Տնտեսություն

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն անդրադարձավ ռուսական ռուբլու տատանման ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա

4 րոպեի ընթերցում

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն անդրադարձավ ռուսական ռուբլու տատանման ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Լևոն Սահակյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու տատանման հնարավոր ազդեցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահակյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի հարցին:

Բագրատյանը նշեց, որ ազգային արժույթի տատանումը խնդիր է առաջացնում Հայաստանի համար, խոսեց նախորդ տարի ՀՀ մտած արտարժույթի մասին՝ նշելով, որ ֆինանսական բալանսը առկա է: Նա հետաքրքրվեց, թե աշխարհաքաղաքական նոր իրողություններում, երբ ֆինանսական բոլոր ինստիտուտները տատանման մեջ են, ինչպիսի միջոցառումներ է կարելի է տնտեսության մեջ ստեղծված ֆինանսական բալանսը պահպանել, քանի որ հնարավոր է ռուսական ռուբլու ինտերվենցիա Հայաստան՝ գործարարների և առանձին տրանսֆերտների ձևով:

Թեկնածուն հիշեցրեց աշխարհում գործող երկու քաղաքականության մասին, երբ ազգային բանկերը հակված են դեպի ազգային արժույթը որոշակի մակարդակի վրա ֆիքսելուն և, երբ ազգային բանկը հակված է գնալու դեպի լողացող փոխարժեքի քաղաքականության: Հայաստանում գործում է երկրորդ տարբերակը: Նա կարծում է, որ արտարժույթը ֆիքսելը, այդ քաղաքականությամբ շարժվելը ՀՀ-ի համար այդքան էլ բարենպաստ հետևանքներ չի թողնի: Անդրադառնալով նրան, թե ՌԴ-ում և այլ բորսաներում ռուսական ընկերությունների բաժնային գործիքների խիստ տատանողականությունն ինչպես կարող է անդրադառնալ ՀՀ-ի վրա, Ռուսաստանց եկող փոխանցումների վերաբերյալ հարցին՝ Սահակյանն ասաց. «Երբեմն անգամ որևէ պաշտոնական հայտարարության սպասումը կարող է ազդել դրա վրա: Այդ պարագայում այս տատանողականության բարձր մակարդակում շատ դժվար է տարանջատել այն մակարդակներում, որ ինդեքսները կամ արժեթղթերը ձևավորվում են, արդա՞ր արժեքն է, թե՞ շուկայի տրամադրություններն է արտահայտում»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա անդրադարձին՝ նա ասաց, որ առաջին ազդակը լինելու է երկու կոմպոնենտ՝ ռուբլու փոխարժեքը և ՌԴ տնտեսությունում գնաճի մակարդակը: «Եթե իրենց մոտ գները պահպանվեն նույն մակարդակում կամ անգամ աճեն, բայց ավելի նվազ չափով, քան արժույթի արժեզրկումը, ուրիշ հետևանք է ունենալու, եթե պատկերը փոխվի, ուրիշ հետևանք է ունենալու: Եթե մենք դիտարկենք որպես երկիր, որն արտահանում է դեպի ՌԴ, արտահանողների համար կարճաժամկետ շրջանում որոշակի դժվարություններ գուցե առաջացնի, որովհետև ենթադրվում է այլ հավասար պայմաններում արտահանվող ապրանքի արժեքը՝ ռուբլիով արտահայտված կլինի ավելի բարձր: Իսկ, եթե այդ գործոնի հետ զուգահեռ նաև ռուսական շուկան բարձրանա, գուցե դա չեզոքանա»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ հիմա գործոնները այնքան շատ են, տատանողականությունն այնքան մեծ է, որ պրոֆեսիոնալ մակարդակում մեկ սցենար դիտարկելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել:

Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչ ֆինանսական «պատվաստումներ» պետք է արվեն՝ ֆինանսական շուկայի կայունությունը հնարավորինս ապահովելու համար: Սահակյանն արձագանքեց, որ ՀՀ-ի ֆինանսական համակարգի համար դա նորություն չէ: «Մենք արդեն իսկ նախապատրաստված ենք «պատվաստումների»: Դրա մասին խոսում են ցուցանիշները, համակարգը կայուն է»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում