կապված քննարկումներ, առաջարկների ընդունում, նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստում: Գործնականում շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականին:

Սա պիլոտային ծրագիր է: Այն մայրաքաղաքում հաջողությամբ իրականացնելուց հետո ընդգրկվելու են կարևոր նշանակության քաղաքաշինական օբյեկտներ նաև Հայաստանի մյուս քաղաքներից, համայնքներից:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]